Ուկրաինական դիրեկտորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՈւԺՀ կառավարական կազմը

Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության դիրեկտորիա (ուկր.՝ Директорія Української Народної Республіки), ժամանակավոր կոլեգիալ պետական հեղափոխական հանձնաժողով Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունում (1918-1920)։ Կազմել են ուկրաինական ազգայնական կուսակցությունների պարագլուխները 1918 թվականի նոյեմբերի 14-ին, Բելայա Ցերկովում։

Նախագահն էր Վոլոդիմիր Վիննիչենկոն (մինչև 1919 թվականի փետրվարը), զորահրամանատարը՝ Ս․ Վ․ Պետոլյուրան։ 1918 թվականի դեկտեմբերի 14-ին դիրեկտորիայի զորքերը գրավեցին Կիևը։ Արտաքին քաղաքականության մեջ Ուկրաինական դիրեկտորիան կողմնորոշվում էր դեպի Անտանտը։ 1919 թվականի հունվարի 16-ին պատերազմ հայտարարեց Խորհրդային Ռուսաստանին։ Ուկրաինական դիրեկտորիան համաձայնեց դաշինք կնքել գեներալ Անտոն Դենիկինի հետ և խորհրդային իշխանության դեմ պայքարի նպատակով ստեղծել 300 հազարանոց բանակ։

1919 թվականի հունվար-ապրիլին Ուկրաինայի խորհրդային զորքերը և ապստամբները պարտության մատնեցին դիրեկտորիայի հիմնական զինված ուժերին։ Ուկրաինական դիրեկտորիայի անդամները հեռացան Կիևից, ապա Վիննիցայից։ Օգտվելով Ուկրաինայի վրա Դենիկինի հարձակումից՝ Ուկրաինական դիրեկտորիայի զորքերը գալիցիական կորպուսի հետ 1919 թվականի օգոստոսի 30-ին ներխուժեցին Կին, սակայն օգոստոսի 31-ին դենիկինյան զորքերի կողմից դուրս մղվեցին քաղաքից։

Հրաժարվելով Պետլյուրայի հետ համաձայնությունից՝ Դենիկինը 1919 թվականի հոկտեմբերին պարտության պետլյուրականներին։ Վարշավա հեռացած Պետլյուրան Ուկրաինական դիրեկտորիայի անունից պայմանագիր կնքեց լեհական կառավարության հետ խորհրդային երկրի դեմ համատեղ պատերազմի վերաբերյալ։ 1920 թվականի լեհա-խորհրդային պատերազմի ավարտից և պետլյուրականներ լիակատար պարտությունից հետո, Պետլյուրայի հրամանով 1920 թվականի նոյեմբերին Ուկրաինական դիրեկտորիան ցրվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png