Մուլտիվիբրատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարզագույն մուլտիվիբրատորի սխեմա

Մուլտիվիբրատոր ( մուլտի․․․ և լատին․՝ vibro — տատանել), խզվող էլեկտրական տատանումների ռելաքսացիոն գեներատոր։ Բաղկացած է երկու ուժեղացուցիչներից, որոնք իրար հետ կապված են փոխադարձ միջկասկադային դրական հակադարձ կապով։ Տարբերում են սիմետրիկ (կազմված սիմետրիկ սխեմայով ) և ոչ սիմետրիկ մուլտիվիբրատորներ։ Առաջիններում T1 և Т2 աշխատանքային տակտերի (գումարը կազմում է տատանումների պարբերությունը՝ Tպ) տևողությունը նույնն է, իսկ երկրորդներում՝ տարբեր։ Կան մուլտիվիբրատորների բազմաթիվ տարբերակներ էլեկտրոնային լամպերով, տրանզիստորներով, տիրիստորներով և ինտեգրալային սխեմաներով։

Առավել լայնորեն կիրառվում են տրանզիստորներով մուլտիվիբրատորները։ Միատիպ տրանզիստորների կիրառման դեպքում մուլտիվիբրատորներում ուժեղացուցիչները գրգռվում են հաջորդաբար, T1 ժամանակահատվածում գրգռված վիճակում է գտնվում մի ուժեղացուցիչը, իսկ T2 ժամանակահատվածում՝ մյուսը։ Այդպիսի մուլտիվիբրատորները կոչվում են երկֆազ։ Տարատեսակ տրանզիստորների կիրառման դեպքում երկու ուժեղացուցիչները գրգռվում են միաժամանակ և այդ վիճակում են գտնվում T1 ժամանակի ընթացքում։ Այնուհետև (համարյա միաժամանակ) անցնում են չգրգռված վիճակի T2 ժամանակով։ Այդպիսի մուլտիվիբրատոր աշխատանքի սկզբունքով նման է տրանզիստորով բլոկինգ-գեներատորին։

Ավտոմատիկայի, հաշվողական և չափիչ տեխնիկայի, այդ թվում և ժամանակի ռելեի ԹՀՄ-ների մատուցող և ձևավորող սարքերում մուլտիվիբրատորը կիրառվում է որպես իմպուլսների գեներատոր, հաճախականության բաժանարար, իմպուլսների ձևավորիչ, ոչ կոնտակտային անջատիչ և այլն։ Մյուս ռելաքսացիոն գեներատորների նման մուլտիվիբրատորը կարող է աշխատել ինչպես ինքնատատանման, այնպես Էլ արգելակման (սպասող) ռեժիմում։ Բացի երկֆազերից կան նաև բազմաֆազ մուլտիվիբրատորներ, որոնք հաճախ կիրառվում են ինֆորմացիայի ընտրման, հաղորդման և փոխակերպման բազմականալային համակարգերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 75