Jump to content

Ունայնության տոնավաճառ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ունայնության տոնավաճառ
անգլ.՝ Vanity Fair
ՀեղինակՈւիլյամ Մեյքփիս Թեքերեյ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրsatirical fiction?
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆկարազարդողՈւիլյամ Մեյքփիս Թեքերեյ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչPunch?
Հրատարակված էPunch?
Հրատարակման տարեթիվ1848
 Vanity Fair (novel) Վիքիպահեստում

Ունայնության տոնավաճառ, անգլիացի հեղինակ Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի վեպը, որում ներկայացված են Բեքի Շարփի և Ամելիա Սեդլիի կյանքը Նապոլեոնյան պատերազմների ընթացքում և դրանցից հետո: Այն առաջին անգամ հրատարակվել է 1847-ից 1848 թվականներին որպես 19 մասանոց ամսական հատորների շարք (վերջինը պարունակում էր 19-րդ և 20-րդ մասերը)՝ կրելով Անգլիական հասարակության գրչային և մատիտային էսքիզներ ենթավերնագիրը։ Գիրքն արտացոլում է թե՛ 19-րդ դարի սկզբի բրիտանական հասարակության երգիծանքը, թե՛ Թեքերեյի կողմից տեքստին ուղեկցող բազմաթիվ նկարազարդումները: Որպես ամբողջական հատոր այն հրատարակվել է 1848 թվականին՝ Վեպ առանց հերոսի ենթավերնագրով: Այն երբեմն համարվում է վիկտորիանական կենցաղային վեպի «հիմնասյունը»[1]:

Պատմությունը ասես խամաճիկային ներկայացում լինի, իսկ պատմողը, չնայած հեղինակային ձայն լինելուն, այդ առումով մի փոքր անվստահելի է: Ստեղծագործությունը մեծ ժողովրդականություն է վայելել և հաջողություն ունեցել. այն այժմ համարվում է դասական ստեղծագործություն, որի հիման վրա ստեղծվել են մի շարք ֆիլմեր և հեռուստատեսային ադապտացիաներ: Վեպից ոգեշնչված՝ 1868 թվականին առաջին անգամ հրատարակված բրիտանական ամսագիրը, որը հայտնի է դարձել վիկտորիանական և էդվարդյան հասարակության հայտնի մարդկանց ծաղրանկարներով, կրել է Ունայնության տոնավաճառ վերնագիրը[2]: 2003 թվականին Ունայնության տոնավաճառը զբաղեցրել է 122-րդ տեղը BBC-ի The Big Read հարցման մեջ՝ Միացյալ Թագավորության ամենասիրված գրքերի ցանկում[3]:

Ջոն Բանյանի «Կործանման քաղաքից դեպի Երկնային քաղաք տանող ճանապարհի պլանը» գրքի վերատպումը, որտեղ Ունայնության տոնավաճառը ներկայացված է որպես հիմնական քաղաք այդ ուղու վրա

Գրքի վերնագիրը ծագում է Ջոն Բանյանի «Ուխտավորի ընթացքը» գրքից,[Ն 1] դիսենթերների այլաբանությունից, որն առաջին անգամ հրատարակվել է 1678 թվականին: Այդ աշխատանքում «Ունայնության տոնավաճառը» վերաբերում է ուխտավորի երթուղու մի կանգառի՝ անվերջանալի տոնավաճառի, որը տեղի է ունենում Ունայնություն կոչվող քաղաքում և ներկայացնում է մարդու մեղսավոր կապվածությունը աշխարհիկ երևույթներին[5][6]: Թեքերեյը իր վեպում և իր պահպանած նամակներում չի հիշատակել դրա մասին[7], սակայն նա ակնկալում էր, որ հղումը հասկանալի կլինի իր լսարանին, ինչպես երևում է 1851 թվականի «Թայմս»-ի հոդվածից, որը հավանաբար գրվել է հենց Թեքերեյի կողմից[8]:

Ռոբերտ Բելը՝ Թեքերեյի մոտ ընկերը, դժգոհում էր, որ վեպում կա «ավելի շատ լույսի և թեթևության» կարիք՝ այն «ավելի հաճելի և առողջ» դարձնելու համար: Թեքերեյը հակադարձել է սրան Ավետարանչի խոսքերով, երբ ուխտավորները մտան Բանյանի Ունայնության տոնավաճառը. «Սիրտը խաբեբա է ամեն հարցում և անհուսալիորեն նենգ. ո՞վ կարող է ճանաչել այն»[9][10]:

Բանյանի գրքում իր հայտնվելուց հետո «Ունայնության տոնավաճառը» նաև ընդհանուր «աշխարհը» նկարագրելու համար էր օգտագործված: 18-րդ դարում այն սովորաբար ընկալվում էր որպես զվարճանքի վայր, իսկ 19-րդ դարի առաջին կեսին՝ ավելի կոնկրետ որպես պարապ և անարժան հարուստների զվարճանքի վայր: Այս բոլոր իմաստները հանդիպում են Թեքերեյի վեպում: «Ունայնության տոնավաճառ» անվանումը նաև օգտագործվել է ավելի քան 5 պարբերականների համար[11]։

Պատմությունը սկսում է նախաբանով[12] և ավարտվում վերջաբանով[13], որպես տոնավաճառում տեղի ունեցող տիկնիկային ներկայացում։ Գրքի շապիկի նկարազարդումը ոչ թե կերպարների, այլ կատակերգու դերասանների խմբինն[7] է[14]: Հեղինակը, որը տարբեր դեպքերում ներկայանում է որպես ներկայացման վարիչ[12] կամ գրող[15], երբեմն հայտնվում է հենց վեպի ներսում և որոշ չափով անվստահելի է[16][Ն 2], քանի որ կրկնում է տարբեր տեղերից լսած բամբասանքներ[18]:

1814 թվականին Լոնդոնում Ռեբեկա Շարփը («Բեքի»)՝ արվեստի ուսուցչի և ֆրանսիացի պարուհու դուստրը (ուժեղ կամքի տեր, խորամանկ, աղքատ երիտասարդ աղջիկ) ցանկանում է հասարակության մեջ իր տեղը գտնել: Դպրոցն ավարտելուց հետո Բեքին մնում է իր ընկերուհի Ամելիա Սեդլիի («Էմմի») մոտ, որը բարեհոգի, միամիտ երիտասարդ աղջիկ է՝ լոնդոնյան հարուստ ընտանիքից: Այնտեղ Բեքին հանդիպում է հմայիչ և ինքնահավան կապիտան Ջորջ Օսբորնին (Ամելիայի նշանածին) և Ամելիայի եղբայր Ջոզեֆ («Ջոս») Սեդլիին` հարուստ քաղաքացիական ծառայողին, որը տուն է վերադարձել Արևելահնդկական ընկերությունից: Հույս ունենալով ամուսնանալ Սեդլիի հետ՝ Բեքին գայթակղում է նրան, բայց ձախողվում է: Ջորջ Օսբորնի ընկեր կապիտան Ուիլյամ Դոբինը սիրում է Ամելիային, բայց ցանկանում է միայն նրա երջանկությունը, ուստի չի խանգարում Ամելյայի և Օսբորնի ամուսնությանը:

Բեքի Շարփը հրաժեշտ է տալիս Սեդլիների ընտանիքին և սկսում է աշխատել կոպիտ և անտաշ սըր Փիթ Քրոուլիի տանը՝ որպես նրա դուստրերի դաստիարակչուհի: Սըր Փիթը իր երկրորդ կնոջ վաղաժամ մահից հետո ամուսնության առաջարկ է անում Բեքիին: Սակայն նա պարզում է, որ Բեքին գաղտնի ամուսնացել է իր կրտսեր որդու՝ կապիտան Ռոդոն Քրոուլիի հետ։ Բեքին շատ է զղջում, որ չի ամուսնացել ծերուկի հետ, քանի որ չէր կարող պատկերացնել, որ սըր Փիթի կինը այդքան շուտ կմահանա: Սըր Փիթի ավագ քույրը՝ միս Քրոուլին, շատ հարուստ է և ողջ Քրոուլի ընտանիքը ձգտում է արժանանալ նրա բարեհաճությանը, որպեսզի ստանա նրա հարստությունը՝ որպես ժառանգություն: Սկզբում նրա սիրելին Ռոդոն Քրոուլին է, բայց նրա ամուսնությունը Բեքիի հետ կատաղեցնում է իրեն: Սկզբում նա հովանավորում է սըր Փիթի եղբոր ընտանիքին, բայց երբ մահանում է, իր գումարը թողնում է սըր Փիթի ավագ որդուն:

Լուր է հասնում, որ Նապոլեոնը փախել է Էլբայից, Ամելիայի հայրը՝ բորսայի բրոկեր Ջոն Սեդլին սնանկանում է: Ջորջի հարուստ հայրն արգելում է Ջորջին ամուսնանալ Ամելիայի հետ, որն այժմ աղքատ է: Դոբինը համոզում է Ջորջին ամուսնանալ Ամելիայի հետ, և արդյունքում Ջորջը զրկվում է ժառանգությունից: Ջորջ Օսբորնը, Ուիլյամ Դոբինը և Ռոդոն Քրոուլին տեղափոխվում են Բրյուսել, նրանց հետ էին Ամելիան, Բեքին և Ամելիայի եղբայր Ջոսը:

Ջորջը շփոթված է տիկին Օ'Դաուդի կոպտությունից, որը գնդապետի կինն է: Նորապսակ Օսբորնն արդեն սկսում է հոգնել Ամելիայից և ավելի ու ավելի է գրավվում Բեքիով, ինչի պատճառով Ամելիան խանդոտ և նյարդային է դառնում: Բրյուսելում կազմակերպված պարահանդեսի ժամանակ Ջորջը Բեքիին է տալիս մի գրություն՝ հրավիրելով նրան փախչել իր հետ (թեև այս փաստը բացահայտվում է միայն գրքի վերջում): Սակայն հետո նա ստանում է Վաթեռլոյի ճակատամարտին ուղևորվելու հրաման, և գիշերն անցկացնում է Ամելիայի հետ ու մեկնում պատերազմ:

Ճակատամարտի հեռանկարը սարսափեցնում է Ամելիային, և նրան մխիթարում է խստասիրտ, բայց բարի տիկին Օ'Դաուդը: Բեքին ծրագրեր է կազմում ցանկացած ելքի համար (օրինակ, եթե Նապոլեոնը հաղթի, նա կձգտի դառնալ նրա մարշալներից մեկի սիրուհին): Նա նաև շահույթ է ստանում՝ իր կառքն ու ձիերը բարձր գնով վաճառելով Ջոսին, որը փորձում է փախչել Բրյուսելից:

Ջորջ Օսբորնը սպանվում է Վաթեռլոյի ճակատամարտում: Ամելիան նրան հետմահու որդի է պարգևում, որին անվանակոչում են Ջորջ: Նա վերադառնում է իր ծնողների մոտ՝ կյանքը նվիրելով ամուսնու հիշատակին և որդու խնամքին: Դոբինը փորձում է օգնել նրանց՝ այդպիսով արտահայտելով իր սերը: Ամելիան փոխադարձությամբ չի պատասխանում Դոբինի սիրուն, և վերջինս հուսահատ մեկնում է Հնդկաստան:

Բեքին նույնպես որդի է ծնում՝ անվանելով նրան Ռոդոն՝ ամուսնու անունով: Նա որպես մայր սառն է և ոչ սիրալիր իր որդու հանդեպ։ Բեքիին հովանավորում է հարուստ և ազդեցիկ մարկիզ Սթեյնը: Ի վերջո նրան ներկայացնում են արքայազն կառավարչին և նա հմայում է արքայազնին «դերասանական շարադների» խաղի ժամանակ, որտեղ խաղում է Կլիտեմնեստրայի և Ֆիլոմելայի դերերը: Ծեր սըր Փիթ Քրոուլին մահանում է, և նրան հաջորդում է որդին՝ Փիթը, որն ամուսնացած է լեդի Ջեյն Շիփշանքսի՝ լորդ Սաութդաունի դստեր հետ: Բեքին սկզբում լավ հարաբերությունների մեջ է Փիթի և Ջեյնի հետ, բայց Ջեյնը տանել չի կարողանում Բեքիի վերաբերմունքը նրա որդու հանդեպ և խանդում է Բեքիին և Փիթին:

Իրենց սոցիալական հաջողության գագաթնակետին Ռոդոնին ձերբակալում են պարտքերը չվճարելու պատճառով, ամենայն հավանականությամբ Բեքիի դավադրությամբ[19]: Քրոուլիների ֆինանսական հաջողությունը բամբասանքի թեմա է դառնում. իրականում նրանք ապրում էին վարկով: Մարկիզ Սթեյնը Բեքիին տվել էր փող, թանկարժեք քարեր և այլ նվերներ, բայց Բեքին դրանք չի օգտագործում ծախսերի կամ ամուսնուն ազատելու համար: Փոխարենը, Ռոդոնի նամակը ուղղված եղբորը ստանում է լեդի Ջեյնը և վճարում է 170 ֆունտը, որը պատճառ էր դարձել նրա բանտարկության համար:

Նա տուն է վերադառնում և տեսնում, թե ինչպես է Բեքին Սթեյնի համար երգում, կռիվ է սկսվում: Սթեյնը վրդովված է, քանի որ ենթադրել էր, որ 1000 ֆունտը, որը նոր էր տվել Բեքիին, նրա ամուսնու հետ պայմանավորվածության մի մաս էր: Ռոդոնը գտնում է Բեքիի թաքցրած բանկային գրառումները և լքում է նրան՝ սպասելով, որ Սթեյնը նրան մենամարտի կհրավիրի: Փոխարենը Սթեյնը կարգադրում է Ռոդոնին նշանակել Քովենթրի կղզու կառավարիչ, որը ժանտախտավոր և հիվանդություններով լի վայր է: Բեքին, կորցնելով և՛ ամուսնուն, և՛ վարկը, լքում է Անգլիան և թափառում Եվրոպայում՝ իր որդուն թողնելով Փիթի և լեդի Ջեյնի խնամքին:

Ինչքան Ամելիայի որդի Ջորջը մեծանում է, այնքան նրա պապ պարոն Օսբորնը մեղմացնում է նրա հանդեպ իր վերաբերմունքը (թեև ոչ Ամելիայի հանդեպ) և նրան վերցնում է իր խնամակալության տակ: Տասներկու տարի արտերկրում անցկացնելուց հետո Ջոզեֆ Սեդլին և Դոբինը վերադառնում են: Դոբինը խոստովանում է իր սերը Ամելիային: Ամելիան անտարբեր չէ նրա հանդեպ, բայց չի կարողանում մոռանալ իր մահացած ամուսնու հիշատակը: Դոբինը հաշտեցում է Ամելիային և նրա սկեսրայրին, որը շուտով մահանում է: Նա փոխել էր իր կտակը՝ երիտասարդ Ջորջին կտակելով իր կարողության կեսը, իսկ Ամելիային՝ տարեկան թոշակ:

Պարոն Օսբորնի մահից հետո Ամելիան, Ջոսը, Ջորջը և Դոբինը մեկնում են Պումպերնիկել (Վայմար՝ Գերմանիայում)[19], որտեղ հանդիպում են անտուն Բեքիին: Նա ապրում է խաբեբաների շրջապատում, խմում է և խաղամոլությամբ զբաղվում: Բեքին նորից հմայում է Ջոս Սեդլիին, և Ամելիան համաձայնում է, որ Բեքին միանա իրենց: Դոբինն արգելում է սա և Ամելիային հիշեցնում Բեքիի և իր ամուսնու կապը: Ամելիան վրդովվում է Դոբինի խոսքերից, և նրանք վիճում են: Դոբինը լքում է նրանց, մինչդեռ Բեքին մնում է նրանց հետ:

Սակայն Բեքին ցանկանում էր, որ Ամելիան ամուսնանա Դոբինի հետ, թեև գիտակցում էր, որ Դոբինն իր թշնամին է: Բեքին Ամելիային ցույց է տալիս Ջորջի գրությունը, որը պահել էր այս ամբողջ ժամանակ Վաթեռլոյի ճակատամարտի նախօրեից, և Ամելիան վերջապես հասկանում է, որ Ջորջը այնպիսին չէր, ինչպիսին ինքը միշտ կարծում էր, և որ ինքը մերժել է ավելի լավ մարդու՝ Դոբինին: Ամելիան և Դոբինը հաշտվում են և վերադառնում Անգլիա: Բեքին և Ջոսը մնում են Եվրոպայում: Ջոսը մահանում է կասկածելի հանգամանքներում: Բեքին վերադառնում է Անգլիա և փորձում է պարկեշտ կյանք վարել, թեև իր բոլոր նախկին ընկերները երես էին թեքել իրենից։

Երկու աղջիկ փակում են իրենց տիկնիկների տուփը պատմության վերջում:
Բեքին և Էմմին Թեքերեյի գրքի սկզբի նկարազարդումներից մեկում[20]
Առաքինությունը պարգևատրվում է, Ունայնության տոնավաճառից մի դրվագ․ Էմմին և նրա ընտանիքը պատահաբար հանդիպում են Բեքիին վեպի վերջում բարեգործական միջոցառման ժամանակ[13]
Պարոն Ջոզեֆը Բեքիի ծուղակում[21]

Էմմի Սեդլի (Ամելիա)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամելիան, որին անվանում են նաև Էմմի, բարեհոգի է, սակայն երկչոտ և միամիտ[22]: Գեղեցիկ է, ունի փոքրիկ քիթ և կլոր, վարդագույն այտեր: Ամուսնանում է հմայիչ Ջորջ Օսբորնի հետ՝ հակառակ նրա հոր ցանկությանը։ Թեքերեյը շուտով ընդունում է, որ «նա այնուամենայնիվ հերոսուհի չէր»[23], քանի որ հիմարաբար մնում է Օսբորնին նվիրված՝ չնայած նրա անտարբերությանը և Բեքիի հետ սիրախաղին:

Ջորջի զոհվելուց հետո նա ծնողների տանը մեծացնում է իր որդուն: Նա անտեսում է Ուիլյամ Դոբինին, որը տարիներ շարունակ սիրահետում է իրեն: Միայն երբ Բեքին ցույց է տալիս նրան Ջորջի նամակը, որը վկայում է նրա անհավատարմության մասին, Ամելիան կարողանում է վճռականություն հավաքել և ամուսնանալ Դոբինի հետ:

Բեքի Շարփ (Ռեբեկա)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեբեկա Շարփը՝ Բեքին, Ամելիայի հակապատկերն է՝ խելացի, խորամանկ, երգիծական ձիրքով օժտված: Նա կարճահասակ է, խարտյաշ մազերով, կանաչ աչքերով: Բեքիի մայրը ֆրանսիացի պարուհի է, իսկ հայրը՝ արվեստի ուսուցիչ ու նկարիչ: Կատարելապես տիրապետում է և՛ ֆրանսերենին, և՛ անգլերենին, ունի գեղեցիկ երգեցիկ ձայն, նվագում է դաշնամուր և ունի դերասանական մեծ տաղանդ: Մայր չունենալու հանգամանքը հաշվի առնելով Բեքին որոշում է․ «Ես պետք է լինեմ իմ մայրը»[24]:

Այնուհետև նա կատարում է բարոյականությունից զուրկ և անխիղճ քայլեր, այդպիսով համարվելով ստեղծագործության «հակահերոսուհին»[25]: Նա կարծես թե այլ մարդկանց կապվելու ունակություն չունի և հեշտությամբ ու խորամանկորեն ստում է՝ իր ուզածին հասնելու համար:

Երեխա ժամանակ զրկված լինելով ֆինանսական և սոցիալական անվտանգությունից՝ Բեքին ցանկանում է դա ամեն բանից վեր: Նա Նա ամեն բան անում է հասարակության մեջ կայուն դիրք գրավելու համար։ Փորձում է առաջ տանել ամուսնու՝ Ռոդոնի շահերը՝ սիրախաղ անելով այնպիսի տղամարդկանց հետ, ինչպիսիք են գեներալ Թաֆթոն և մարկիզ դը Սթեյնը: Նա նաև օգտագործում է իր կանացի հմայքները քարտախաղի ժամանակ տղամարդկանց ուշադրությունը շեղելու համար, մինչ Ռոդոնը նրանց կխաբի:

Ռոդոն Քրոուլիի հետ գաղտնի ամուսնանալը և միս Քրոուլիից փախչելը ներողություն խնդրելու փոխարեն սխալ էին: Նա նաև չի կարողանում Ռոդոնի միջոցով մանիպուլյացիայի ենթարկել միս Քրոուլիին ՝ ժառանգություն ստանալու համար: Թեև Բեքին շատ հեշտությամբ է մանիպուլյացիայի ենթարկում տղամարդկանց, նա ավելի քիչ հաջողություն ունի կանանց հետ հարաբերություններում: Նա թշնամաբար է տրամադրված լեդի Բերեքրսի հանդեպ[26], անտարբեր է տիկին Օ'Դոուդի նկատմամբ, իսկ լեդի Ջեյնը, թեև սկզբում բարեկամական է նրա հանդեպ, ի վերջո չի վստահում և չի սիրում նրան:

Այս միտման բացառություններն են (վեպի սկզբում) միս Քրոուլին, նրա ուղեկցուհի միս Բրիգսը և նրա դպրոցական ընկերուհի Ամելիան. վերջինս միակ մարդն է, որին Բեքին լավություն է անում՝ համոզելով նրան ամուսնանալ Դոբինի հետ: Ամելիայի հանդեպ այս համեմատական հավատարմությունը բխում է նրանից, որ Բեքին դպրոցում այլ ընկերներ չուներ, և Ամելիան «հազար բարի խոսքերով ու արարքներով հաղթահարել էր... (Բեքիի) թշնամանքը». «Մեղմ, քնքուշ սրտով Ամելիա Սեդլին միակ անձն էր, որին Բեքին կարող էր որևէ կերպ կապվել. և ո՞վ կարող էր չկապվել Ամելիային»:

Ջորջ Օսբորնի և Սեդլիների ընտանիքները մտերիմ էին մինչև այն պահը, երբ պարոն Սեդլին (Ջոսի և Ամելիայի հայրը, և Ջորջ Օսբորնի կնքահայրը, որից վերջինս ստացել է իր «Սեդլի» միջին անունը) սնանկանում է որոշ անխոհեմ սպեկուլյացիաների հետևանքով: Քանի որ Ջորջը և Ամելիան մեծացել են սերտ ընկերության մեջ և փոքր տարիքից սիրում էին իրար, Ջորջը դեմ է գնում իր հորը, որպեսզի ամուսնանա Ամելիայի հետ: Ջորջն այդպես էլ չի հասցնում հաշտվել հոր հետ և սպանվում է Վաթեռլոյի ճակատամարտում:

Եսասեր, սնափառ, գեղեցիկ և ինքնասիրահարված՝ Ջորջը վատնում է հորից ստացած վերջին գումարները և ոչինչ չի պահում Ամելիային օգնելու համար: Ամելիայի հետ ամուսնանալուց հետո նա մի քանի շաբաթ անց սկսում է ձանձրանալ նրանից: Սիրահետում է Բեքիին, իսկ Ամելիայի հետ հաշտվում է ճակատամարտ գնալուց առաջ:

Ուիլյամ Դոբին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Օսբորնի լավագույն ընկերը՝ կապիտան Ուիլյամ Դոբինը, բարձրահասակ է և առանձնապես գեղեցիկ չէ: Նա Ջորջից մի քանի տարով մեծ է, բայց նրա հետ ընկերություն է անում դեռ դպրոցական տարիներից: Դոբինը միշտ պաշտպանում է Ջորջին և շատ հաճախ փորձում է նրան ճիշտ ուղու վրա դնել: Նա ստիպում է Ջորջին պահել Ամելիայի հետ ամուսնանալու իր խոստումը, չնայած որ ինքը՝ Դոբինը, սիրում է Ամելիային:

Հետագայում Դոբինը անում է այն ամենը, ինչ կարող է, որպեսզի օգնի Ամելիային և նրա որդի Ջորջին: Նա հանդուրժում է Ամելիայի զգացմունքները Ջորջի նկատմամբ: Երբ Ամելիան ի վերջո ընտրում է Բեքիի ընկերությունը Գերմանիայում իրենց գտնվելու ընթացքում, Դոբինը հիասթափված հեռանում է: Նա վերադառնում է, երբ Ամելիան նամակ է գրում և խոստովանում է իր զգացմունքները, նրանք ամուսնանում են և ունենում դուստր:

Ռոդոն Քրոուլի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդոնը՝ Փիթ Քրոուլիի կրտսեր որդին, դատարկամիտ սպա է։ Նա իր հարուստ հորաքրոջ սիրելին է, մինչև որ ամուսնանում է Բեքի Շարփի հետ, որը շատ ավելի ցածր դասի է պատկանում: Հորաքույրն ի վերջո իր կալվածքը թողնում է Ռոդոնի ավագ եղբորը՝ սըր Փիթին: Այդ ժամանակ սըր Փիթն արդեն ժառանգել է իրենց հոր կալվածքը, թողնելով Ռոդոնին անապահով վիճակում:

Ռոդոնը տարված է խաղամոլությամբ և մենամարտերով: Նա մշտապես պարտքերի մեջ է թաղված և հիմնականում Բեքիի պատճառով: Առանձնապես տաղանդավոր չլինելով որպես զինվորական սպա, նա թողնում է Բեքիին կառավարել իր կարիերան:

Չնայած Ռոդոնը գիտի, որ տղամարդիկ տարված են Բեքիով, սակայն նա հավատում է, որ Բեքիի համբավն անբիծ է և նա հավատարիմ է իրեն: Սթեյնը, մասնավորապես, հավատում է, որ Ռոդոնը լիովին տեղյակ է Բեքիի դավաճանություններից և աջակցում է դրան ֆինանսական օգուտ ստանալու հույսով:

Ճշմարտությունն իմանալուց և Բեքիին լքելուց հետո Ռոդոնը թողնում է իր որդուն իր եղբայր սըր Փիթի և նրա կին լեդի Ջեյնի խնամակալությանը: Արտերկրում Ռոդոնը մահանում է դեղին տենդից:

Ռոդոն Քրոուլիի ավագ եղբայրը ժառանգում է Քրոուլիների կալվածքը իր հայր սըր Փիթից, ինչպես նաև ժառանգում է իր հարուստ հորաքրոջ՝ միս Քրոուլիի կալվածքը, երբ վերջինս ժառանգությունից զրկում է Ռոդոնին: Փիթը կրոնապաշտ է և լրջմիտ, թեև շատերը չեն գնահատում նրա խելքը կամ իմաստությունը:

Որոշ չափով ձանձրալի և պահպանողական լինելով՝ Փիթը ոչինչ չի անում Ռոդոնին կամ Բեքիին օգնելու համար, նույնիսկ երբ նրանք դժվար վիճակում են հայտնվում: Սա հիմնականում պայմանավորված է նրա կնոջ՝ լեդի Ջեյնի ազդեցությամբ, որը չի սիրում Բեքիին նրա որդու հանդեպ անտարբեր վերաբերմունքի պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ Բեքին փորձում էր սըր Փիթի հետ սիրախաղ անել:

Միս Մատիլդա Քրոուլի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեց միս Քրոուլին բոլորի կողմից սիրված է իր հարստության շնորհիվ: Սըր Փիթը և Ռոդոնը երկուսն էլ պաշտում են նրան, թեև Ռոդոնը նրա սիրելի զարմիկն է և միակ ժառանգը, մինչև Բեքիի հետ ամուսնանալը: Չնայած միս Քրոուլին հավանում է Բեքիին և պահում է նրան իր կողքին իրեն զվարճացնելու համար, նա չի ցանկանում, որ իր ընտանիքում սկանդալներ կամ անխոհեմ ամուսնություն լինի: Գրքի սկզբնական մասի զգալի հատվածը նվիրված է միս Քրոուլիին հաճոյանալու և մեծ ժառանգություն ստանալու հույսով տարվա Քրոուլիների ջանքերին:

Թեքերեյը ժամանակ է անցկացրել Փարիզում իր մորական տատի՝ Հարիեթ Բեչերի հետ, և ասում են, որ միս Քրոուլիի կերպարը հիմնված է նրա վրա[27]:

Ամելիայի ավագ եղբայրը՝ Ջոզեֆ «Ջոս» Սեդլին, «նաբոբ» է, որը Հնդկաստանում հարկահավաք եղած տարիներին մեծ հարստություն է կուտակել: Շատ ամաչկոտ և անվստահ է, հրապուրված է Բեքի Շարփով, բայց հանգամանքները խանգարում են նրան առաջարկություն անել: Նա չի ամուսնանում, բայց երբ նորից հանդիպում է Բեքիին, հեշտությամբ մանիպուլյացիայի է ենթարկվում՝ սիրահարվելով նրան: Ջոսը քաջ կամ խելացի մարդ չէ, փորձում է փախչել Վաթեռլոյի ճակատամարտից և գնում է Բեքիի երկու ձիերը: Բեքին նորից գայթակղում է նրան գրքի վերջում և, ինչպես ակնարկվում է, սպանում է Ջոսին՝ նրա գումարները ստանալու համար:

Հրատարակման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ունայնության տոնավաճառ. Անգլիական հասարակության գրչային և մատիտային էսքիզներ» շարքի 1847 թվականի հայտարարությունը, Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի գրչանունով՝ Մայքլ Անջելո Թիթմարշ, և նրա իսկական անունով:
«Սնափառության տոնավաճառ. Վեպ առանց հերոսի» 1848 թվականի առաջին հրատարակության տիտղոսաթերթը:
Բեքիի երկրորդ հայտնությունը Կլիտեմնեստրայի կերպարում», Թեքերեյի նկարազարդում և ենթագիր, որից պարզ է դառնում, որ Բեքին սպանել է Ջոսին նրա ապահովագրական գումարի համար[28]։

Թեքերեյը հավանաբար սկսել է գրել Ունայնության տոնավաճառը 1841 թվականից 1844 թվականն ընկած ժամանակահատվածում[31]։ Ինչպես ժամանակի շատ վեպեր, Ունայնության տոնավաճառը նույնպես սկզբնական շրջանում լույս էր տեսնում առանձին հատվածներով մինչև ամբողջական գրքի տպագրությունը։ Այն տպագրվել է ամսական 20 մասերով 1847 թվականի հունվարից մինչև 1848 թվականի հուլիսը Լոնդոնի Բրեդբերի և Էվանսի կողմից Punch-ի համար։ Առաջին երեք մասերը տպագրումից առաջ արդեն ավարտված էին, իսկ մյուսները սկսել են գրվել վաճառվելուց հետո[32]։

Ինչպես ընդունված էր, վերջին հատվածը «կրկնակի համար» էր և պարունակում էր վերջին երկու մասերը։ Թեքերեյից մնացած նամակներից և նշումներից պարզ է դառնում, որ գրքում կատարվել են փոփոխություններ, օրինակ՝ Վաթեռլոյի ճակատամարտը երկու անգամ հետաձգվել է, բայց պատմության ընդհանուր ուրվագիծը և հիմնական թեմաները հստակ սահմանված էին հրատարակման սկզբից[33]։

Թիվ 1 (Հունվար 1847) Գլ. 1–4
Թիվ 2 (Փետրվար 1847) Գլ. 5–7
Թիվ 3 (Մարտ 1847) Գլ. 8–11
Թիվ 4 (Ապրիլ 1847) Գլ. 12–14
Թիվ 5 (Մայիս 1847) Գլ. 15–18
Թիվ 6 (Հունիս 1847) Գլ. 19–22
Թիվ 7 (Հուլիս 1847) Գլ. 23–25
Թիվ 8 (Օգոստոս 1847) Գլ. 26–29
Թիվ 9 (Սեպտեմբեր 1847) Գլ. 30–32
Թիվ 10 (Հոկտեմբեր 1847) Գլ. 33–35
Թիվ 11 (Նոյեմբեր 1847) Գլ. 36–38
Թիվ 12 (Դեկտեմբեր 1847) Գլ. 39–42
Թիվ 13 (Հունվար 1848) Գլ. 43–46
Թիվ 14 (Փետրվար 1848) Գլ. 47–50
Թիվ 15 (Մարտ 1848) Գլ. 51–53
Թիվ 16 (Ապրիլ 1848) Գլ. 54–56
Թիվ 17 (Մայիս 1848) Գլ. 57–60
Թիվ 18 (Հունիս 1848) Գլ. 61–63
Թիվ 19/20 (Հուլիս 1848) Գլ. 64–67

Մասերը նման էին բրոշյուրների և պարունակում էին մի քանի գլուխներ՝ մետաղի վրա փորագրություններով և արտաքին էջերի միջև գովազդներով: Այդ նկարազարդումները դեղին կազմի վրա են. այս գույնը դարձել էր խորհրդանշական Թեքերեյի համար, ինչպես բաց փիրուզագույնը՝ Դիքենսի համար։ Սա թույլ էր տալիս անցորդներին հեռվից նկատել Թեքերեյի նոր համարը գրախանութում[34]:

«Ունայնության տոնավաճառը» առաջին աշխատանքն էր, որը Թեքերեյը հրատարակել է իր սեփական անունով, և այն արժանացել է դրական արձագանքի: Գրքի հրատարակության ավարտից հետո այն որպես ամբողջական վեպ տպագրվել է Բրեդբերի և Էվանսի կողմից 1848 թվականին, իսկ այնուհետև Լոնդոնի այլ տպագրիչների կողմից: Որպես հավաքածու, հատվածները կրում էին «Վեպ առանց հերոսի» ենթավերնագիրը[Ն 3]: 1859 թվականի վերջին «Ունայնության տոնավաճառի» հոնորարները Թեքերեյին բերել էին ընդամենը 2000 ֆունտ ստեռլինգ եկամուտ[34][Ն 4]։

Իր առաջին սևագրից և հետագա հրատարակությունից սկսած, Թեքերեյը երբեմն վերանայել է իր գրվածքները՝ դրանք ընթերցողների համար ավելի մատչելի դարձնելու նպատակով։ 5-րդ գլխում սկզբնական «Ինչէրանունդ իշխանը»[36] 1853 թվականի հրատարակության մեջ դարձել է «Ահմեդ իշխան»[37]։ 13-րդ գլխում հեռացվել է մի հատված աստվածաշնչյան Հեփթայի մասին, թեև Իփիգենիային վերաբերող հղումները մնացել են [37]։ 56-րդ գլխում Թեքերեյը սկզբում շփոթել էր Սամուելին՝ տղային, որին մայրը՝ Հաննան, հանձնել էր, երբ Աստված կանչել էր նրան, Եղիայի հետ[38]՝ ծեր քահանայի, որի խնամքին էր հանձնվել տղան. այս սխալն ուղղվել է միայն 1889 թվականի հրատարակության մեջ[39]՝ Թեքերեյի մահից հետո։

Շարքերը կրում էին «Անգլիական հասարակության գրչային և մատիտային էսքիզներ» ենթավերնագիրը, և թե՛ դրանք, թե՛ վաղ կազմված տարբերակները ներառում էին Թեքերեյի սեփական նկարազարդումները։ Դրանք երբեմն խորհրդանշական իմաստով պատկերներ էին, ինչպես օրինակ՝ իգական կերպարներից մեկը ներկայացված էր որպես մարդակեր ջրահարս։ Թեև վեպում հստակ ցույց է տրված, որ մյուս կերպարները կարծում են, որ Բեքի Շարփը սպանել է իր երկրորդ ամուսնուն, ամեն դեպքում ոչինչ այդ մասին հստակ ասված չէ։ Սակայն մի նկարազարդման մեջ նա գաղտնալսում է Ջոսին ու Դոբինին, և բռնել է ինչ-որ փոքր սպիտակ առարկա։ Ենթավերնագիրը՝ «Բեքիի երկրորդ հայտնությունն է Կլիտեմնեստրայի կերպարում», պարզաբանում է, որ նա իսկապես սպանել է իր ամուսնուն[16][40][28]։

Թեքերեյի՝ «Ունայնության տոնավաճառի» 11-րդ թողարկման համար նախատեսված նկարներից մեկը հրատարակությունից հանվել է զրպարտության մեղադրանքի սպառնալիքի պատճառով, որովհետև նկարում պատկերված Լորդ Սթեյնը նման էր Հերթֆորդի մարկիզին[41]։ Չնայած դրանց կարևորությանը, ժամանակակից հրատարակությունների մեծ մասը կա՛մ չի ներառում բոլոր նկարազարդումները, կա՛մ անում է դա վատ որակով։

Ընդունելություն և քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեքին որպես Կիրկե, որը Ոդիսևսի ընկերներին խոզերի է վերածել:
Բեքին դոմինո դիմակով՝ Եվրոպայում ռուլետ խաղալիս
Բեքին որպես Նապոլեոն՝ հիմնված և՛ Էլբայում, և՛ Սուրբ Հեղինեում արված տարբեր դիմանկարների վրա։

Ժամանակակիցների ընկալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի ոճը մեծապես նման է Հենրի Ֆիլդինգի ոճին[19]։ Թեքերեյը նպատակ ուներ գիրքը դարձնել ոչ միայն զվարճալի, այլև ուսուցողական, ինչը երևում է գրքի պատումից և Թեքերեյի անձնական նամակագրությունից։ «Punch»-ի խմբագրին ուղղված նամակում նա արտահայտել է իր համոզմունքը, որ «մեր մասնագիտությունը... նույնքան լուրջ է, որքան հոգևորականինը»[32]։ Նա այն համարում էր իր՝ որպես գրողի հասունացումը[Ն 5]և մեծագույն աշխատանքը[43]։

Քննադատները դեռ գրքի վերջին մասի հրապարակումից առաջ դրական արձագանքներ են հնչեցրել։ Իր նամակագրության մեջ Շարլոթ Բրոնտեն հիացմունքով է խոսել նաև նրա նկարազարդումների մասին. «Դուք հեշտությամբ չեք գտնի երկրորդ Թեքերեյ։ Թե ինչպես է նա կարողանում մի քանի սև գծերով ու կետերով արտահայտել այնքան նուրբ, այնքան իրական երանգներ, բնավորության այնքան մանրակրկիտ, այնքան նրբին, այնքան դժվար որսալի գծեր, ես չեմ կարող ասել, ես կարող եմ միայն զարմանալ և հիանալ ... Եթե Ճշմարտությունը կրկին աստվածուհի լիներ, Թեքերեյը պետք է լիներ նրա գերագույն քուրմը»[44]։

Վաղ շրջանի քննադատները Բանյանի ազդեցությունը համարում էին ակնհայտ և համեմատում էին Բեքիին՝ Ուխտագնացի, իսկ Թեքերեյին՝ Հավատարիմի հետ[32]։ Ոմանք նաև հիասթափություն են հայտնել մարդկային բնության մռայլ պատկերման կապակցությամբ՝ վախենալով, որ Թեքերեյն իր մռայլ փոխաբերությունը չափազանց հեռու է տարել։ Ի պատասխան քննադատների արտահայտած կարծիքին, Թեքերեյը բացատրել է, որ մարդկանց մեծամասնությունը իր համար «սարսափելի հիմար և եսասեր է»[45]։

Դժբախտ ավարտով նա փորձել է ոգեշնչել ընթերցողներին նայել իրենց ներսը՝ սեփական թերությունները տեսնելու համար։ Այլ քննադատներ նկատել են վեպում առկա սոցիալական ընդվզումը. իր նամակագրության մեջ Թեքերեյը նշել է, որ իր քննադատությունը սահմանափակված չէ միայն վերին խավով. «Իմ նպատակն է բոլորին ներգրավել, և ես պետք է իմ պատմությունը շարունակեմ այս տխուր մինորային տոնայնությամբ՝ միայն երբեմն ակնարկելով ավելի լավ բաների մասին, որոնց մասին քարոզելը ինձ ամենևին համապատասխան չէ»[46]։

Վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը համարվում է անգլիական գրականության դասական ստեղծագործություն, թեև որոշ քննադատներ պնդում են, որ այն ունի կառուցվածքային մի շարք խնդիրներ. Թեքերեյը երբեմն կորցնում է իր աշխատանքի հսկայական ծավալի հետքը՝ խառնելով կերպարների անունները և երկրորդական սյուժետային մանրամասները: Վեպը պարունակում է այնքան շատ ակնարկներ և հղումներ, որ ժամանակակից ընթերցողների համար դժվար է հետևել դրանց:

Ենթավերնագիրը՝ «Վեպ առանց հերոսի», վերաբերում է այն հանգամանքին, որ բոլոր կերպարներն ունեն թերություններ՝ ավելի մեծ կամ փոքր չափով. նույնիսկ ամենահամակրելի կերպարներն ունեն թուլություններ, օրինակ՝ կապիտան Դոբինը հակված է սնափառության և մելամաղձության: Մարդկային թուլությունները, որոնք Թեքերեյը պատկերում է, հիմնականում կապված են ագահության, ծուլության և սնոբիզմի հետ, ինչպես նաև դրանք քողարկող խարդախության, խաբեության և կեղծավորության հետ: Կերպարներից ոչ մեկը բացարձակապես չար չէ, թեև Բեքիի մանիպուլյատիվ հակումները նրան բավականին մոտեցնում են բացարձակ չար կերպար դառնալուն: Այնուամենայնիվ, նույնիսկ Բեքին, որը անբարոյական է և խորամանկ, հայտնվում է նման իրավիճակում՝ աղքատության և դրա խարանի պատճառով(Նա աղքատ նկարչի և օպերային պարուհու որբացած դուստր է): Թեքերեյի՝ իր բոլոր կերպարների թերությունները ընդգծելու միտումը ցույց է տալիս, որ նա իր ստեղծագործության մեջ ձգտում է ավելի մեծ իրատեսություն ապահովել՝ ի տարբերություն ժամանակակից շատ վեպերում հանդիպող բավականին անհավանական կամ իդեալականացված մարդկանց:

Վեպը հասարակության ամբողջական ծաղրն է, որը բնութագրվում է կեղծավորությամբ և անկայունությամբ. չկա հստակ ակնարկ, որ սոցիալական կամ քաղաքական փոփոխությունները կամ ավելի մեծ բարեպաշտությունն ու բարոյական բարեփոխումները կարող են բարելավել նման հասարակության բնույթը: Այսպիսով, այն բավականին մռայլ է պատկերում մարդկության վիճակը: Հեղինակն անընդհատ մեկնաբանություններ է անում իր կերպարների մասին և համեմատում է նրանց դերասանների և տիկնիկների հետ, նույնիսկ անդրադառնում է ընթերցողներին՝ մեղադրելով բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են նման «Ունայնության տոնավաճառներով»[47]: Ինչպես լորդ Դեյվիդ Սեսիլն է նշել. «Թեքերեյը սիրում էր մարդկանց և հիմնականում կարծում էր, որ նրանք բարի մտադրություններ ունեն: Բայց նա նաև շատ պարզ տեսնում էր, որ մարդիկ բոլորն էլ որոշ չափով թույլ են, սնափառ, եսասեր և ինքնախաբեությամբ տարված»[48]: Ամելիան սկզբում ներկայացվում է որպես բարեսիրտ և ընկերասեր, սակայն զգացմունքային և միամիտ աղջիկ,, բայց պատմության վերջում նա ներկայացվում է որպես դատարկ և մակերեսային: Դոբինը սկզբում հավատարիմ և մեծահոգի է, թեև չի գիտակցում իր արժանիքները, իսկ պատմության վերջում նա ներկայացվում է որպես դժբախտ հիմար՝ իր սեփական պարտքի զգացմանը գերի, որը թեև գիտակցում է, որ վատնում է իր տաղանդը Ամելիայի վրա, բայց չի կարողանում ապրել առանց նրա: Վեպի ավելի ու ավելի մռայլ զարգացմանը զուգահեռ ընթերցողները հիասթափվում են իրենց սիրելի կերպարներից:

Այս վեպը հաճախ համեմատվում է Նապոլեոնյան պատերազմների մասին մյուս մեծ պատմական վեպի՝ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղության» հետ[Ն 6]: Տոլստոյի աշխատանքն ավելի շեշտադրում է պատմական մանրամասների և պատերազմի՝ իր կերպարների վրա ունեցած ազդեցությունները, մինչդեռ Թեքերեյն, ընդհակառակը, օգտագործում է հակամարտությունը որպես հետին պլան իր կերպարների կյանքի համար: Եվրոպայում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները միշտ չէ, որ հավասարապես կարևոր ազդեցություն ունեն Թեքերեյի կերպարների վարքագծի վրա: Փոխարենը, նրանց թերությունները ժամանակի ընթացքում միտում ունեն բարդանալու: Սա հակադրվում է «Պատերազմ և խաղաղության» կերպարների վրա հակամարտության ունեցած փրկագործող ուժին: Թեքերեյի համար Նապոլեոնյան պատերազմներն ընդհանուր առմամբ կարելի է դիտարկել որպես վերնագրում արտահայտված սնափառություններից մեկը:

Գրքում անդրադարձ է կատարվում տարբեր առարկաներին և դրանց հետ կերպարների հարաբերություններին, օրինակ՝ Ռեբեկայի ադամանդները կամ դաշնամուրը, որը Ամելիան գնահատում է, երբ կարծում է, որ այն Ջորջից է եկել, և անտեսում է, երբ իմանում է, որ Դոբինն է այն տրամադրել: Մարքսիստական և նմանատիպ քննադատական դպրոցներն ավելի հեռուն են գնում և տեսնում են, որ Թեքերեյը դատապարտում է սպառողականությունը և կապիտալիզմը: Այնուամենայնիվ, նրա ստեղծած իրավիճակները հաճախ մեկնաբանվում են որպես անձնական, այլ ոչ թե ինստիտուցիոնալ:

Չնայած Թեքերեյի հստակ ակնարկներին այս թեմայի վերաբերյալ, Ջոն Սաթերլենդը պնդել է, որ Բեքին չի սպանել Ջոսին՝ հիմնվելով Էդվարդ Բուլվեր-Լիտոնի և վիկտորիանական հանցագործ գրականության այլ հեղինակների «Նյուգեյթյան վեպերի» մասին Թեքերեյի քննադատության վրա[Ն 7]: Թեև Թեքերեյը հիմնականում դեմ է եղել հանցագործի արարքների փառաբանմանը, նրա մտադրությունը կարող էր լինել վիկտորիանական ընթերցողին թակարդի մեջ գցել իրենց սեփական նախապաշարմունքներով և ստիպել նրանց վատը մտածել Բեքի Շարփի մասին, նույնիսկ երբ նրանք ոչ մի ապացույց չունեն նրա գործողությունների վերաբերյալ[51]:

1923 թվականի «Ունայնության տոնավաճառ» ֆիլմի քարտը, որում Բեքի Շարփի դերը կատարել է ռեժիսորի կինը

Գրքի հիման վրա կատարվել են մի շարք մշակումներ։

  • «Ունայնության տոնավաճառ» (7 հունվարի, 1940թ.), CBS Radio-ի «Campbell Playhouse» շարքը, որը վարում էր Օրսոն Ուելսը, հեռարձակվել է մեկժամյա ադապտացիա՝ Հելեն Հեյսի և Ագնես Մուրհեդի մասնակցությամբ:
  • «Ունայնության տոնավաճառ» (6 դեկտեմբերի, 1947թ.), NBC Radio-ի «Favorite Story» շարքը, որը վարում էր Ռոնալդ Քոլմանը, հեռարձակվել է կես ժամանոց ադապտացիա՝ Ջոան Լորինգի մասնակցությամբ «Բեքի Շարփ» դերում[52][53]:
  • «Ունայնության տոնավաճառ» (2004թ.), BBC Radio 4-ը հեռարձակել է Սթիվեն Ուայաթի կողմից ադապտացված վեպը, որտեղ Էմմա Ֆիլդինգը Բեքիի դերում էր, Սթիվեն Ֆրայը՝ պատմողի, Քեյթի Քավանան՝ Ամելիայի, Դեյվիդ Քալդերը, Ֆիլիպ Ֆոքսը, Ջոն Գլովերը, Ջեֆրի Ուայթհեդը՝ պարոն Օսբորնի, Իան Մասթերսը՝ պարոն Սեդլիի, Էլիս Հարթը՝ Մարիա Օսբորնի և Մարգարեթ Թիզակը՝ օրիորդ Քրոուլիի դերերում. այն հետագայում վերահեռարձակվել է BBC Radio 4 Extra-ում՝ 20 տասնհինգրոպեանոց հատվածներով[54]:
  • «Ունայնության տոնավաճառ» (2019թ.), BBC Radio 4-ը հեռարձակել է Ջիմ Փոյզերի կողմից ադապտացված վեպի եռամաս տարբերակը՝ Էլ Մյուրեյի (Թեքերեյի իրական ժառանգը, որը նաև հանդես է գալիս որպես Թեքերեյ)[55] լրացուցիչ նյութերով, որտեղ Էլի Ուայթը Բեքի Շարփի դերում է, Հելեն Օ'Հարան՝ Ամելիա Սեդլիի, Բլեյք Ռիտսոնը՝ Ռոդոն Քրոուլիի, Ռուպերտ Հիլը՝ Ջորջ Օսբորնի և Գրեմ Հոուլին՝ Դոբինի դերերում:
  • «Ունայնության տոնավաճառ» (1911թ.), ռեժիսոր՝ Չարլզ Քենթ[56]
  • «Ունայնության տոնավաճառ» (1915թ.), ռեժիսոր՝ Չարլզ Բրաբին
  • «Ունայնության տոնավաճառ» (1922թ.), ռեժիսոր՝ Ու. Քորթնի Ռոուդեն
  • «Ունայնության տոնավաճառ» (1923թ.), ռեժիսոր՝ Հյուգո Բալին

Հնչյունային ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ունայնության տոնավաճառ» (1932թ.), ռեժիսոր՝ Չեսթեր Մ. Ֆրանկլին, գլխավոր դերում՝ Միռնա Լոյ, պատմությունը թարմացնելով՝ Բեքի Շարփին դարձնելով սոցիալական աստիճանով բարձրացող դաստիարակչուհի
  • «Բեքի Շարփ» (1935թ.), գլխավոր դերերում՝ Միրիամ Հոփքինս և Ֆրենսիս Դի, առաջին լիամետրաժ ֆիլմը՝ նկարահանված լիասպեկտր Տեխնիկոլորով
  • «Ունայնության տոնավաճառ» (2004թ.), ռեժիսոր՝ Միրա Նաիր, գլխավոր դերերում՝ Ռիզ Ուիթերսփունը որպես Բեքի Շարփ և Նատաշա Լիթլը, որը խաղացել էր Բեքի Շարփի դերը «Ունայնության տոնավաճառի» ավելի վաղ հեռուստասերիալում, որպես լեդի Ջեյն Շիփշանքս

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ունայնության տոնավաճառ» (1956-7թթ.), BBC-ի սերիալ՝ ադապտացված Կոնստանս Քոքսի կողմից, գլխավոր դերում՝ Ջոյս Ռեդման
  • «Ունայնության տոնավաճառ» (1967թ.), BBC-ի մինի-սերիալ՝ ադապտացված Ռեքս Թաքերի կողմից, գլխավոր դերում՝ Սյուզան Համփշիրը որպես Բեքի Շարփ, որի համար նա 1973 թվականին ստացել է Էմմի մրցանակ: Այս տարբերակը նաև հեռարձակվել է 1972 թվականին ԱՄՆ-ում PBS հեռուստատեսությամբ՝ որպես «Masterpiece Theatre»-ի մաս։
  • «Յարմարկա չշեսլավիյա» (1976թ.), երկմասանոց հեռուստասերիալ՝ ռեժիսորներ Իգոր Իլյինսկի և Մարիետ Մյատ, բեմադրված ԽՍՀՄ Մոսկվայի պետական ակադեմիական Մալի թատրոնի կողմից[57]
  • «Ունայնության տոնավաճառ» (1987թ.), BBC-ի մինի-սերիալ, գլխավոր դերերում՝ Իվ Մեթսոնը որպես Բեքի Շարփ, Ռեբեկա Սեյրը որպես Ամելիա Սեդլի, Ջեյմս Սաքսոնը որպես Ջոս Սեդլի և Սայմոն Դորմանդին որպես Դոբին[58]:
  • «Ունայնության տոնավաճառ» (1998թ.), BBC-ի մինի-սերիալ, գլխավոր դերում՝ Նատաշա Լիթլը որպես Բեքի Շարփ
  • «Ունայնության տոնավաճառ» (2018թ.), ITV-ի և Amazon Studios-ի յոթմասանոց ադապտացիա, գլխավոր դերերում՝ Օլիվիա Կուքը որպես Բեքի Շարփ, Թոմ Բեյթմանը որպես կապիտան Ռոդոն Քրոուլի և Մայքլ Փեյլինը որպես Թեքերեյ[59]
  • «Բեքի Շարփ» (1899թ.), պիես՝ գրված Լենգդոն Միտչելի կողմից
  • «Ունայնության տոնավաճառ» (1946թ.), պիես՝ գրված Կոնստանս Քոքսի կողմից
  • «Ունայնության տոնավաճառ» (2017թ.), պիես՝ գրված Քեյթ Համիլի կողմից
  • «Ունայնություն» (2023թ.), մյուզիքլ՝ գրված Բեռնարդ Ջ. Թեյլորի կողմից

Գեղարվեստական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բեքի տիկնիկը» կառուցում է իր թղթե տնակը
  1. Sutherland (1988), "Domestic Fiction".
  2. Matthews, Roy T.; Mellini, Peter (1982). In 'Vanity Fair'. University of California Press. էջ 17. ISBN 9780520043008.
  3. «BBC The Big Read». BBC. April 2003. Վերցված է 31 October 2012-ին.
  4. The Pilgrim's Progress, 1853.
  5. «The Title of Vanity Fair». Shmoop.com. Արխիվացված է օրիգինալից 30 June 2018-ին. Վերցված է 2 October 2014-ին.
  6. «The Pilgrim's Progress, By John Bunyan. Summary and Analysis, Part 1, Section 7 – Vanity Fair». Cliff's Notes. Վերցված է 30 October 2014-ին.
  7. 7,0 7,1 Milne (2015), էջ. 104
  8. Milne (2015), էջ. 102.
  9. Milne (2015), էջ. 109.
  10. «Jeremiah 17», Bible Gateway.
  11. Milne (2015), էջ. 110
  12. 12,0 12,1 Vanity Fair, 1848, էջեր vii–ix.
  13. 13,0 13,1 Vanity Fair, 1848, էջ 624.
  14. York (1997), էջ. 61.
  15. Vanity Fair, 1848, էջ 134.
  16. 16,0 16,1 Heiler (2010), էջ. 61.
  17. Vanity Fair, 1848, էջ 563.
  18. Vanity Fair, 1848, էջ 605.
  19. 19,0 19,1 19,2 Sutherland (1988), "Vanity Fair".
  20. Vanity Fair, 1848, էջ 15.
  21. Vanity Fair, 1848, էջ 32.
  22. Vanity Fair, 1848, էջ 9.
  23. Vanity Fair, 1848, էջ 103.
  24. York (1997), էջ. 22.
  25. "Readers love a good anti-hero – so why do they shun anti-heroines?" by Emma Jane Unsworth, The Guardian, 18 November 2014
  26. Milne (2015), էջ. 110–111.
  27. Shillingsburg, Peter L. «Thackeray, William Makepeace (1811–1863)». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/27155. (Subscription or UK public library membership required.)
  28. 28,0 28,1 Macguire, Matthew (2000), «W.M. Thackeray's Illustrations for Vanity Fair», The Victorian Web.
  29. 29,0 29,1 Tillotson & al. (1963), էջեր. xvii ff..
  30. 30,0 30,1 York (1997), էջ. 29.
  31. Tillotson & al.,[29] cited in York.[30]
  32. 32,0 32,1 32,2 Milne (2015), էջ. 108.
  33. Tillotson & al.,[29] cited in York.[30]
  34. 34,0 34,1 34,2 Wilson & al. (1970), էջ. 13.
  35. Sutherland (1988), "Carlyle & Carlylism".
  36. Vanity Fair, 1848, էջ 36.
  37. 37,0 37,1 York (1997), էջ. 28.
  38. Vanity Fair, 1848, էջ 504.
  39. York (1997), էջ. 133.
  40. Dibattista (1980).
  41. «Suppressed Plates», Pall Mall Magazine, London, 1899{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link).
  42. Wilson & al. (1970), էջ. 85.
  43. Wilson & al. (1970), էջ. 86.
  44. Wilson & al. (1970), էջ. 8.
  45. Ray (1946), էջ. 309.
  46. Milne (2015), էջ. 111.
  47. Vanity Fair, 1848, էջ viii.
  48. Cecil, David (1934), Early Victorian Novelists, Constable, էջ 69.
  49. Carey, John (1977). Thackeray: Prodigal Genius. Faber. ISBN 9780571111268.
  50. McAloon, Jonathan (20 June 2015), «Why Vanity Fair Is the Greatest Novel about Waterloo», The Daily Telegraph.
  51. Sutherland, John (1996). Is Heathcliff A Murderer?: Great Puzzles in Nineteenth-century Fiction. Oxford University Press.
  52. «Vanity Fair». Favorite Story. Old Time Radio Downloads. 6 December 1947.
  53. «Vanity Fair». Favorite Story. Old Time Radio. 6 December 1947. Արխիվացված է օրիգինալից 2021-11-30-ին.
  54. «Vanity Fair by William Makepeace Thackeray». BBC. Վերցված է 9 May 2022-ին.
  55. «BBC Radio 4 - Vanity Fair».
  56. Vanity Fair. Films 101. 1911.
  57. Yarmarka tshcheslaviya(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  58. «Vanity Fair». 20 September 1987. էջ 39 – via BBC Genome.
  59. Tartaglione, Nancy (25 September 2017). «'Vanity Fair': Suranne Jones, Michael Palin Join Olivia Cooke In ITV/Amazon Drama». deadline.com. Վերցված է 13 March 2018-ին.
  60. «Becky by Sarah May».

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "It beareth the name of Vanity Fair, because the town where it is kept is 'lighter than vanity."[4]
  2. The narrator claims in Chapter 62 to have first seen Dobbin, Amelia, and Jos at Pumpernickel on their European tour (so very late in the narrative) and that he is "the present writer of a history of which every word is true",[17] but admits that most of his story has been gossip.
  3. In addition to its other intentions, the name was a jab at Thomas Carlyle's "Lectures on Hero and Hero-Worship".[35]
  4. In the letter where he recorded these sums, Thackeray noted "Three more years please the Fates and the girls will have eight or ten thousand a-piece that I want for them: we must n't say a word against filthy lucre for I see the use and comfort of it every day more and more. What a blessing not to mind about bills."[34]
  5. To a German visitor who told him he had learned to read English from Vanity Fair, Thackeray replied "And that's where I learned to write it".[42]
  6. Examples include Carey's Prodigal Genius[49] and McAloon's defence of the work in The Telegraph.[50]
  7. The trio of lawyers Becky gets to defend herself from the claims—Burke, Thurtell, and Hayes—are named after prominent murderers of the time, although this may have been a tease or commentary on the legal profession itself.