Սավաննա/Հիլթոն Հեդ միջազգային օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սավաննա/Հիլթոն Հիդ միջազգային օդանավակայան
Savannah/Hilton Head International Airport

IATA: SAV – ԻԿԱՕ: noneFAA: SAV
Ամփոփում
Օդակայանի տեսակ հանրային
Ծառայում է Սավաննա և Հիլթոն Հեդ
Բարձրացում ԲԾՄ 30 ոտնաչափ ֆտ / 15 մ մ
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
10/28 9,351 բետոն
1/19 7,002 բետոն
Վիճակագրություն (2023)
ուղևորներ 3,897,532
թռիչքներ 111,948
ինքնաթիռներ 150

Սավաննա/Հիլթոն Հեդ միջազգային օդանավակայան (անգլ.՝ Savannah/Hilton Head International Airport[1] (IATASAV[2], ICAOKSAV, FAA LIDSAV)), առևտրային և ռազմական նշանակության օդանավակայան Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջիա նայանգի Սավաննա քաղաքում։ Օդանավակայանը ճանապարհորդներին հնարավորություն է տալիս այցելել Սավաննա և Հիլթոն Հեդ կղզի, Հարավային Կարոլինա, ինչպես նաև հարևան տարածքներ, ներառյալ Բլաֆթոն, Բոֆորտ և ափամերձ Ջորջիայի Ոսկե կղզիներ։

Սավաննա/Հիլթոն Հեդ միջազգային օդանավակայանը պատկանում է Սավաննա քաղաքին և կառավարվում է Սավաննայի օդանավակայանի հանձնաժողովի կողմից, այն գտնվում է 13 կմ հյուսիս-արևմուտք Սավաննա պատմական թաղամասից։ Օդանավակայանի ուղևորային տերմինալը ուղղակիորեն հասանելի է Սավաննա և արվարձանային Պուլեր քաղաքների միջև միջպետական 95 համարի ճանապարհից։ Նրա նախկին անվանումներն են Սավաննայի միջազգային օդանավակայանը, Թրևիս Ֆիլդ և Չաթեմ Ֆիլդ։

Օդանավակայանը ներառվել է 2011-2015 թվականների Օդանավակայանների Ինտեգրված համակարգերի ազգային պլանում, որը դասակարգել է այն որպես առաջնային առևտրային սպասարկման օդանավակայան, քանի որ տարեկան սպասարկել է ավելի քան 10․000 ուղևորի[3]։ ԱՄՆ մաքսային կառույցները գործում են դաշտում, իսկ օդանավակայանը Միացյալ Նահանգների արտաքին առևտրային գոտու մի մասն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավաննայի առաջին քաղաքային օդանավակայանը բացվել է 1929 թվականի սեպտեմբերի 20-ին Նյու Յորքի և Մայամիի միջև օդային հաղորդակցության բացման ժամանակ Eastern Air Express-ով։ 1932 թվականին քաղաքը որոշել է օդանավակայանանվանել Հանթեր Ֆիլդ։ 1930-ականների կեսերին Հանթեր Ֆիլդում որպես առաջին տերմինալ օգտագործվել է տրոլեյբուս։ 1940 թվականին ԱՄՆ բանակի օդային կորպուսը առաջարկել է ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել Հանթեր Ֆիլդը։ Մինչ առևտրային ավիաընկերությունները շարունակել են օգտագործել Հանթեր Ֆիլդը, քաղաքը որոշել է կառուցել երկրորդ քաղաքային օդանավակայանը[4]։

Սավաննա քաղաքը ձեռք է բերել 600 ակր տարածք Չերոկի բլրի մոտ, որը շրջանի ամենաբարձր կետերից մեկն էր, և սկսել է նոր օդանավակայանի կառուցումը։ Կառուցվել են երեք 3600 ոտնաչափ թռիչքուղիներ, որոնք անցնում են հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք և հյուսիս-արևելք-հարավ-արևմուտք։ 1942 թվականին, մինչ այս նոր օդանավակայանի ավարտը, ԱՄՆ բանակի օդային կորպուսը որոշել է ստանձնել նոր օբյեկտը և սկսել լրացուցիչ շինարարություն՝ իր առաքելությունն իրականացնելու համար։ Այն անվանել է օդանավակայանը Չաթեմ Ֆիլդ և օգտագործել այն մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը որպես ռմբակոծիչների և անձնակազմի վերապատրաստման բազա՝ B-24 ռմբակոծիչների, ինչպես նաև կործանիչների համար[4]։

1948 թվականին Չաթեմի ռազմական օդանավակայանը հանձնվել է Ջորջիայի օդային ազգային գվարդիային, և օդանավակայանը վերանվանվել է Թրևիս Ֆիլդ՝ ի պատիվ Սավանայի բնիկ բրիգադային գեներալ Ռոբերտ Ֆ. Թրևիսի, որը զոհվել էր B-29 ռմբակոծիչի վթարի հետևանքով[4]։

1958 թվականին սկսվել են նոր տերմինալի կառուցման աշխատանքները։ 1962 թվականին լրացուցիչ ընդլայնումը արևելք-արևմուտք թռիչքուղու երկարությունը հասցրել է 2700 մետրի։ 1994 թվականին օդանավակայանի հյուսիս-արևմտյան անկյունում կառուցվել է 21 միլիոն դոլար արժողությամբ նոր տերմինալի շենք։ 1960 թվականին կառուցված վեց մուտքերով տերմինալը փոխարինվել է 1994 թվականին ներկայիս հաստատությամբ։ Չնայած օդանավակայանն այն ժամանակ ուղիղ միջազգային չվերթներ չի ընդունել, 1983 թվականին այն վերանվանվել է Սավաննա միջազգային օդանավակայան, իսկ 2003 թվականին ՝ Սավաննա/Հիլթոն Հեդ միջազգային օդանավակայան։

Թիվ 10 թռիչքուղու արևմտյան հատվածում գտնվում են երկու բետոնե գերեզմանաքարեր։ Թռիչքուղին երկարացման նախագծով հատել է մի ընտանեկան հողամաս և օդանավակայանի գույքի երկու նախնական սեփականատերերի գերեզմաններ։ Դաշնային օրենքը հիմնականում արգելում է գերեզման տեղափոխել առանց մերձավորների թույլտվության։ Այս դեպքում թռիչքուղու կառուցման ժամանակ հայտնաբերվել են Դոթսոնների ընտանիքի երկու գերեզմաններ՝ ամենավաղ գերեզմանը թվագրված էր 1857 թվականով։ Քանի որ մերձավորներին չի հաջողվել գտնել, ապա գերեզմանները չեն տեղափոխել, դրանք մնացել են ասֆալտապատ թռիչքուղու վրա և դրա մակարդակին են։ Ենթադրվում է, որ 10-րդ թռիչքուղին Միացյալ Նահանգների միակ թռիչքուղին է, որտեղ գերեզմանաքարեր կան։ Երկու այլ գերեզմաններ գտնվում են թռիչքուղու մակերեսից դուրս[5]։

Նոր տերմինալը բացվել է 1994 թվականի մայիսին ութ մուտքով (մինչև 19 մուտք դարձնելու հնարավորությամբ)։ Ծրագիրը ներառում էր նոր ճանապարհներ, օդանավերի նոր երթուղի և կայանատեղի, անձրևաջրերի հեռացում, կանաչապատում և նոր հանգույց I-95-ում՝ օդանավակայան մուտք գործելու համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 68,5 մլն դոլար։ Այն ավարտվել է նախատեսված ժամկետից մեկ ամիս շուտ և բյուջեի սահմանում։ Այն նախագծել է KBJ Architects ընկերությունը[6]։

Տերմինալի ընդլայնման նախագիծն ավարտվեց 2007 թվականի հուլիսին՝ ավելացնելով հինգ մեկնման մուտքեր[7]։ Նույն տարվա հոկտեմբերին ավարտվել է 35 միլիոն դոլար արժողությամբ կայանատեղիի կառուցումը, ավելացնելով 1700 կայանատեղի։ Այն օգտագործում է էլեկտրոնային ծրագիր՝ վարորդներին զգուշացնելու յուրաքանչյուր կանգառում առկա տեղերի քանակի մասին[7]։

Միջազգային հաղորդակցությունը վերսկսվել է 2017 թվականին, երբ Air Canada-ն սկսել է սեզոնային թռիչքները Տորոնտոյի և Սավաննայի միջև[8]։

Երկրորդ տարին անընդմեջ օդանավակայանն իր ընթերցողների կողմից անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է #1 Լավագույն ներքին օդանավակայան Travel+Leisure World's Best Awards 2022-ում։ Օդանավակայանի մատչելիությունը, գնումները, գրանցումները, անվտանգությունը, ռեստորանները, մաքրությունը և այլ գործոններ նպաստել են օդանավակայանի ԱՄՆ-ի լավագույն վարկանիշը ստանալուն[9]։ Condé Nast Traveler ամսագիրը նաև իր ընթերցողների կողմից երրորդ տարին անընդմեջ ընտրել է Սավաննա/Հիլթոն Հեդ միջազգային օդանավակայանը ԱՄՆ-ի թիվ 1 օդանավակայան[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Savannah / Hilton Head International Airport, official website
  2. «IATA Airport code Search (SAV: Savannah / Hilton Head)». International Air Transport Association. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. «2011–2015 NPIAS Report, Appendix A» (PDF, 2.03 MB). National Plan of Integrated Airport Systems. Federal Aviation Administration. 2010 թ․ հոկտեմբերի 4.
  4. 4,0 4,1 4,2 «History». Savannah/Hilton Head International Airport (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  5. Werner, Ben (2001 թ․ օգոստոսի 28). «At Peace With the Jets». Savannah Morning News. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 4-ին.
  6. «Aviation». KBJ Architects, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին.
  7. 7,0 7,1 "Savannah/Hilton Head Airport expands, updates," Արխիվացված 2008-02-29 Wayback Machine Delta Sky Magazine, December 2007.
  8. «Air Canada Announces New Service to Savannah/Hilton Head International». Savannah/Hilton Head International Airport (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  9. «Savannah/Hilton Head International Airport named #1 Best Domestic Airport by Travel and Leisure magazine». connectsavannah.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
  10. «Savannah/Hilton Head International Airport earns top honors by Condé Nast Traveler as the US #1 ranked airport». griceconnect.com. 2022 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավաննա/Հիլթոն Հեդ միջազգային օդանավակայան» հոդվածին։