Պողոս Մելիքյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պողոս Մելիքյանց
Ծնվել է1777
Մահացել է1848
Ազգությունհայ

Պողոս Մովսեսի Մելիքյանց (Մելիքով, 1777 - 1848), ռուսական բանակի գեներալ-մայոր (1819)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մանր ազնվականի ընտանիքում։ 1796 թվականից անցել է զինվորական ծառայության։ Մասնակցել է ռուս-ավստրո-ֆրանսիական (1805), ռուս-պրուսա-ֆրանսիական (1806-1807), ռուս-շվեդական (1808-1809) պատերազմներին։ Աչքի է ընկել Կրեմսայի (Ավստրիա), Լոնդսբերգի, Բալթուսի (Լեհաստան), Ֆրիդլանդի (Պրուսիա), Պրեյսիշ-Էյլաուի (այժմ՝ Բագրատիոնովսկ, Կալինինգրադի մարզում) մարտերում։ Ֆրիդլանդի ճակատամարտում (1807 թվականի հունիսին) ցուցաբերած հերոսության համար պարգևատրվել է Ոսկյա սրով։ 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ մասնակցել է Սմոլենսկի, Վյազմայի, Վիտեբսկի մատույցներում մղված կռիվներին և Բորոդինոյի ճակատամարտին, այնուհետև՝ ռուս, բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքին, պարգևատրվել է Սբ․ Վլադիմիրի և Սբ․ Աննայի 2-րդ աստիճանի ու դաշնակից պետությունների շքանշաններով։ 1816-1823 թվականներին եղել է Բաքվի ամրոցի պարետը։ 1830 թվականին թողել է զինվորական ծառայությունը։ Մասնակցել է Մոսկվայի հայ գաղութի հասարակական կյանքին և Լազարյան ճեմարանի աշխատանքներին։ Մելիքյանցի նախաձեռնությամբ և նյութական օժանդակությամբ է հիմնադրվել Մոսկվայի հայոց «Գասպարյան աղքատանոց»ը (1841), որին և կտակել է իր դրամական խնայողությունները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կեոքչյան Հ., Ծանօթութիւն յաղագս կենաց զօրագլխի Պօղոսի Մովսիսեան Մելիքեանց, Մ.,1852:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 391 CC-BY-SA-icon-80x15.png