Պատկերապաշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պատկերապաշտություն, Քրիստոսի, Աստվածածնի, սրբապատկերների (որոնց վերագրվել է գերբնական, աստվածային զորություն) պաշտամունքը։ Սկզբում տարածված էր Քրիստոսի՝ որպես բարի հովվի կամ մարդկության մեղքերը իր վրա կրող գառան պատկերի, սրբերի ու խաչի նշանի պաշտամունքը։ Քրիստոսի պատկերումը մարդկային կերպարանքով, կանոնացվել է Տրուլլոսի 6–րդ Տիեզերական ժողովում (692 թ.)։ IV դարի սկզբին էլվիրի (Իսպանիա) եկեղեցական ժողովն արգելել է սրբապատկերների պաշտամունքը՝ որպես կռապաշտություն։ Բայց պատկերապաշտները դրան հակադրել են Եդեսիայի Աբգար թագավորին Քրիստոսի ուղարկած վարշամակի մասին ավանդությունը, համաձայն որի, նրա վրա եղել է Քրիստոսի անձեռագործ պատկերը։ Պատկերապաշտությունը կանոնացվել է 7-րդ Տիեզերական ժողովում (787 թ.), այն պայմանով, որ պաշտամունքի առարկա է ոչ թե պատկերի նյութը՝ փայտն ու ներկերը, այլ պատկերվածը։ Հայաստանի եկեղեցիներում պատկերագրությունը սկսել է տարածվել VI–VII դարերից, բացի Քրիստոսից, Աստվածածնից, սրբերից պատկերել են նաև մկրտության, Աբրահամի զոհաբերության, Դանիել Մարգարեի՝ առյուծների որջում լինելու տեսարանները են։ Պատկերապաշտությունը պաշտպանել են Վրթանես Քերթողը, Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի) և ուրիշներ։ Միջնադարում, հիմնականում Բյուզանդիայում, պայքար է մղվել պատկերապաշտության դեմ (տես Պատկերամարտություն)։

Հայկական կերպարվեստը, որը հիմնականում քրիստոնեական է, պատկերների միջոցով պատմում է Հիսուսի երկրային կյանքի դրվագները , ներկայացնում է անհասանելին ու անտեսանելին։Նկարները երբեք աննպատակ չեն եղել, այլ ստեղծվել են ,որպեսզի օգնեն հավատացյալին ըմբռնելու աստվածայինը և տեսանելի կերպով հետևելու Հիսուսի կյանքի պատմությանը։Պատկերների արդյունավետությունը պայմանավորված է ոչ թե նրա իրապաշտությամբ,այլ ըստ հայ եկեղեցու աստվածաբանության՝ պատկերվածի խորհրդով։Ավետարանական մի շարք մանրանկարներ կարելի է համարել տեքստի պատկերավոր մեկնություն։ Հավաստի է որ տարբեր դարաշրջաններում Աստվածաշնչի տարբեր հատվածներ են ներշնչումի աղբյուր դարձել ,և որ դավանաբանական զարգացումներն ու աստվածաշնչային մեկնությունները նպաստել են պատկերների երևան գալուն։ 'Նկարագրություն

Սուրբ գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ գրքի մեկնությունը հայոց վանական դպրոցների հիմնական գործերց մեկն էր։ Եսայու գրքի 1301թ. ընդօրինակված մեկնությունն ունի վանական մի լսարանի մանրանկար։ Ձեռագրին այժմ պահվում է Երուսաղեմի Սբ. Հակոբյանց միաբանության Մատենադարանում(ձեռ.N 365, էջ2)։Մանրանկարում պատկերված է Գլաձորի վանահայր Եսայի Նշեցին՝ վանականների հետ դաս անցկացնելիս։ Երկրային ներշնչումը մտնում է նրա ականջը և բերանից անցնում աշակերտներին։ Նրանցից շատերն ունեն Սուրբ Գիրք փաթաթված թանկարժեք կտորով։ Նշեցին մեկնում է կենտրոնում ծնկած աշակերտի կարդացածը[1]:

Հայերեն Հայսմավուրքում /Բ,Գ. ձեռ.N օr.12550/ ավետումը պատկերված է երկու մանրանկարով՝ ջրհորի մոտ՝ ջրի սափորով, և տունը՝ Սուրբ Հոգու էջքով։ Մանրանկարի հիմքում ոչ թե ավետարանական պատմությունն է, այլ ավետարանը, որտեղ Մարիամին և մյուս կույսերին հանձնարարվում է տաճարի համար վարագույր հյուսել։Մարիամին բաժին են ընկնում ծիրանագույն և կարմիր թելերը։ Ջրհորի մոտ նա լսում է մի ձայն, որը նրան կանանց մեջ շնորհընկալ և օրհնյալ է կոչվում։ Մարիամը աջուձախ է նայում, բայց ոչ ոքի չի տեսնում։ Նա երկյուղած տուն է գնում և վերցնելով ծիրանագույն թելը՝ շարունակում է հյուսել։ Հանկարծ նրան հրեշտակ է երևում, որն ասում է.«Մ՛ի վախեցիր, որովհետև Աստծուց շնորհ գտար: Ահա դու կհղիանաս և կծնես նրա Խոսքը»

Արև-աստծո պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նյութական մշակույթի բազմաթիվ արժեքներ պատկերված են մեծ վարպետությամբ և աչքի են ընկնում իրենց զարդաքանդակներով։Հնագիտական արժեքների մեջ մեծ թիվ են կազմում արեգակի ու նրա խորհրդանիշների պատկերները։Մեր նախնիները արև պատկերել են երկրաչափական մարմինների(խաչ, սվաստիկա, շրջանակ), կենդանիների ու թռչունների (առյուծ, ձի, ցուլ, խոյ, արծիվ )նաև մարդկային կերպարանքով(ԱՐ, Արամազդ, Վահագն, Միհր)։ Արևի ու նրա խորհրդանիշների ուսումնասիրության համար կարևոր են հայկական ժայռապատկերները(Արագած, Գեղամա լեռներ, Սյունիք, Նախիջևան, Մեծամոր),որոնց ուսումնասիրող մասնագետները (Հ.Մարտիրոսյան, Հ.Իսրայելյան,Ս.Պետրոսյան)դրանք թվագրվում են են մ.թ.ա. 6-3-րդ հազարամյակներով[2]: Ժայռերին արևը պատկերվել է ճառագայթավոր անիվից մինչև խաչ ու սվաստիկա:Ուսումնասիրությունները ցույց են տալիս ,որ և Հայաստանում և հին աշխարհի այլ երկրներում (Շումեր, Բաբելոն, Եգիպտոս, Ասորեստան) ամենից ավելի տարածված էր արևի գունդը պատկերող անվաձև սկավառակը։Արևը իր պտույտի պահին պատկերվել է որպես անիվ,ճառագայթները՝ ճաղեր, իսկ ընթացքը անիվի պտույտը։Ժայռապտկերներին բազմաթիվ են Արև-Աստծո և ամպ-վիշապների պայքարը ներկայացնող տեսարաննները։Հաճախակի հանդիպող պատկերներից են մակույկաձև լուսինը և նրա մեջ պատկերված արև-խաչը։ Հայաստանյան ժայռապատկերներին հանդիպում ենք արև-խաչ խորհրդանիշի քառաթև, շրջանակի մեջ առնված, առանց շրջանակի, հավասարաթև ու անհավասարաթև պատկերների։Խաչի հնագույն նմուշներ են Գեղամա ժայռապատկերների հավասարաթև և անհավասարաթև խաչերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անժելա Տերյան, Հայաստանը արարչագործության և քաղաքակրթության բնօրրան, Երևան, «Ոսկան Երևանցի», 2011։
  2. ՀԺՊ, 1971 ,էջ 263
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png