Ռելաքսացիոն տատանումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռելաքսացիոն տատանումներ, ինքնատատանումներ, որոնք էներգիայի ցրման պատճառով խիստ տարբերվում են ներդաշնակ տատանաումներից։ Եթե ներդաշնակ ինքնատատանողական համակարգում էներգիան շրջանառում է տարբեր կամ միևնույն բնույթի երկու և ավելի էներգաունակ պարամետրերի (ինդուկտիվություն, ունակություն) միջև, ընդ որում էներգիայի ցրումը (փոխակերպումը ջերմության) բավականաչափ փոքր է, ապա ռելաքսացիոն ինքնատատանողական համակարգում տեղի է ունենում էներգաունակ պարամետրի պարբերական «լցում» էներգիայով և «պարպում»։ Ռելաքսացիոն տատանումների մեխանիկական համակարգում էներգիայի ցրումը («պարպումը») պայմանավորված է արտաքին կամ ներքին շփումով, էլեկտրական համակարգում՝ ակտիվ դիմադրությամբ։ էլեկտրական Ռելաքսացիոն տատանումների պարզագույն ինքնագեներատորը պարունակում է մարտկոցից դիմադրության միջոցով լիցքավորվող կոնդենսատոր, որը շունտված է նեոնային լամպով։ Երբ լիցքավորման ընթացքում կոնդենսատորի լարումը հավասարվում է նեոնային լամպի բռնկման պոտենցիալին, վերջինս վառվում է, նրա ներքին դիմադրությունը կտրուկ նվազում է, և կոնդենսատորն արագ լիցքաթափվում է՝ մինչև լարումը հավասարվում է նեոնային լամպի հանգման պոտենցիալին։ Այնուհետև պրոցեսը կրկնվում է։ Ռելաքսացիոն տատանումների հաճախականությունը կախված է ոչ միայն ունակության և դիմադրության արժեքներից, այլև սնող լարման մեծությունից և փականի (նեոնային լամպի) հատկություններից։ Ռելաքսացիոն տատանումների գրգռման նպատակով օգտագործում են տարբեր գեներատորներ՝ մուլտիվիբրատորներ, բլոկինգ-գեներատորներ և այլն։ էլեկտրական Ռելաքսացիոն տատանումները լայնորեն կիրառվում են չափիչ տեխնիկայում, ավտոմատիկայում և էլեկտրոնիկայի տարբեր բնագավառներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։