Չմենի բազմածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չմենի բազմածաղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Չմենի
Տեսակ Չմենի բազմածաղիկ
Լատիներեն անվանում
Cotoneaster multiflora
Հատուկ պահպանություն

Չմենի բազմածաղիկ (լատին․՝ Cotoneaster multiflora), վարդազգիների ընտանիքի չմենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսամշտադալար, ուղղաձիգ թուփ է՝ մինչև 2 մ բարձրությամբ, բարակ, կորացած ճյուղերով, որոնք մերկ են, փայլուն, կարմրագորշավուն (երիտասարդ ընձյուղները ծածկված են նուրբ, կանաչադեղնավուն, թաղիքանման մազմզուկներով)։ Տերևները լայն ձվաձև են, ձվաձև, էլիպսաձև կամ լայն, հակառակ ձվաձև, 1,5-5 սմ երկարությամբ և 1,8-4 սմ լայնությամբ, բութ, փոսիկավոր գագաթով, կլորավուն կամ լայն սեպաձև հիմքով, վերևի կողմից մուգ կանաչ, մերկ, ներքևի կողմից մերկ կամ սկզբում ծածկված նուրբ աղվամազով, հետագայում թափվող կամ նոսրացող։

Ծաղիկները 6-20-ական, հավաքված են ուղղաձիգ վահաններում։ Բաժակի խողովակը մերկ է կամ թեթևակի մազմզուկապատ։ Բաժակաթերթիկները լայն եռանկյունաձև են, թարթիչաեզր, ավելի հաճախ՝ կարմրավուն։ Պսակը ունի 1 սմ տրամագիծ, կլորավուն, տարածված պսակաթերթիկներով, սռնակները 2 հատ են, երբեմն՝ 1: Պտղաբույլերը ուղղաձիգ են, պտուղները վառ կարմիր, երկարավուն, հակառակ ձվաձև կամ համարյա գնդաձև, 0,6-1 սմ երկարությամբ և 0,3-0,7 սմ լայնությամբ, երկու սերմերով։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Կենտրոնական Չինաստանում, ժայռուտներում և լեռների քարքարոտ լանջերի թփուտներում։ Հայկական ԽՍՀ-ում աճում է Սևանի ավազանում, Վայքում, Մեղրիում, վերին լեռնային գոտում՝ քարքարոտ լեռնալանջերում։ Բարձր է գնահատվում խոշոր ծաղիկների և դիմացկունության շնորհիվ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 324։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի բազմածաղիկ» հոդվածին։