Պափլագոնիա կամ Պաֆլագոնիա (հուն․՝ ἡ Παφλαγονία, լատին․՝ Paphlagonia), պատմական մարզ Փոքր Ասիայում, Սև ծովի հարավային ափին (այժմ՝ Թուրքիայի Սինոպ և Քասթամոնու վիլայեթների տարածքում)։
Արևելքում սահմանակից էր Պոնտոսին, հարավումում՝ Դաղատիային, արևմուտքում՝ Բիթանիային (Բութանիա)։ Պաֆլագոնիայի ծովափնյա մասերում հույն գաղութաբնակները հիմնել են քաղաքներ (ամենանշանավորը` Սինոպ)։ Ներքին շրջաններում տիրապետում էր ասորական ծագում ունեցող գյուղական բնակչությունը։
Մ․ թ․ ա․ 4-րդ դարի Պաֆլագոնիաին տիրել են Լիդիան, ապա Պարսկաստանը, մ․թ․ա․ 4-րդ դ․ վերջին 3-րդ դ. սկզբին՝ Ալեքսանդր Մակեդոնացին և նրա հաջորդները։ Մ․թ․ա․ 281 թվականից Պաֆլագոնիայի ներքին շրջանները կառավարել են տեղական կառավարիչները։ Մ․թ․ա․ 107 թվականին Պաֆլագոնիան, ըստ կտակի, անցել է Միհրդատ 4 Եվպատորին։ Միհրդատյան 3-րդ պատերազմից (մ․թ․ա․ 74-63) հետո Պաֆլագոնիայի ծովափնյա շրջանները մտել են Հռոմի Պոնտոս և Բիթանիա պրովինցիայի մեջ (Լուկուլլոսի Հայաստան կատարած արշավանքի ժամանակ հռոմեացիներին դաշնակցել է, ի թիվս այլոց, նաև Պաֆլագոնիայի զորքը)։
Պաֆլագոնիայի ներքին մարզերը մ․թ․ա․ 6-5-ին միացվել են Դաղատիա պրովինցիային։ Դիոկղետիանոսի ժամանակ Պաֆլագոնիան դարձել է (մ․թ․ 3-րդ դ.) ինքնուրույն պրովինցիա։ 395 թ. մտել է Բյուզանդիայի կազմի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 222)։