Սեմիբոյարշչինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սեմիբոյարշչինա, 1610—1613 թթ. ռուսական պետության` յոթ բոյարներից կազմված կառավարություն

1610 թվականի հունիսի 24-ին Կլուշինոյի մերձակայքում Ռեչ Պոսպոլիտայի զորքերից Վասիլի Շույսկու և Վիբորգյան դաշնագրի համաձայն նրան օգնելու եկած շվեդական զորքերի կրած պարտությունը վերջնականապես ջախջախեց «բոյարական ցարի» առանց այդ էլ երերուն հեղինակությունը: Հաղթանակած լեհերը քանի դեռ չէին շտապում գրավել Մոսկվան, բոյարական դուման Սիգիզմունդ Երրորդ թագավորի որդուն` Վլադիսլավ Չորրորդին ընտրեց ցար, պայմանով, որ վերջինս հրաժարվի կաթոլիկությունից և ընդունի ուղղափառ քրիստոնեական դավանանքը: Սական Վլադիսլավը դավանափոխ չեղավ և չեկավ թագադրվելու;

Ռուսաստանի դրությունը ժամանակավոր կառավարություն ընտրելու նախօրեին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնպես էր ստացվել, որ Ռուսաստանը ծանր իրադրության մեջ էր հայտնվել միաժամանակ մի քանի դրվագներով.

  • 1607 թվականից ի վեր շարունակվում էր Կեղծ Դմիտրի Երկրորդի ապստամբությունը.
  • 1609 թվականից ռուսները պատերազմի մեջ էին Ռեչ Պոսպոլիտայի դեմ այն պատճառով, որ դեռևս ընթացող շվեդա-լեհական պատերազմի ժամանակ շվեդական զորքերին հրավիրել էին ռուսական տարածք.

Իսկ մինչ այդ Ռուսաստանը ստիպված էր եղել հաղթահարելու Իվան Բոլոտնիկովի ապստամբությունը (1606—1607 թվականներին) և նողայցիների արշավանքները (1607—1608 թվականներին):

Ժամանակավոր կառավարություն կազմելու պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միմյանց հաջորդած հետևյալ իրադարձությունները հանգեցրեցին «Սեմիբոյարշչինայի» առաջացմանը.

  • 1610 թվականի փետրվար — տուշինյան ընդդիմադիրների մի մասը, պատրիարք Ֆիլարետի գլխավորությամբ, Սմոլենսկի մերձակայքում բանակցություններ սկսեց լեհ թագավոր Սիգիզմունդ Երրորդի հետ` արքայազն Վլադիսլավ Չորրորդին որպես արքա Ռուսաստան հրավիրելու մասին, պայմանով, որ վերջինս ուղղափառություն ընդունի և համաձայնի, որ հետագայում իր որոշ իրավունքներ սահմանափակվեն հօգուտ բոյարական դումայի և Զեմսկի սոբորի.
  • 1610 թվականի մայիս — ռուս քսաներեքամյա ազդեցիկ զորահրամանատար Միխայիլ Սկոպին-Շույսկին Մոսկվայում խնջույքի ժամանակ մահացավ, և դա հանգեցրեց հակաշույսկիական տրամադրությունների ուժգնացմանը.
  • 1610 թվականի հունիս — ռուսական ցարի զորքերի մի մասն ու դաշնակից շվեդական զորքը Կլուշինո գյուղի մերձակայքում պարտություն կրեցին լեհական զորքերից, իսկ ռուսական զորքերի մյուս մասի վոևոդա Գրիգորի Վալուևն էլ համաձայնեց պաշտպանել արքայազն Վլադիսլավի թեկնածությունը որպես ռուսական գահի տիրակալի:

Այսպիսով` Մոսկվա տանող ճանապարհը լեհերի առջև բաց էր: Բայց մյուս կողմից էլ Կալուգայից արագ թափով Մոսկվա էր շարժվում Կեղծ Դմիտրի Երկրորդը:

Վասիլի Շույսկու բռնի հերատումը` նրան վանք մտցնելու նպատակով

Մոսկովյան ապստամբությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 17-ին (նոր տոմարով` 27-ին) Շույսկու անհաջողություններից դժգոհ ժողովուրդը սկսեց հավաքվել ցարական պալատի պատուհանների տակ` գոչելով. «Էլ մեր ցարը չե'ս դու»: Վոևոդա Զախարիյ Լյապունովը հավաքեց իր մարդկանց ու պաշտպանեց ապստամբների պահանջները: Դավադիրները, ամբոխվելով Սերպուխովյան դարպասի մերձակա հրապարակում, իրենց հռչակեցին բարձրագույն ղեկավար մարմին` Զեմսկի սոբոր, գահընկեց արեցին Վասիլի Շույսկուն և բռնի ուժով պարտադրեցին դառնալու Կրեմլի Չուդով վանքի վանական (հետագայում նա տարվեց Լեհաստան, նետվեց Գոստինինի բանտը, որտեղ էլ 1612 թվականին մահացավ[1] ):

Համաձայնության փնտրտուք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյարական դուման, ջանալով սանձել ժողովրդական ապստամբությունը, օրինականացրեց այն և փորձեց կանխել հասարակության ստորին զանգվածների միավորումը Մոսկվայի պարիսպներին մոտեցած «գողերի»` Կեղծ Դմիտրիի ու նրա աջակիցների հետ: Բոյարները, Ֆյոդոր Մստիսլավսկու գլխավորությամբ, կազմավորեցին ժամանակավոր կառավարություն, որն ստացավ «Սեմիբոյարշչինա» անվանումը: Այդ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը նոր ցարի ընտրության նախապատրաստությունն էր: Բոյարական տարբեր կլանների բախումներից խուսափելու նպատակով որոշվեց ռուսական որևէ տոհմից թագավոր չընտրել[2]:

Նոր կառավարության իշխանությունը փաստացի չէր տարածվում Մոսկվայի սահմաններից դուրս. մայրաքաղաքից արևմուտք կանգնած էր Ռեչ Պոսպոլիտայի զորքը` հետման Ստանիսլավ Ժոլկևսկու հրամանատարությամբ, իսկ հարավ-արևելքում` Կոլոմենսկոյեում` Կալուգայից վերադարձած Կեղծ Դմիտրի Երկրորդն էր` իր բազմամբոխ հետևորդներով, որոնց միացել էր լիտվացիների ջոկատը` Յան Սապեգայի հրամանատարությամբ: Բոյարներն առանձնապես վախենում էին Կեղծ Դմիտրիից, որը բազմաթիվ աջակիցներ ուներ մոսկովյան բնակչության հասարակ խավի միջավայրում և շատ ավելի մեծ ժողովրդականություն էր վայելում, քան իրենք: Եվ նրանք որոշեցին պայմանավորվել Ժոլկևսկու հետ:

1610 թվականի օգոստոսի 17-ին (նոր տոմարով` 27-ին) նրանք լեհ հետմանի հետ կնքեցին մի դաշնագիր, որի համաձայն ռուսաց թագավոր էր դառնում Սիգիզմունդ Երրորդի որդի Վլադիսլավ Վազան[3]: Ռուսաստանը, ըստ այդ դաշնագրի, չէր մտնելու Ռեչ Պոսպոլիտայի կազմի մեջ, բոյարները պահպանելու էին իրենց ինքնուրույնությունը, Ռուսատանի սահմաններում երաշխավորվելու էր ուղղափառության պաշտոնական կարգավիճակը: Ռուսական կողմի կարծիքով` դաշնագիրը միաժամանակ հնարավորություն էր ընձեռելու Մոսկվայից հեռացնելու «տուշինյան սպառնալիքը», մանավանդ, որ Սապեգան խոստացել էր հավատարմության երդում տալու արքա ընտրված Վլադիսլավին:

Ինքնակոչ Դմիտրիից զգուշանալով` բոյարներն ավելի հեռու գնացին և սեպտեմբերի 21-ին ( նոր տոմարով`հոկտեմբերի 1-ին) Ժոլկևսկու ջոկատը գաղտնի ներս թողեցին Կրեմլ (հետագայում Կրեմլի կայազորի հրամանատարի պաշտոնում Ժոլկևսկուն փոխարինեց Ալեքսանդր Գոնսևսկին)[4]: Այդ պահից սկսած` «Սեմիբոյարշչինայի» ներկայացուցիչները փաստորեն վերածվեցին լեհական ջոկատի պատանդների:

Բոյարների դավադիր յոթնյակը հետևյալ կազմն ուներ. Ֆյոդոր Մստիսլավսկի (խմբի ղեկավար), Իվան Բորոտինսկի, Անդրեյ Տրուբեցկոյ, Անդրեյ Գոլիցին, Բորիս Լիկով-Օբոլենսկի, Իվան Ռոմանով, Ֆյոդոր Շերեմետև: Ուսումնասիրողներից ոմանք գտնում են, որ «Սեմիբոյարշչինայի» իշխանությունը տևել է ընդամենը մի քանի ամիս` 1610 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր, այսինքն` մինչև լեհական ջոկատի մուտք գործելը Կրեմլ, իսկ այլ հետազոտողների կարծիքով ձգվել է մինչև 1613 թվականին լեհերի արտաքսումը Մինինի ու Պոժարսկու գլխավորած ժողովրդական շարժման պայքարի արդյունքում: Եթե նույնիսկ ընդունելի համարվի վերջին տեսակետը, աներկբայելի է, որ 1610 թվականի սեպտեմբերից հետո յոթ բոյարների իշխանությունը զուտ ձևական բնույթ է կրել:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert O. Crummey, The Formation of Muscovy 1304–1613 (New York and London: Longman, 1987), pp. 224–5.
  2. Правительство «Семибоярщины» ночью тайно впустило в Москву польские войска
  3. Семибоярщина как символ измены
  4. По Орлову А. С. «История России».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 280 CC-BY-SA-icon-80x15.png