Jump to content

Պատերազմական մանկության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատերազմական մանկության թանգարան
Տեսակթանգարան և պատմության թանգարան
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
ՏեղագրությունՍտարի Գրադ (համայնք, Բոսնիա և Հերցեգովինա) և Սարաևո
Հասցե30-32, Logavina, Sarajevo, 7100071000
Հիմնադրվել է2017
Կայքmuseum.warchildhood.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատերազմական մանկության թանգարան (բոսնիերեն։ Muzej ratnog djetinjstva), պատմության թանգարան Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում։ Բացվել է 2017 թվականի հունվարին։ Ցուցանմուշները՝ խաղալիքներ, այլ իրեր, նամակներ, տեսա- և ձայնագրված վկայություններ ներկայացնում են բոսնիական պատերազմի սարսափների թոհուբոհով անցած երեխաների տարած փորձությունները, նրանց ծանր ապրումները, հույզերը, կրած կորուստներն ու դրանց պատճառած ցավը, ժամանակից շուտ հասունանալը[1]։ 2018 թվականին մշակութային այս օջախը ճանաչվել է տարվա եվրոպական թանգարան, և նրան շնորհվել է Եվրոպայի խորհրդի հատուկ մրցանակ, որն ամենահեղինակավոր պարգևներից է թանգարանային գործի ասպարեզում[2][3][4][5]։

Թանգարանի ստեղծման աշխատանքներy սկսվել են 2010 թվականին, երբ սարաևոցի գործարար ու ակտիվիստ, «պատերազմի երեխա» Յասմինկո Հալիլովիչը առցանց մի հարթակ է գործարկել բոսնիական պատերազմի ժամանակներում իրենց մանկությունն ապրածների հակիրճ հուշագրությունները հավաքելու համար։ Հազարից ավելի մարդ է արձագանքել նրա նախաձեռնությանը և այդ առցանց հարթակում գրի առել իր հուշերը։ Հալիլովիչը ի մի է բերել այդ հիշողությունները, ամփոփել մի ժողովածուում, որը հրատարակել է 2013 թվականին։ Կարճ ժամանակ անց գիրքը թարգմանվել ու լույս է ընծայվել նաև գերմաներեն, ճապոներեն[6]։

Հալիլովիչը նամակագրություն է սկսել պատերազմի երեխաների հետ, պարզել, որ նրանցից շատերը դեռ պահպանել են պատերազմական ժամանակների զանազան իրեր[7]։ Երիտասարդ մասնագետների մի խմբի հետ համագործակցելով՝ նա ստեղծել է թանգարանային հավաքածու, որը բաղկացած էր երեք հազարից ավելի ցուցանմուշներից, վաթսունից ավելի վկայություններից[8]։

2016 թվականի մայիսին պատերազմական մանկության թանգարանն իր առաջին, ժամանակավոր ցուցադրությունն է կազմակերպել Բոսնիա և Հերցեգովինայի պատմության թանգարանում[9], դրան հաջորդել են ցուցահանդեսները Զենիցա և Վիսոկո քաղաքներում[10]։ 2017 թվականի հունվարին բացվել է թանգարանի մշտական ցուցադրությունը Սարաևոյում՝ Լոգավինա փողոցի վրա գտնվող շենքում, որը հատկացվել էր թանգարանին։ Նրա հավաքածուում տեղ են գտել օրագրություններ, խաղալիքներ, լուսանկարներ, հագուստներ, այլևայլ առարկաներ, որոնք նվիրաբերել են պատերազմի արհավիրքներից փրկվածները[11]։ Բոլոր ցուցանմուշները ներկայացված են դրանք նվիրած անձանց հուշերի զուգադրմամբ։ Թանգարանի այցելուները կարող են նաև ունկնդրել ձայնագրված վկայություններ, ընթերցել պատմություններ, նամակներ, հարցազրույցներ[12]։

Թանգարանի ձևավորման գործում իր ավանդն է ներդրել բոսնիացի նկարիչ-դիզայներ Անուր Խոջամերշպախիչը[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ideja, misija i vizija muzeja». djetinjstvouratu.com. Վերցված է 25. 5. 2018-ին.
  2. «Council of Europe Museum Prize 2018». European Museum Forum. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  3. «War Childhood Museum, Sarajevo, wins 2018 Museum Prize». European Museum Forum. January 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  4. «Muzej ratnog djetinjstva: Jedinstven u svijetu». Radio Slobodna Evropa. 23. 1. 2018. Վերցված է 25. 5. 2018-ին.
  5. «Council of Europe Museum Prize 2018». Vijeće Evrope. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 25. 5. 2018-ին.
  6. Sheehan, Dan (December 2015). «Jasminko Halilovic: Children of War». Guernica Magazine. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  7. Toe, Rodolfo (2016 թ․ մայիսի 11). «Sarajevo Museum to Preserve Wartime Childhood Memories». Balkan Transitional Justice. Balkan Insight.
  8. Rose, Eleanor (2017 թ․ հունվարի 1). «Bosnia's War Childhood Museum Finally Opens». Balkan Transitional Justice. Balkan Insight. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  9. Toe, Rodolfo. «Sarajevo Museum to Preserve Wartime Childhood Memories». Balkan Transitional Justice. Balkan Insight. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  10. Ruvic, Dado (2016 թ․ հուլիսի 8). «Bosnian museum of wartime childhood helps heal trauma». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  11. «War Childhood Museum». 2015–2020. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  12. Rose, Eleanor (2017 թ․ հունվարի 30). «Bosnia's War Childhood Museum Finally Opens». Balkan Transitional Justice. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  13. «Muzej ratnog djetinjstva proslavio rođendan». Oslobođenje. Վերցված է 27. 5. 2018-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատերազմական մանկության թանգարան» հոդվածին։