Պորտալ:Տավուշի մարզ/Ընտրյալ վայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոր Վարագավանք, հայկական վանական համալիր է Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված: Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թթ-ին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել թոռ՝ Վասակ Բ-ն 1234-1237 թթ-ին: Կյուրիկյանները Բագրատունիների կրտսեր ճյուղն են, և նրանց Տաշիր-Ձորագետի թագավորությունը ընդգրկել է պատմական Գուգարք, Արցախ և Ուտիք նահանգները: Նոր Վարագավանքը Կյուրիկյան իշխանատոհմի տապանատուն է: Շքեղ ձևավորում ունի գավթի շքամուտքը: Այստեղ առկա է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զույգ արծիվներով զինանշանը: Հավանաբար Վաչե Ա-ն մեծարժեք նվիրատվություն է կատարել Նոր Վարագավանքին և դրան ի պատասխան նրա զինանշանը փորագրվել է գավթի պատին: