Շվեդա-գերմանական լյութերական ծխական համայնքի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Շվեդա-գերմանական լյութերական ծխական համայնքի տուն (ռուս.՝ Дом шведско-немецкого лютеранского прихода), շենք Վիբորգում, որը կառուցվել է 1932 թվականին Սուրբ Պողոս Պետրոսի լյութերական համայնքի համար, ճարտարապետ Ունո Ուլբերգի նախագծով։ Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ Վիբորգսկայա փողոցում, ֆունկցիոնալիզմի ոճով կառուցված չորս հարկանի շենքը ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի վերջին Ռուսական կայսրության Վիբորգի կուսակալությունում (Ֆինլանդիայի նահանգ), ինչպես նաև Օսթզեական նահանգներում, այլ էթնիկական խմբերի համեմատությամբ, գերմանացիները մեծ ազդեցություն ունեին, իսկ գերմաներենը պաշտոնական գործավարական լեզու էր[1]։ Վիբորգյան գերմանացիները ստեղծեցին առանձին լյութերական համայնք, որի ծխական եկեղեցին Սուրբ Պողոս Պետրոսի տաճարն էր, որը կառուցվել է 1799 թվականին։ 1809 թվականից հետո Մեծ դքսության կարգավիճակ ստացած Շվեդական Ֆինլանդիան դարձավ Ռուսաստանի կայսրության մի մասը, Ալեքսանդր I կայսեր 1812 թվականի հրամանագրով ֆիննական նահանգը («Հին Ֆինլանդիա»), որը կրկին վերանվանվեց վիբորգյան, կցվեց Ֆինլանդիայի մեծ դքսությանը։ Այդ ժամանակից ի վեր շվեդական համայնքի դերը կրկին աճեց։

Շվեդներն ու գերմանացիները սերտորեն համագործակցում էին ծխական գործերում՝ միասին օգտագործելով Սուրբ Պողոս Պետրոսի տաճարը ժամերգությունների համար` կիրակի օրերին արարողությունը տեղի էր ունենում առավոտյան ժամը 10-ին, շվեդերեն, իսկ 12-ին՝ գերմաներեն[2]։ Այդ պատճառով էլ որոշվեց համատեղ ուժերով կառուցել ծխական համայնքի տունը։ Ճարտարապետ Ունո Ուլբերգի նախագծով, որը զբաղվում էր նաև Պանցերլաքս բաստոնի վերակառուցման աշխատանքներով, 1931-1932 թվականներին ֆունկցիոնալիզմի ոճով կառուցվում է չորս հարկանի շենք, որը կազմում է մեկ միասնական ճարտարապետական համալիր թանգարանի և արվեստի դպրոցի շենքի հետ միասին, որը կառուցվել էր նույն ճարտարապետի կողմից բաստիոնի տարածքում։

Սպիտակ շենքի բնորոշ առանձնահատկությունը սիմետրիկ ճակատի մինիմալիստական դեկորն էր, որն ամբողջացնում էին տարբեր տեսակի ուղղանկյուն պատուհանների բացվածքները։ Երկրորդ հարկի պատուհանների արանքում տեղավորված էին գնդաձև սպիտակ լապտերներ։ Նշանակալի տեղ էր գրավում երկար դրոշաձողը, որի համար փոքր նեղ խորշ էր կառուցված ճակատի վերին աջ անկյունում։ Տանը տեղավորված էին ծխական հաստատություններ (հիմնականում երկրորդ հարկում) և բնակարաններ եկեղեցու սպասավորների համար (առաջինում`գրասենյակի և պահակային ծառայության, իսկ երրորդ և չորրորդ հարկերում քահանաների)։ Երկրորդ հարկի զգալի մասը, որն առանձնանում էր բարձր պատուհաններով, զբաղեցնում էր հանդիսությունների սրահը, որը բաժանված էր եկեղեցու խորհրդի նիստերի դահլիճից շարժական միջնորմով։

Շենքի շինարարությունն իրականացվել է ֆիննական ծխական համայնքի համար նույն նպատակով տուն կառուցելուց հետո։ Շվեդա-գերմանական ծխական համայնքի տունը չափերով զիջում է իր ֆիննականին, բայց այն Վիբորգի ֆունկցիոնալության ամենավառ դրսևորումներից մեկն էր, ինչպես Ալվար Աալտոյի գրադարանը, Վիբորգի արխիվը, արվեստի թանգարանն ու դպրոցը, Վիբորգի գրավատունը, «Սավո-կարելական ընկերության մեծածախ առևտրի շենքը» և «Կարյալա» ապահովագրական ընկերության շենքը, որոնք կազմում են այսպես կոչված «Սպիտակ Վիբորգը»։

Խորհրդա-ֆիննական պատերազմների ժամանակ (1939-1944), շվեդա-գերմանական ծխական համայնքի գործունեության դադարեցման հետ կապված, շենքը հետպատերազմյան շրջանում հարմարեցվեց որպես բնակելի մասնաշենք (գտնվել է ուսուցչական ինստիտուտի, ապա՝ թիվ 1 միջնակարգ գիշերօթիկ դպրոցի, այնուհետև Լենքաղնախագիծ ինստիտուտի տնօրինության ներքո)։ Շենքը համեմատաբար քիչ վնաս է կրել՝ ոչնչացվել են դրոշաձողը և առջևի լամպերը։ Գլխավոր մուտքի վրա տեղադրված ցուցանակը պահպանվել է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Р. Швейцер. Выборгские немцы
  2. «Viipurin kaupungin ruotsalainen seurakunta». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]