Պլազմային վառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլազմային վառարան՝ մետաղների և համաձուլվածքների տաքացման, հալման և մետալուրգիական վերամշակման համար ծառայող էլեկտրական վառարան, որում ջերմության աղբյուրը պլազմատրոնի օգնությամբ ստացվող պլազման է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են.

  • պլազմաաղեղային (ՊԱՎ)
  • պլազմային բարձրհաճախային (ՊԲՎ) վառարաններ։

Պլազմաաղեղային վառարանում որպես կաթոդ ծառայում է պլազմատրոնի կաթոդը (սովորաբար վոլֆրամից կամ հատուկ դժվարահալ համաձուլվածքից), իսկ որպես անոդ՝ գուռում մշակվող մետաղը։ Պլազմաաղեղային վառարանում աղեղը շրջափչվում է իներտ գազի (սովորաբար արգոնի) մրրիկով, վերջինս կայունացնում է աղեղը, բարձրացնում ջերմաստիճանը մինչև 10000-20000 К և հալվող մետաղի շուրջը ստեղծում չեզոք մթնոլորտ։

Պլազմաաղեղային վառարանում հալումը պլազմային է։ Այն կատարվում է աղեղի անոդային բծի տեղամասում, որը թույլ է տալիս բացառել վառարանի հրահեստ շարվածքի հետ հեղուկ մետաղի շփումը։ Դրանով (ինչպես նաև իներտ մթնոլորտով) է պայմանավորված պլազմաաղեղային վառարանում հալված մետաղի մաքրության զգալի մեծացումը (համեմատած բոցային վառարաններում ստացված մետաղների հետ)։ Պլազմաաղեղային վառարանները կիրառում են հատուկ պատասխանատու պողպատների և համաձուլվածքների արտադրման համար։

Բարձրհաճախային վառարաններում պլազման՝ պլազմատրոնի կառուցվածքային առանձնահատկությունների շնորհիվ չի պարունակում էլեկտրոդների նյութի մասնիկներ և ավելի մաքուր է։ Այդ իսկ պատճառով բարձրհաճախային վառարանները հաճախ կիրառվում են միաբյուրեղների աճեցման և մաքուր նյութերի վերամշակման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 314