1778 թվականին եղել է Կամեր-կոլեգիայի նախագահ, 1779 թվականին՝ սենատոր։ 1788 թվականից՝ պաշտոնաթող։ 1759-1760 թվականներին գրած հոդվածներում արտահայտել է սոցիալ-քաղաքական հայացքներ, որոնցում ժխտել է մարդկանց հավասարությունը։ 1760-ական թվականներին հանդես է եկել կառավարությանն ընդդիմադիր մեծատոհմիկ ազնվականության դիրքերից։ 1780-ական թվականներին գրել է «Բարքերի խեղումը Ռուսաստանում» աշխատությունը, որտեղ սուր քննադատության է ենթարկել կառավարության քաղաքականությունն ու պալատական բարքերը։ «Ճանապարհորդություն դեպի Օֆիրյան երկիր» (1783 թվական) ուտոպիստական երկում շարադրել է պետության իր իդեալը, որն ըստ էության ոստիկանական է և հենվում է հպատակների աշխատանքի հաշվին բարգավաճող ազնվականության վրա։ «Ռուսական պատմությունը հնագույն ժամանակներից» (հասցված է մինչև 1610 թվականը) աշխատության մեջ, որը հարուստ է փաստագրական, ժամանակագրական, դիվանագիտական և այլ կարգի նյութերով, ընդգծել է ֆեոդալական ազնվականության դերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 551)։