Շամլուխի պղնձի հանքավայր
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Շամլուխի պղնձի հանքավայր, պղնձահանք ՀՀ Լոռու մարզում, Ախթալա երկաթուղային կայարանից 8 կիլոմետր հյուսիս արևմուտք։ Ընդմիջումներով մշակվում է 1770 թվականից։ 1887 թվականից մինչև 1914 թվականին հանքավայրը շահագործել են ֆրանսիացիները։ Շամլուխի պղնձի հանքավայրը ծագումով միջին ջերմաստիճանի հիդրոթերմալ հանքավայր է և դասվում է հրաքարային ֆորմացիային։ Գտնվում է Ալավերդու անտիկլինալային ծալքի հյուսիս արևելյան թևում, հանքադաշտի տեղամասը հատվում է մինչհանքային լայնակի, հյուսիս արևելյան և հյուսիսարևմտյան ուղղությունների խզումնային խախտումներով։ Հանքամարմինները վերին հորիզոններում ներկայացված են շտոկներով, ոսպնյակներով, բներով և տեղադրված են կերատոֆիրային հաստվածքում, ստորին հորիզոններում՝ երակներով, շտոկվերկային զոնաներով, որոնք հարում են հրաբխային տուֆաբրեկչիաներին և պորֆիրիտներին։ Վերին հորիզոնների հանքամարմինները համարյա լրիվ մշակված են։ Ամենամեծ շտոկի չափերն ըստ տարածման 300 մետր է, ըստ անկման՝ 150 մետր, միջին հաստությունը՝ 7 մետր։ Վերին և ստորին հորիզոնների հանքամարմինների միջև դիտվում է անմիջական կապ վերին հորիզոնում տեղադրված հինգերորդ ոսպնյակը խորքում, հրաբխային բրեկչիաներում վերածվում է լայնակի երակի։ Հանքանյութերը կազմված են պիրիտից, խալկոպիրիտից, սֆալերիտից, գալենիտից, տենանտիտից, բոռնիտից, քվարցից, բարիտից, գիպսից, անհիդրիտից, կարբոնատներից, հազվաեպ հանդիպում են բնածին ոսկի, արծաթ, արգենտիտ։ Հանքավայրի հեռանկարները կապված են դրա խոր հորիզոնների և թևերի ուսումնասիրման հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 443)։ |