Պորտալ:Ալեքսանդր Մակեդոնացի/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեքսանդր Մակեդոնացի, Մակեդոնիայի արքա Արգեադոսների հարստությունից, ով կառավարել է մ․թ․ա․ 336-323 թվականներին։ Ստեղծել է հունամակեդոնական աշխարհակալ տերություն, որի տարածքը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հիմալայներ։ Արևելյան ավանդույթներում զուգակցվում է առասպելական Զհուլ ալ-Կարնայն թագավորի հետ։ Հնուց ի վեր Ալեքսանդրը համարվում էր աշխարհի խոշորագույն զորավարներից մեկը։ Նա հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում՝ չնայած միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամու դեմ։ Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-ի սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և հզոր բանակ, որի շնորհիվ նրան հաջողվել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանի քաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում Աքեմենյան Պարսկաստանը։ Իսոսի ճակատամարտի հաղթանակից հետո մակեդոնական բանակին հաջողվում է գրավելով պարսից թագավորանիստ Պերսեպոլիսը՝ գահընկեց անելով «արքայից արքա» տիտղոսով հորջորջվող Դարեհ III Աքեմենյանին։