Շուշիի առաջին մելիքական ապարանք
Շուշիի առաջին մելիքական ապարանքի հատակագծի լուսանկարը[1] | |
Տեսակ | աշտարակ և շինարարական կառույց |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Շուշիի շրջան |
Վայր | Շուշի |
Հիմնադրված է | 18-րդ դար |
Շուշիի առաջին մելիքական ապարանք, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում գտնվող 18-րդ դարի կառույց։
Շուշիում պահպանվել են մի քանի մելիքական ապարանքներ, որոնք գտնվում են քաղաքի հարավարևելյան մասում։ Սակայն գրավոր վկայություններ այս շինությունների մասին հայտնի չեն։ Դրանցից մեկը Շուշիի առաջին մելիքական ապարանքն է։ Այն տեղակայված է քաղաքի հարավարևելյան մասում, ձորի վերին քարափի գրեթե եզրից 400 մ արևմուտք։ Քառաբուրգ, պարսպափակ ապարանքի շեշտված ամրոցակերպությունը հուշում է, որ այն կառուցվել ու գործել է որպես ինքնուրույն պաշտպանական կառույց։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուշիի բերդ
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի վավերագրերի հիման վրա ապացուցված է, որ Շուշին որպես բերդ հիմնադրվել է Ղարաբաղի խանության կենտրոն դառնալուց շատ ավելի շուտ։ Մասնավորապես ակադեմիկոս Աշ․Հովհաննսիյանը փաստերով հիմնավորել է, որ «Փանահ խանի միջնաբերդն ու Ղարաբաղի խանության նստավայրը դարձած տեղում կառուցված բերդապարիսպների հիմնավորումը սկսել է Ավան Յուզբաշին դեռ 1724 թվականին։ Այն մասին,որ Ավան Յուզբաշին այստեղ զբաղված է եղել բերդապարիսպ կառուցելով, 1725 թվականին մի նամակում հայտնում է նաև գեներալ Մատյուշկինը»[2]։
Ուշագրավ է նաև Լեոյի տեղեկույթը․
Շուշին և սրա շրջակայքն էլ կազմում էին Ավան սպարապետի կալվածը։ Մինչ այժմ էլ Շուշիի հարավարևելյան ձորի ժայռը կոչվում է Ավանայ քերծ, այդ ժայռի ստորոտում երևում են ավերակներ, որոնք կոչվում են «Ամարաթներ», և ժողովուրդը պատմում էր, թե այդտեղ բնակվում էր Ավան Յուզբաշին[3]։
- Լեո
|
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելիքական ապարանքների ճարտարապետական հորինվածքներում միահյուսված են հայ հնագույն և Արցախ-Խաչենի իշխանական պալատաշինության, երկրամասի ամրոցաշինության և ժողովրդական բնակելի տան ճարտարապետության դարավոր ավանդույթները։ Որպես ամբողջովին քարակերտ գլխատան համալիրներ՝ մելիքական ապարանքները միաժամանակ ունեն խիստ յուրահատուկ ճարտարապետական նկարագիր, բնական միջավայրին հմտորեն ներդաշնակված հորինվածքներ, զուսպ և ազդու հարդարանք։
Ապարանքն ընդհանուր հատակագծում պարսպապատերով կազմված քառակուսի է՝ չորս անկյունում բոլորաձև, սնամեջ բուրգերով։ Հարավային շարքում պահպանվել են բուրգից բուրգ ձգվող 3,6 մ լայնությամբ բաժանմունքների պատերի և թաղածածկի հատվածներն ու բակահայաց բացվածքների հետքերը, արևելյան մասում՝ թաղածածկի ստորին շարքերը և սրանց տանիքից 1,5 մ բարձրությամբ չորսկան լայն դիտանցք-հրակնատներն ու որմնախորշերը։
Պարիսպներն ու բուրգերը պահպանվել են 6-7 մ բարձրությամբ։Ուշագրավ է ապարանքի հարավարևմտյան բուրգը, որի բարձրությունը 10 մ է, հիմնովին ավերվել է 1992 թվականին, հավանաբար ռմբակոծությունից։ Ինչպես պարսպի դիտանցքները, այնպես էլ այս շեշտված բուրգը ուղղված են դեպի այստեղից բացվող ամենահեռահորիզոն տեսադաշտը։ Սա վկայում է, որ ապարանքը կառուցվել և ինքնուրույն պաշտպանական դեր է կատարել քաղաքի բերդապարիսպների կառուցումից շատ ավելի վաղ։ Ապարանքը կառուցված է բաց երանգով կոպտատաշ որձաքարի կանոնավոր շարքերով, 1-1,2 մ հաստությամբ պատերով։ Սրբատաշ քարով է շարված միայն արտաքին մուտքն իր եզրամասերով, կիսաշրջանագծային կամարներով։
Ապարանքի դեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի մելիքական ապարանքները, այդ թվում և Շուշիի առաջին մելիքական ապարանքը, դարաշրջանի բերդերի և վանք-ամրոցների կողքին մեծ դեր են խաղացել երկրամասի պաշտպանության գործում՝ ինչպես պարսկաթուրքական պատերազմների շրջանում, այնպես էլ հարևան խանությունների ոտնձգությունների դեմ մարտերում։ Հատկապես մեծ է մելիքական ապարանքների դերը 17-18-րդ դարերի հայ ազգային-ազատագրական պայքարի գործում. ապարանքներն այդ պայքարի օջախներ էին՝ յուրօրինակ ամրացված «սղնախները»[4]։
Շուշիի առաջին մելիքական ապարանքում պահպանված գծաշար սենյակները խստորեն տարանջատված և հարմարեցված չեն բնակության համար, ըստ ամենայնի՝ դրանք ծառայել են որպես ամրացված ռազմական հենակետի զորանոցներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արտակ Ղուլյան Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները Արխիվացված 2021-05-02 Wayback Machine
- ↑ «Армяно-русские отношения в первой трети XVIII века». serials.flib.sci.am. II, մաս I. էջեր 140, 490. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Լեո,հատոր 3, գիրք Բ, էջ 140, ծանոթագրություն 4, հատոր 5, էջ 490
- ↑ Ղուլյան Ա., «ՄԵԼԻՔԱԿԱՆ ԱՊԱՐԱՆՔՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ» (ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Հայաստան)
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահեն Մկրտչյան, Շուշիի պատմական հուշարձանները, 1979,էջ 50: Արխիվացված 2019-04-12 Wayback Machine