Նունե Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նունե Պողոսյան
Ծնվել էմայիսի 21, 1964(1964-05-21) (59 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկիթառահար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Նունե Էդուարդի Պողոսյան (մայիսի 21, 1964(1964-05-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կիթառահար, մանկավարժ, պրոֆեսոր (2017)։ Կիթառահար, կոմպոզիտոր, մանկավարժ Էդուարդ Բադալյանի դուստրը, Ռուսաստանի Ազգերի պետական թատրոնի երաժշտական ղեկավար և դիրիժոր Արմեն Պողոսյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նունե Պողոսյանը ծնվել է 1964 թվականի մայիսի 21-ին Երևանում։ 1976 թվականին ավարտել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը (դասատու՝ Ի. Մելիքյան), 1981 թվականին՝ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը (էքստեռն), 1984 թվականին՝ «Հայհամերգի» էստրադային քոլեջը (դասատու՝ Ս. Պետրոսյան), իսկ 1985 թվականին՝ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (դասատու՝ Է. Բադալյան)։ 1999 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի կամերային երգեցողության (էքստեռն, Մարգարիտ Հարությունյանի դասարան), 2003 թվականին՝ կիթառի (էքստեռն) բաժինները։

Եղել է «Հայհամերգի» մենակատար։ Դասավանդել է (կիթառ) Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, 1999 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում (2012 թվականից՝ դոցենտ), 2003 թվականից՝ ՀՊՄՀ-ում։ 1996 թվականին Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում բացել է կիթառի դասարան։

«Հայ լար» կիթառահարների եռյակի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարն է։

Հեղինակել է դասական կիթառի դասավանդման ձեռնարկ (2014), «Դասական կիթառ» (2015), «Կիթառի և կիթառի կատարողական արվեստի պատմություն» (2017) դասագրքեր։ Կիթառի համար գրել է թեմա և վարիացիաներ, 6 էտյուդ, 9 պիես, 5 անսամբլային ստեղծագործություն, կատարել 14 մշակում (նաև անսամբլային)։ Երկացանկում ընդգրկված են Յ. Ս. Բախի, Լ. Վայսի, Ֆ. Սոռի, Ի. Ալբենիսի, Ա. Լաուրոյի, Է. Վիլլա-Լոբոսի, Ա. Մ. Իվանով-Կրամսկոյի և ուրիշների գործերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։