Jump to content

Ուրախ Ռոջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Ինգլենդի «Ուրախ Ռոջերը»

Ուրախ Ռոջեր (անգլ.՝ Jolly Roger), ծովահենական սև դրոշ, որի վրա սովորաբար պատկերված են մարդկային գանգ և ոսկորներ։ Այս դրոշը օգտագործվել է ծովահենների կողմից XVII—XVIII դարերում։ Ծովահենների միասնական դրոշ գոյություն չի ունենցել[1]։ Սակայն XIX—XXI դարերում հենց գանգով և խաչված ոսկորներով դրոշն է ամենաշատը ասոցացվում ծովահենների հետ։

Ծովահենների դրոշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ծովահեններից մեկը, ով կիրառել է «Ուրախ Ռոջերը», եղել է Էմանուել Վայնը։ Նրա դրոշի վրա եղել է նաև ավազե ժամացույց, որը նշանակում էր, որ «ձեր ժամանակը լրանում է»։ Սթիդ Բոնեթը օգտագործել է դրոշի մոդիֆիկացված տարբերակը։ Նրա տարբերակում եղել է մեկ ոսկոր, իսկ գանգի աջ և ձախ մասերում պատկերված են եղել սիրտ և սուր։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակներից մեկի համաձայն, «Ուրախ Ռոջերը» առաջացել է ֆրանսերեն «Joyeux Rouge» (վառ կարմիր) բառից։ Այն եղել է կարմիր գույնի, որը խորհրդանշել է պատերազմի գույնը։ Կապերները և կորսարները պարտավոր էին բարձրացնել դրոշները, երբ ցանկանում էին զգուշացնել առևտրական նավերին՝ հանձնվելու վերաբերյալ։ Եթե նավը կամովին չէր հանձնվում, նրանք բարձրացնում էին կարմիր դրոշը։ Ավելի ուշ անգլիացիները «Rouge» բառին տվեցին իրենց համար ավելի ընդունելի «Roger» բառի, իսկ «Joyeux»՝ «Jolly»-ի, այսինքն «ուրախ»։

Կա դրոշի ծագման մեկ այլ տարբերակ ևս։ Ժանտախտի, խոլերայի կամ մահացու այլ հիվանդությունների համաճարակի ժամանակ, նավերի վրա բարձրացնում էին հատուկ դրոշներ, որոնց վրա պատկերված էր սև ֆոնի վրա երկու խաչված գծեր։ Դա նշան էր այլ նավերի համար, որպեսզի զգուշանան նավին մոտենալուց։ Այս հնարքը հաճախ կիրառվել է ծովահենների կողմից՝ խուսափելու բրիտանական ռազմական նավերի հարձակումներից։ Ժամանակի ընթացքում սպիտակ գծերը փոխարինվեցին սպիտակ ոսկորներով։

«Ուրախ Ռոջերի» առաջացման երրորդ տարբերակը կապված է թամիլ ծովահենների հետ։ Նրանք բնակվել են Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում և իրենց անվանել են «Ալի ռաջա»՝ ծովի տիրակալներ։ Այս տարբերակը նույնպես համահունչ է անգլիական «Jolly Roger» տարբերակի հետ։

Չորրորդ տարբերակը նշում է, որ ծովահենների դրոշը իր անվանումը ստացել է «Old Roger» բառակապակցությունից, որը եղել է սատանայի անվանումներից մեկը։ Հետագայում «Old» կարող էր վերափոխվել «Jolly»-ի։

Հինգերորդ տարբերակի համաձայն, անվանումը առաջացել է Սիցիլիայի թագավոր Ռոժեր II-ի անունից (1095- 1154), ով հաղթանակներ է տարել ծովում և ցամաքում։ Ռոժեր II-ի դրոշի վրա՝ կարմիր ֆոնին պատկերված է եղել խաչված երկու ոսկորներ։

Տարբեր ծովահեններ ունեցել են իրենց դրոշները, այդուհանդերձ ծովահենները հաճախ բարձրացրել են այն երկրների դրոշները, որոնք հավանություն են տվել ծովահենների գործողություններին կամ որը տվյալ պահին ավելի նպատակահարմար է եղել կիրառել։ Այսպես, հարձակվելով իսպանական նավերի վրա, նրանք հաճախ բրիատանական կամ հոլանդական դրոշներ են կիրառել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Pirate Flags — Pirate Master». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]