Ռոբինիա կեղծակացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբինիա կեղծակացիա
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բակլածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Ռոբինիա
Տեսակ Ռոբինիա կեղծակացիա
Լատիներեն անվանում
R. pseudoacacia Լ.


Ռոբինիա կեղծակացիա (լատին․՝ R. pseudoacacia Լ.), բակլազգիներ ընտանիքի, ռոբինիա ցեղի բույս։ Նույնն է, ինչ սպիտակ ակացիան։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ խոշոր ծառեր են՝ մինչև 20 — 25 (երբեմն 30) մ բարձրությամբ, լայն գլանաձև, գագաթում կլորավուն, ցանցառ սաղարթով։ Բնի տրամագիծը հասնում է մինչև 1,2 մ-ի, հաստ, խոր ակոսանման ճաքճքված մոխրագորշավուն կեղևով։ Ընձյուղները մերկ են կամ սկզբնական շրջանում թեթևակի աղվամազապատ, ձիթականաչավունից մինչև փայլուն կարմրադարչնագույն։ Տերևներն ունեն 10 — 25 (երբեմն՝ 45) սմ երկարություն, տափակ, հաճախ հետ թեքված փշերի վերածված տերևակիցներով, որոնց երկարությունը հասնում է մինչև 2 սմ-ի։ Տերևիկների թիվը հասնում է 9—19-ի, էլիպսաձև են, 2—4,5 սմ երկարությամբ և 1,5 — 2 սմ լայնությամբ, գագաթում կլորավուն, կլորավուն կամ լայն սեպաձև հիմքով, երիտասարդ ժամանակ մազմզուկապատ, ավելի ուշ՝ մերկ, վերևի կողմից բաց կանաչավուն, ներքևի կողմից կապտականաչավուն, կարճ կոթունավոր, յուրաքանչյուր կոթունի հիմքում՝ փափուկ, մախաթանման տերևակիցով։ Ողկույզները բազմածաղիկ են, 10—20 սմ երկարությամբ, դեպի ցած հակված, սպիտակ, խիստ բուրումնավետ ծաղիկներով։ Բաժակը լայն զանգականման է, 0,7 — 1 սմ երկարությամբ, ծածկված շիկավուն աղվամազով։ Պսակը սպիտակ է կամ թեթևակի կրեմագույն, մինչև 3,5 սմ տրամագծով։ Թևիկները գրեթե հավասար են առագաստի երկարությանը, նավակը բթածայր է։ Ունդերը երկարավուն գծանման են, տափակ, 5—12 սմ երկարությամբ և 1—1,5 սմ լայնությամբ, թեթևակի ծռված կեռիկով, մերկ, 3 — 15 երկարավուն երիկամաձև սերմերով, որոնք ձիթականաչ են, գորշ կամ մուգ դարչնագույն, երբեմն՝ սևավուն կամ բծավոր, հարթ, անփայլ, կամ փայլուն։ Ծաղ կում է մայիսից-հունիս (երբեմն՝ սեզոնում 2 անգամ), պտղաբերում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հյուսիսային Ամերիկայում, Ապալաչյան լեռներից մինչև Պենսիլվանիա և Ջորջիա, արևմուտքում՝ մինչև Այովա, Միսսուրի և Օկլաոխոմա։ Աճում է տերևավոր անտառներում, փոքր խմբերով և առանձին։ Արագ է աճում, առաջացնում է խոր գնացող առանցքային արմատներ, տալիս է բնային և արմատային մացառներ։ Չափազանց լուսասեր և երաշտադիմացկուն ծառատեսակ է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Ջերմասեր է, սակայն դիմանում է մինչև 30—35 °C-ի սառնամանիքներին։ Ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում ցրտահարվում է, սակայն հետագայում արագ աճի շնորհիվ սաղարթը վերականգնվում է։ Հրաշալի մեղրատու է. մի ծառը տալիս է մինչև 15 կգ բարձրորակ մեղր։ Տերևները պարունակում են 220—240 մգ/տոկոս վիտամին C և 200 մգ վիտամին A:

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևներից ստանում են երկնագույն ներկ, ծաղիկներից՝ եթերային յուղեր։ Սերմերը պարունակում են մինչև 12 % յուղ և օգտագործվում են որպես սուրճի սուռոգատ։ Կեղևը օգտագործվում է կոշտ գործվածք և տարաներ պատրաստելու համար, պարունակում է 2—7 % դաբաղանյութեր, որոնք կաշվին դեղին գույն են տալիս։ Ունի բազմաթիվ պարտեզային ձևեր, որոնք միմյանցից տարբերվում են սաղարթի ձևով (բրգաձև, կլորավուն, ձվաձև բրգաձև, լայն գնդաձև, նոսր գնդաձև), տերևների ձևով, գույնով, փշերի առկայությամբ (անփուշ, տերևների վրա սպիտակ շերտիկներով, բացվելիս ոսկեկանաչ կամ ծիրանագույն, ոսկեդեղին երիզով, նեղ երկարավուն տերևիկներով և այլն), ծաղիկների գույնով և ծաղկման տևողությամբ (բաց վարդագույն, ծաղկում է ամբողջ ամռան ընթացքում)։ Հայաստանում առանձնապես շատ է տարածված ռոբինիա կեղծակացիայի գնդաձև այլատեսակը։ (v. umbra- culifera (D C.) Rehd.), որն օգտագործվում է հատկապես փողոցների և ծառուղային տնկարկներում։ Ստերիլ է, չի ծաղկում։ Մեր հանրապետությունում լայնորեն տարածված ծառատեսակներից է, հանդիպում է ամենուրեք, ստորինից մինչև բարձրլեռնային գոտի։ Մշակվում է ինչպես դեկո րատիվ նպատակներով, այնպես էլ անտառկուլտուրաներում և անտառմելիորատիվ, հակաէրոզիոն հողապաշտպան տնկարկներում։ Դեկորատիվ տնկարկներում խորհուրդ է տրվում ավելի մեծ ուշադրություն դարձ նել այս բույսի պարտիզային ձևերի վրա։ Էկոլոգիական խումբը՝ Vllp: Մշակության հավանական շրջանները՝ 3, 7—10, 1 2—1 4, 17-28, 31-32: [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (հատոր 2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 50։