Ռոման Մուշեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուշեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոման Ալիկի Մուշեղյան (նոյեմբերի 13, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ կինոռեժիսոր, պրոդյուսեր, որը գործունեություն է ծավալում նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Ճանաչում է ստացել «Որոգայթ» հեռուստասերիալի շնորհիվ, որն սկզբնապես ցուցադրվել է Հայաստանում, այնուհետև ցուցադրման իրավունքը ձեռք է բերել ռուսական հեռուստաընկերությունը[1]։ «Գարուն ա․․․» ֆիլմի ռեժիսորն է, որը ոգեշնչված է քառօրյա պատերազմի դեպքերից[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոման Մուշեղյանը ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում։ Մանուկ հասակից հետաքրքրվել է արվեստի տարբեր տեսակներով։ Հետաքրքրությունը կինեմատոգրաֆի նկատմամբ առաջացել է 14 տարեկանում, երբ նա պատահաբար ծանոթացավ հայտնի հայ կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի հետ։
1997 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրայի ֆակուլտետը (Ֆրունզե Դովլաթյանի արվեստանոց)։
Առաջին կարճամետրաժ՝ «Նստեք, խնդրեմ» ֆիլմը նկարահանել է 1998 թվականին, որը Հայաստանում ստացել է «Իկար» մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ 1999 թվականին նկարահանել է իր առաջին փաստագրական ֆիլմը մարդկային միայնության մասին՝ «Դիմանկար հին ընտանեկան ալբոմից»։ Դիպլոմային աշխատանքը «Իսկ շքախումբն ուղևորվում էր դժոխք», որը նկարահանել է 2002 թվականին և ստացել մի քանի մրցանակ՝ «Առաջնելույթ» փառատոնում՝ լավագույն ռեժիսուրայի համար, Հայաստանի կինեմատոգրաֆների և կինոլրագրողների ասոցիացիայի հատուկ մրցանակ, «Ոսկե դելֆին»՝ որպես լավագույն ֆիլմ։ Ֆիլմը 2003 թվականին ներկայացվել է նաև Բեռլինի փառատոնում և Պոտսդամի «Զեզուխտե» փառատոնում։ 2005 թվականին Լեհաստանի «Օսկարիադա» փառատոնում մրցանակ է ստացել «լավագույն ֆիլմ» անվանակարգում[3]։
2002-2004 թվականներին ծառայել է Հայոց բանակում։ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվերով նկարահանել է մի շարք փաստագրական ֆիլմեր՝ ռազմական թեմայով։
2005 թվականին աշխատանքի է անցել «Շանթ» հեռուստաընկերությունում։ Նկարահանել է հայկական առաջին հումորային հեռուստասերիալը՝ «Վերվարածները»։ 2007-2009 թվականներին նկարահանել է «Որոգայթ-1», «Որոգայթ-2» և «Որոգայթ-3» բազմասերիանոց հեռուստաֆիլմերը։ Ռուսական «Ցենտրալ Պարտներշիփ» կինոընկերությունը ձեռք բերեց սերիալի թողարկման իրավունքը։ «Շանթ»-ում աշխատելու ժամանակ նկարահանել է նաև «Ժառանգները» և «Երջանիկը» սերիալները[1]։
2010 թվականին «Արմենիա ԹիՎի»-ի համար նկարահանել է «Եզրագծից այն կողմ» սերիալը։ 2012 թվականին ռուսական «Bergsound» պրոդյուսերական ընկերության պատվերով նկարահանվել է «Սպանություն 100 միլիոնով» դետեկտիվ ֆիլմը՝ հայտնի ռուս դերասանների մասնակցությամբ[4]։ 2013 թվականին ռուսական նույն ընկերության պատվերով նկարահանվեց նաև «Հատուցում» դետեկտիվը[5]։
2014 թվականին նկարահանել է «Մեռյալ հովիտը» ռեալիթի-սարսափ ֆիլմը[6]։ 2014 թվականին նկարահանել է «Ձերբազատում» ֆիլմը, որը մասնակցել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին և Europe Film Festival-ում 2021-ին արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
2015 ռուսական շուկայի համար նկարահանել «Հյուրանոց» ֆիլմը[7]։
2016-18 թթ․ նկարահանել է «Սահմանին» մինի սերիալը, որը հեռարձակվել է «Շանթ» հեռուստաընկերության եթերում։
2019-2021 թթ․ սովորել է American Film Institute-ի կրեատիվ պրոդյուսինգի բաժնում։ Պրոդյուսերական աշխատանքներն են՝ Holly, Inculpable, First Sin կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերը։
2020-21 թթ․ նկարահանել է «Գարուն ա․․․» ֆիլմը, որը ոգեշնչված է քառօրյա պատերազմի իրադարձություններից[8]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թ․ մարտի 1-ին՝ գարնան առաջին օրը։ «Գարուն ա․․․» ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։ 2022 թվականի օգոստոսին ֆիլմը ստացել է «Accolade Global Film Competition» ամերիկյան կինոթատրոնի գլխավոր մրցանակը Best of Show[9]։
Point Film Production-ի և ArtNet Studios-ի հիմնադիրն է։
Տեղական և միջազգային կինոփառատոների հաճախակի հյուր է և հանձնաժողովի անդամ[10]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2022 | Գարուն ա․․․ |
2016-2018 | Սահմանին |
2015 | Հյուրանոց |
2015 | Որոգայթ |
2014 | Հատուցում |
2014 | Մեռյալ անտառ |
2014 | Ձերբազատում |
2014 | Մեռյալ հովիտ |
2013 | Սպանություն 100 միլիոնով |
2012 | Աղոթք |
2009 | Որոգայթը-2 |
2006-2008 | Վերվարածներն ընտանիքում |
2002 | Իսկ շքախումբն ուղևորվում էր դժոխք |
1999 | Դիմանկար հին ընտանեկան ալբոմից |
1998 | Նստեք, խնդրեմ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ВЗГЛЯД / Российская кинокомпания впервые купила армянский сериал
- ↑ ««Գարուն ա․․․» ֆիլմի պաշտոնական թրեյլերը համացանցում է».
- ↑ «DKF Bez Nazwy - aktualny repertuar». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Убийство на 100 миллионов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Расплата (мини–сериал 2014)».
- ↑ ««Մեռյալ հովիտ». Ռեալիթի-սարսափ ժանրում նկարահանված առաջին հայկական ֆիլմը (լուսանկարներ)».
- ↑ «Отель (2015)».
- ↑ «Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմը էկրաններին կհայտնվի գարնան առաջին օրը».
- ↑ Winners August 2022 - Accolade Global Film Competition
- ↑ «Golden Eye - 2011». Արխիվացված է օրիգինալից 2013-09-17-ին. Վերցված է 2017-01-26-ին.
|