Ռուբեն Չայլախյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Չայլախյան
Ծնվել էնոյեմբերի 19, 1937(1937-11-19)
ԾննդավայրԵրևան
Մահացել էփետրվարի 13, 2024(2024-02-13)[1] (86 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Ռուբեն Կարպի Չայլախյան (նոյեմբերի 19, 1937(1937-11-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 13, 2024(2024-02-13)[1], Մոսկվա, Ռուսաստան), բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԲԳԱ Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտի իմունիտետի ստրոմալ կարգավորման լաբորատորիայի վարիչ, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Մանկությունը և ուսումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Չայլախյանը ծնվել է 1937 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցում։ Նկարագրելով իր դպրոցական տարիները նա իրեն բնութագրում է որպես ակտիվ, չարաճճի երեխա, որն առանձնապես մեծ ուշադրություն չէր դարձնում սովորելուն՝ նախապատվությունը տալով բակային խաղերին։ Սակայն, արդեն բարձր դասարաններում նա սկսեց հրապուրվել կենսաբանությամբ։ Անտարակույս μնագիտության և ընդհանրապես բժշկագիտության նկատմամբ հետաքրքրությունը նրա մեջ սերմանեց ավագ քույրը՝ Իվետա Չայլախյանը, որն ընդունվել էր Երևանի բժշկական ինստիտուտ։ 1955 թվականին Ռուբեն Չայլախյանը նույնպես ընդունվեց Երևանի բժշկական ինստիտուտ, սակայն երրորդ կուրսից տեղափոխվեց Խարկովի բժշկական համալսարան և 1961 թվականին այն ավարտեց բարձր առաջադիմությամբ։ Ուսումնառության տարիներին երիտասարդ Չայլախյանը դեռևս չէր կողմնորոշվում, թե հետագայում նախապատվությունը որ ոլորտին է տալու։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո, Չայլախյանը մեկնեց Ղրիմ՝ հանգստանալու։ Բայց շուտով աշխատանքի առաջարկ ստացավ Ղրիմի Գուրզուֆի զինվորական առողջարանից, որտեղ էլ սկսեց աշխատել որպես բժիշկբօրդինատոր։ Երեք տարի աշխատելով առողջարանում, Չայլախյանը 1963 թվականին վերադառնում է Հայաստան և աշխատանքի անցնում գիտությունների ակադեմիայիբկենդանաբանության ինստիտուտի փորձարարական կենսաբանության լաբորատորիայում՝ որպես ավագ լաբորանտ։ Այստեղ նա աշխատեց շուրջ մեկ տարի։ Այդ տարիներին Մոսկվայից Հայաստան էին գալիս գենետիկայի հայտի մասնագետներ, որոնք էլ նկատեցին Չայլախյանի պատրաստվածությունը և նրան առաջարկեցին շարունակել կրթությունը։ 1964 թվականին Չայլախյանը հանձնեց ասպիրանտական քննությունները և մեկնեց Մոսկվա՝ շարունակելու գիտական գործունեությունը։ Չայլախյանը արդեն հստակ գիտեր գիտության այն ուղղությունը, որին նվիրաբերելու էր իր ողջ կյանքը։ Փոխպատվաստման նոր ձևավորվող ոլորտն էր զարմացրել ու հետաքրքրել երիտասարդ գիտնականին։ Նա ընդունվեց Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտ՝ որպես Գիտությունների Ազգային Ակադեմիայից գործուղված ասպիրանտ։ Ինստիտուտի գիտքարտուղար Մարգարիտա Թումանյանի ղեկավարությամբ էլ Չայլախյանը սկսեց գիտական գործունեությունը։ Ոսկրածուծի ցողունային բջիջները դարձան երիտասարդ գիտնականի ուսումնասիրության հիմնական հետաքրքրության առարկան։ 1970 թվականին Չայլախյանը մեծ հաջողությամբ պաշտպանեց գիտական թեզը՝ «Фибробластоподобные клетки в монослойных культурах кроветворной ткани» վերնագրով՝ մասնագիտանալով իմունոլոգիայի և ալերգոլոգիայի բնագավառում։

Ուսումնասիրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական թեզը պաշտպանելուց հետո գրեթե 17 տարի Չայլախյանը ուսումնասիրություններ է իրականացրել ցողունային բջիջների ուղղությամբ։ Բացի գիտական հետազոտություններից, Չայլախյանը իր գիտելիքները սիրով փոխանցում էր երիտասարդ գիտնականներին։ Ի դեպ, 1960-1970-ական թվականներին Հայաստանից մեծ թվով երիտասարդ վնասվածքաբաններ մեկնել են Չայլախյանի մոտ, համալրել իրենց գիտելիքները և վերադարձել Հայաստան։ 1960- ական թվականների վեջերից Չայլախյանը ևս հաճախ եկել է Երևան և ներկայացրել իր ձեռքբերումները։ 1985 թվականին Չայլախյանն աշխարհում առաջիններից էր, որ իրականացրեց գիտական իր ձեռքբերումը՝ Հայաստանում մարդուն փոխպատվաստեցին հյուսվածք, որը աճեցվել էր մարմնից դուրս՝ արհեստական պայմաններում։ Այս փոխպատվաստման հաջող գործընթացը իրականացվեց վնասքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտում։ Հետագայում իրականացված 40 վիրահատություններով ապացուցվեց, որ նման միջամտությունները ապահովում են 94% հաջողություն։ 1987 թվականին Չայլախյանը և Հայաստանի գիտնականները համատեղ աշխատություն գրեցին, որով ի լուր աշխարհի հայտնեցին փոխպատվաստման ոլորտում ձեռք բերած իրենց հաջողությունների մասին։ Գիտական երկար ու ձիգ ուսումնասիրություններից հետո 1993 թվականին Ռուբեն Չայլախյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը, որի մեջ մեծ նորություններ և հայտնագործութններ կային։ Գիտական թեմայի վերնագիրն էր. «Дифференцировочные потенции стромальных фибробластов кроветворных и лимфоидных органов и их роль в формировании гемопоэтического и иммунологического микроокружения» Չայլախյանը շատ է ցավում, որ այսօր Ռուսաստանում երիտասարդներն այնքան էլ հետաքրքրված չեն գիտությամբ, և ինքը չի կարողանում նրանց փոխանցել իր գիտելիքները։ Գիտնական Չայլախյանը ունի երկու արտոնագիր, եղել է մի քանի երիտասարդների համաղեկավար։ Չայլախյանի գիտական գործերը այսօր էլ բավական մեծ հետաքրքրություն են ներկայացնում աշխարհում։ Այս ոլորտի գիտնականները, սկսելով իրենց գործունեությունը, անպայմանորեն հղումներ են կատարում հայազգի գիտնականից, որը այս ոլորտի հիմնադիրներից մեկն է։ Հաշվի առնելով Չայլախյանի գիտական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Չայլախյանը մեծ հետաքրքրություն ունի Հայաստանում արտադրվող «Գալարմին» պրեպարատի նկատմամբ, որի միջոցով հնարավոր է խթանել ոսկրածուծում կենսական կարևորության բջիջների ավելացումը 10 անգամ։ Չայլախյանն այսօր էլ համագործակցում է Հայաստանի գիտական կառույցների և հատկապես ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]