Ոզնագլխիկ Տուրնեֆորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոզնագլխիկ Տուրնեֆորի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Ոզնագլխիկ Տուրնեֆորի
Լատիներեն անվանում
Echinops tournefortii


Ոզնագլխիկ Տուրնեֆորի (լատին․՝ Echinops tournefortii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1 մ բարձրությամբ բազմամյա բույս է։ Ցողունն ունի սպիտակ թաղիքային թավոտություն, զամբյուղների տակ տերևակալած չէ։ Տերևները շատ փշոտ են, գոգավոր կամ փետրաձև հատված, վերևից` ոստայնանման, տակից՝ թաղիքային թավոտությամբ և գեղձերով ծածկված ջղերով։ Խոզանների փունջը խիտ չէ և հասնում է զամբյուղի կեսին։ Ծածկոցի բոլոր տերևները՝ արտաքինները և միջինները, ունեն երկար, կոշտ, ցցված փշոտ–թարթիչավոր եզրեր, գագաթում` հազվադեպ փոքր կարճոտիկ գեղձերով։ Պսակը դժգույն–երկնագույն է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Իջևանի և Բերդի շրջակայք)։ Աճում է նաև Արևելյան Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 700–1400 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառների եզրերին։ Ծաղկում է օգոստոս–սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում գտնվող մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնագլխիկ Տուրնեֆորի» հոդվածին։