Շվեխաթ (գերմ.՝ Schwechat), քաղաք Ավստրիայում` Ստորին Ավստրիա դաշնային հողում։ Քաղաքը հայտնի է դարձել այնտեղ տեղակայված Վիեննայի միջազգային օդանավակայանով, ինչպես նաև գարեջրի տեղական ապրանքանիշով, որը կոչվում է քաղաքի անունով։
Գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հարավ-արևելքում։ Մտնում է Վիեննա շրջանի մեջ։ Վիեննան բաժանված է չորս վարչատարածքային միավորի, որոնք կոչվում են կադաստրային համայնքներ (գերմ.՝ Katastralgemeinde): Դրանք են Քլեդերինգը (գերմ.՝ Kledering), Մանսվյորթը (գերմ.՝ Mannswörth), Ռանեռսդորֆ (գերմ.՝ Rannersdorf) և Շվեխաթը (գերմ.՝ Schwechat): Քաղաքը կոչվել է Շվեխաթ գետի անունով, որը հոսում է քաղաքի կենտրոնով։ Զբաղեցնում է 44,7 կմ²։ Ծովի մակարդակից ունի 162 մետր բարձրություն։
Քաղաքում է գտնվում OMV նավթավերամշակման գործարանը[3], Brauerei Schwechat և Brau Union գարեջրագործարանները, Leipnik-Lundenburger կորպորացիայի գլխամասը, Borealis քիմգործարանը և այլ խոշոր ձեռնարկություններ։
Հռոմեական տիրապետության տարիներին ժամանակակից Շվեխաթի տարածքում գտնվում էր Ալա Նովա (գերմ.՝ Ala Nova) ավանը։
Շվեխաթ բնակավայրի առաջին հայտնի հիշատակումը 1334 թվականի մի փաստաթղթում է[4]։ 1724 թվականին հիմնադրվել է տեքստիլի գործարան։ Շվեխաթը շատ է շահել XIX դարի ավստրիական ինդուստրացումից։ Շատ ընկերություններ, որոնք հիմնվել են այդ ժամանակ, գործում են մինչև հիմա։ Շվեխաթը ստացել է քաղաքի կարգավիճակ 1924 թվականին, միացվել է Վիեննայի շրջանին 1938 թվականին։ Այն ստացել է առանձին քաղաքի կարգավիճակ 1945 թվականին։