Նոյեմբերյանի բենթոնիտային կավերի և ցեոլիթների հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոյեմբերյանի բենթոնիտային կավերի և ցեոլիթների հանքավայր, հանքավայր ՀՀ Տավուշի մարզում, Բերդավան գյուղից 3-8 կմ հյուսիս-արևելք։ Հայտնի է վաղ անցյալից։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենթոնիտային կավերի հանքավայրի հետախուզման աշխատանքներն սկսվել են 1960 թվականին (ընդհատումներով շարունակվել մինչև 1978 թվականը), ցեոլիթներինը՝ 1972 թվականին։ Ջրաջերմային հանքավայր է՝ տեղաբաշխված 4 տեղամասում։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է վերին կավճի թթվային հրաբխային մոխիրներից, տուֆերից, պեմզաներից՝ ջրաջերմային լուծույթների ազդեցությամբ։ Հանքամարմինները շերտաձև են։ Գենթոնիտները ներկայացված են հիմնականում ալկալի և հողալկալի տարատեսակներով։ Հանքամարմնի հաստությունը 0, 5-100 մ է, ցեոլիթինը՝ 8-80 մ։

Հանքավայրում օգտակար միներալները ներկայացված են մոնտմորիլոնիտով, հանդիպում են նաև պլագիոկլազներ, քվարց, քաղկեդոն, արևակն, կալցիտ, պիրիտ, հեմատիտ, գալենիտ, ցիրկոն և այլն։ Ցեոլիթների հանքավայրում առկա է միներալների 3 տարատեսակ՝ անալցիմ, մորդենիտ և կլինոպտիլոքար։ Արդյունաբերական նշանակություն ունեն վերջին երկուսը։ Բենթոնիտային կավերի հեռանկարային պաշարները մոտ 300 միլիոն տ են, ցեոլիթներինը՝ 520 միլիոն տ։ Հերթափոխվելով բենթոնիտային կավերի հետ՝ ցեոլիթները տալիս են խառը տարատեսակների կուտակումներ, որոնց հեռանկարային պաշարները գնահատվել են 500 միլիոն տ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։