Պավել Մամբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Գրիշայի Մամբերյան
 
Մասնագիտություն՝ ազատամարտիկ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 5, 1968
Ծննդավայր Հոկտեմբերյանի շրջանի Մրգաշատ գյուղ
Վախճանի օր հունիսի 16, 1993(1993-06-16) (25 տարեկանում)
Զավակներ Նազիկ

Պավել Գրիշայի Մամբերյան (հունվարի 5, 1968(1968-01-05) - հունիսի 16, 1993(1993-06-16)), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Գրիշայի Մամբերյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 5-ին Հոկտեմբերյանի շրջանի Մրգաշատ գյուղում՝ գյուղացիականի ընտանիքում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ուսման է մեկնել Երևան, որտեղ սովորել է ՄՊՏՈՒ-ի առևտրի բաժնում։ 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց անմիջապես հետո անդամագրվել է Ղարաբաղյան շարժմանը։

Մարտական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Վարդենիսի և Զանգեզուրի սահմանամերձ գյուղերի պաշտպանությանը։ 1990 թվականից պարտիզանական շարժման ամենաակտիվ մասնակցիներից էր՝ Շահումյանի շրջանում։ Ղեկավարել է «Եղնիկ» պարտիզանական ջոկատի հետախուզությունը[1]։ Ուներ սպայական կոչում։ Իր ռազմական ունակությունների շնորհիվ կարողացել է լեռնական և անտառածածկ վայրերով անկորուստ տեղափոխել Շահումյանի շրջանի գաղթականներին։ 1993 թվականի հունիսի 16-ին Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի գյուղի մոտ Պավելն իր ջոկատով ընկնում է շրջապատման մեջ։ Թվով տասնապատիկ անգամ գերազանցող թշնամին ցանկանում էր ոչնչացնել խումբը։ Թշնամու օղակի ճեղքում գտնվելով՝ Պավելն իր մի քանի ընկերներով փակում էր ճեղքվող խմբի թիկունքը և հենց այդ ժամանակ էլ ծանր վիրավորվում է։ Նույնիսկ այդ վիճակում նա շարունակում է հերոսաբար մաքառել ու կռվել, բայց այդ պահին թշնամու նշանառու գնդակից կտրվում է 25-ամյա երիտասարդ կյանքի թելը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավելն ամուսնացած էր։ Իր կյանքի ընկերուհուն ընտրել էր Արցախի հերոսամարտի օրերին։ Ունի մեկ դուստր՝ Նազիկը։

Պավել Գրիշայի Մամբերյանի անունով է կոչվել Մեծամոր ավանի մանկապարտեզներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png