Սամվել Խաչատրյան (ազատամարտիկ, 1962)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը 1962 թ. ծնված հայ ազատամարտիկի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սամվել Խաչատրյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Խաչատրյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1962(1962-04-29)
Մահացել էնոյեմբերի 7, 1991(1991-11-07) (29 տարեկան)
 Samvel Khachatryan Վիքիպահեստում

Սամվել Սերյոժայի Խաչատրյան (մականունը՝ Միայնակ գայլ, ապրիլի 29, 1962, Գյումրի - նոյեմբերի 7, 1991), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս։

Ծնվել է 1962 թվականի ապրիլի 29-ին Գյումրիում։ Հաճախել է տեղի առաջին մանկապարտեզը, այնուհետև՝ Գյումրու 21-րդ դպրոցը (այժմ «Օյունջյան» վարժարան)։ Դպրոցն ավարտելուն պես ժամանակավոր աշխատանքի է անցել տեքստիլ կոմբինատում՝ որպես բանվոր։ 1980 թ. զորակոչվել է խորհրդային բանակ։ Զորացրվելուց հետո կրկին աշխատանքի է անցել Գյումրու կապի հանգույցում՝ որպես կապավոր։ 1988 թ. Սամվելը մասնակցում է Արցախյան շարժման զանգվածային հանրահավաքներին և զուգընթաց «կարատե-դո» սպորտաձև պարապում։ Այս ժամանակահատվածում՝ 1989 թվականին, Գյումրիում կազմավորվում է «Ուրարտու» կամավորական ջոկատը և Սամվելը ընդգրկվում է նրա կազմում՝ որպես ջոկատի մարտական պարապմունքների մարզիչ։ Չբավարարվելով միայն մարզիչ լինելուվ՝ Սամվել Խաչատրյանը մասնակցում է Գորիսի պաշտպանական մարտերին, այնուհետև՝ Կոռնիձորի, Նոյեմբերյանի, Հադրութի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1991 թ. ընդգրկվում է Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարության տակ գտնվող Գագիկ Գևորգյանի հրամանատարած «Փուշ» ջոկատի կազմում և սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնակցում մի շարք սահմանային պաշտպանական մարտերի։ 1991 թվականի նոյեմբերի 7-ին Հադրութի շրջանի Խրմնջուղ գյուղի համար մղված մարտերի ժամանակ հերոսաբար զոհվում է։

1997 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է «Արիության համար» մեդալի, 2002 թ.՝ «Մայրական երախտագիտություն» մեդալի, 2006 թ.՝ ԼՂՀ «Արիության համար» մեդալի, 2007 թ. պարգևատրվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, 2009 թ.՝ «Ռազմիկ Վասիլյան» մեդալով։