Ռումինահայ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռումինահայ երաժշտություն, Ռումինիայի հայ համայնքի երաժիշտներ ու երգահաններ, որոնք ստեղծագործել են Ռումինիայի տարածքում՝ զարգացնելով հայկական ազգային կամ տեղական երաժշտությունը՝ երգի, պարի և նվագակցության ասպարեզներում։

Ռումինիայում հայերը երաժշտության բնագավառում ունեցել են ակնառու հաջողություններ։ Ռումինական երաժշտագիտության պատմության հիմնադիրը Ռումինիայի ԳԱ ակադեմիայի (1877 թվականից) հայազգի Թեոդոր Բուբանդան է, որը նաև ռումինական առաջին երաժշտական բառարանի հեղինակն է և ազգային էթնոերաժշտագիտության հիմնադիրներից։ 20-րդ դարի նշանավոր կոմպոզիտորներից են Մաթեյ Սոկորը և Միհայիլ Ժորան։ 19-րդ դարի 2-րդ կեսի հայտնի ջութակահարներ էին Արտաշես և Հովհաննես Պլղլյան եղբայրները։ Կատարող արվեստում ավելի ուշ ճանաչվել են ջութակահար Կարպիս Ավագյանը, Վարուժան Կոգիկյանը, երգիչներ Արաքս Սվաճյանը, Կարպիս Զոբյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Շաքե Շիշմանյանը, Մագլեն էքմեքչյանը, էդուարդ Թումաճանյանը և ուրիշներ։ Ժամանակակից երաժշտության հայտնի դեմքերից են Աիդա Կարուգարյանուն, Հարրի Դավիղյանը։ Երաժշտագիտական աշխատություններ են գրել Միսիր Նիկոլաեն, Չոմակ էմանուիլը և ուրիշներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։