Ջրաէներգետիկան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրաէներգետիկա, ճյուղի բուռն զարգացումը (1920-1960 թթ.) Հայաստանի բնակլիմայական պայմաններում կապված է եղել մի շարք բարդ և ուրույն տեխնիկական լուծումների հետ, որոնց իրագործմամբ 1926 թվականին շարք է մտել Երևանի ջրէկ-1-ը (ԽՍՀՄ-ում՝ առաջինը), 1932 թվականին՝ Երևանի ջրէկ-2-ը (ԽՍՀՄ-ում՝ առաջին ինքնաշխատ ջրէկը)։ Ձորագետի ջրէկի 2,6 կմ երկարությամբ ճնշումային ջրաթեք (դերիվացիոն) թունելը նույնպես առաջինն էր ԽՍՀՄ-ում, իսկ գետը դիմհարող ինքնաշխատ պատվարի կոնստրուկցիանայն տարիներին միակն էր աշխարհում։ Սևան-Հրազդան էներգետիկ, ոռոգման կասկադի 6 ջրէկներից 2-ը՝ Սևանինը և Արզնիինը, ԽՍՀՄ-ում առաջին ստորգետնյա ջրէկներն էին։ Սևանի ստորգետնյա ջրէկի ջրատեխնիկական բարդ հանգուցի էներգիայի ճնշումային մարիչի և անճնշում կողմնատար թունելի տեսական և մոդելային հետազոտությունների (Ա. Ճանիշվիլի, Ա. Տեր-Հովհաննիսյան) հիման վրա մշակվել ու կիրառվել են կառուցվածքների կոնստրուկտիվ նոր լուծումներ։ Կատարվել են նախագծվող ու կառուցվող ջրէկների ջրաբան, մոդելային հետազոտություններ, նաև լեռնային ջրհոսքերի էներգետիկական կասկադավորման արդյունավետության մշակումներ։ Սևանա լճի մակարդակի իջեցումը կասեցնելու և ջրային պաշարները լրացնելու նպատակով արված հետազոտությունների հիման վրա (Ա. Անանյան և ուրիշներ ) մշակվել է Արփա և Որոտան գետերի հոսքերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու տեխնիկական նախագիծը, և կառուցվել են 48,3 կմ երկարություն Արփա-Սևան (1981 թվական) ու 21 կմ երկարություն Որոտան-Արփա (2004) թունելները։ Հայաստանում ջրաէներգետիկայի զարգացումը խթանել է ջրաբանության բնագավառի ԳՀ աշխատանքները, որոնք սկզբնավորվել են 1940-ական թվականներին ԵՊՀ ջրաբանության ամբիոնում և շարունակվել 1943 թվականին կազմակերպված ՀԽՍՀ ԳԱ-ի հիդրոէլէկտրական լաբորատորիայում, այնուհետև՝ Ջրային պրոբլեմների և ջրատեխնիկայի ինստիտուտում։ Կատարվել են ոլորաններում, անցումային մասերում նեղացող և լայնացող խողովակներում հեղուկների շարժման օրինաչափությունների բացահայտման ուսումնասիրություններ (Ա. Անանյան, «Հեղուկի շարժումը ջրատարի ոլորանում», ռուսումնական, 1957)։ Ինստիտուտում մշակվող կարևոր հիմնախնդիրներից են Սևանա լճի մակարդակի պահպանման, լիճ թափվող գետերի ջրերի շարժման և հունակազմության հարցերը (Մ. Վելիկանով և ուրիշներ)։ 1960-ական թվականներին կատարվել են երկֆազ հեղուկների տեսական և փորձարար. (Ա. Անանյան), Հայաստանում կառուցված հիդրոհանգույցների մոդելավորման և սելավային հոսքերի հետազոտություններ։ 2000-ական թթ-ից երկրի էներգետիկ, անկախության մակարդակի բարձրացման ուղիներից է ընդունված փոքր ու միջին հզորության ջրէկների զարգացումը։ Ներկայումս այդ հարցերով զբաղվում են հանրապետությունում գործող փոքր հիդրոէներգետիկայի հետազոտման, նախագծման և կառուցման մասնագիտացված մի շարք ընկերություններ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի. Վ. Եղիազարով, «Հիդրոէլեկտրական ուժային տեղակայանքներ», ուսումնական, հատոր 1-3, 1934-1937 թվականներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։