Պանամական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պանամական գրականություն։ Պանամայի ժողովրդի իսպանալեզու գրականությունը մինչև 19-րդ դարի կեսերն ընթացել է կոլումբիական գրականության հունով։ Այնուհետև սկզբնավորվել է ազգային գրականությունը։ Առաջին ռոմանտիկ բանաստեղծներն են Խիլ Կոլունխեն (1837-1899), Տոմաս Մարտին Ֆյոյեն (1834-1862), Խոսե Մարիա Ալեմանը (1830-1887Մոդեռնիզմի ներկայացուցիչներ Դարիո էռերան (1870-1914), Գիլերմո Անդրևեն (1879-1940), Լեոն Անտոնիո Սոտոն (1874-1902) և ուրիշներ, ինչպես նաև նրանց անմիջական շարունակողները, որոնք, այսպես կոչված, «հանրապետության առաջին սերնդից» էին (Ռոդրիգո Միրո, 1883-1940 թվականներ և ուրիշներ), մասնակցել են քաղաքական պայքարին, նպաստել ազգային մշակույթի զարգացմանը։ Նրանք շատ բանով հետևել են ֆրանսիական սիմվոլիստներին ու «պառնասականներին»։ Գասպար Օկտավիո էռնանդեսը (1893-1918) և ուրիշներ դիմել են սոցիալական անհավասարության թեմաներին։ Մեքսիկայի հեղափոխությունը (1910-1917) և Առաջին համաշխարհային պատերազմը նպաստել են գրական մտավորականության սահմանազատմանը։ Բանաստեղծներ Ռոխելիո Սինանը (1904-1994), Ռոկե Խավիեր Լաուրենցան (1910-1984) և ուրիշներ իրենց հռչակեցին «ավանգարդիզմի» կողմնակից և ընթացան ֆորմալիզմի ճանապարհով։ Դեմետրիո Կորսիի (1899-1957), Դարիո էռերա Մնիլյանոյի (1902-1950) և այլոց բանաստեղծություններում գլխավորը սոցիալական սուր բախումներն են։ Քաղաքի ու գյուղի կենցաղը ռեալիստորեն է պատկերված Գոնսալո Ֆերնանդես դե Օվյեդո ի Վալդեսի (1902-1959), Ուերտայի, Մարիո Ավգուստո Ռոդրիգեսի (1919-2009), Խուլիո Բատիստա Սոսայի (1910-1956) և ուրիշների արձակում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ գրողներ հանդես եկան սոցիալական անարդարության դեմ պայքարելու կոչով Սեզար Կանդանեդոյի (1906–1993), Ռենատո Օսորեսի (1910–2001), Մ․ Ռիերայի, Խոակին Բելենիոյի (ծնվել է 1922 թվականին) վեպերը, Պեդրո Ռիվերայի (ծ․ 1939) պատմվածքներն ու բանաստեղծությունները, Խոսե Ֆրանկոյի (ծ․ 1911), Ալվարո Մենենդես Ֆրանկոյի (ծ․ 1933) բանաստեղծությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 115