Սալմանասար I, գահակալել է մ․թ․ա․ 1274–1245 թվականներին (այլ տվյալներով՝ մ․թ․ա․ 1280–1261 թվականներին[1])։
Մեծ Զաբի (Զավ) գետաբերանի մոտ, առևտրական ուղիների խաչմերուկում, հիմնել է նոր մայրաքաղաք՝ Քալախը (Քալաք)։ Գահակալման առաջին տարիներին արշավել է հյուսիսային՝ Ուրարտու երկրի ցեղային միությունների դեմ, գրավել ութ երկիր, ընկճել Հայկական լեռնաշխարհի հարավում գտնվող կուտիներին, այդտեղ հիմնել ասուրական գաղթավայրեր։ Օգտվելով Խեթական պետության և Եգիպտոսի միջև պատերազմից՝ ջախջախել է խեթերի դաշնակից Միտաննիի զորքը և նրան օգնության եկած խեթական և արամեական ջոկատները, կործանել Միտաննին։ Սալմանասար I-ի հաջողությունները հարկադրել են եգիպտական փարավոն Ռամզես II-ին և խեթական թագավոր Խատտուսիլի III-ին հաշտություն կնքել և դաշինք ստեղծել Սալմանասար I–ի դեմ։ Խատտուսիլի III Բաբելոնի քասիտական հարստության թագավորներին դրդել է հարձակվել Ասորեստանի վրա, սակայն Սալմանասար I ջախջախել է բաբելական զորքը և ամրապնդել իր դիրքերը հարավում։
Հնագույն Հայաստանի մասին արժեքավոր տեղեկություններ են հայտնում Ք.ա. XIV-VII դարերի ասորեստանյան սեպագիր արձանագրւթյունները։
Իմ գահակալության սկզբում Ուրարտուի երկիրն ապստամբեց իմ դեմ։ Ես հավաքեցի իմ զորքերը և բարձրացա դեպի վեր` նրանց հզոր լեռները։ Ութ երկրներ և նրանց աշխարհազորը ես նվաճեցի, նրանց քաղաքներից հիսունմեկը ես կործանեցի, այրեցի, նրանց մարդկանց ունեցվածքը ավար տարա։ Ամբողջ Ուրարտուի երկիրը երեք օրում խոնարհեցրի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 119)։