Նավասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավասար
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորՍյունիքի մարզ
Բարձրությունը ծովի մակարդակից3906 մետր

Նավասար, Տապանասար, Կապուտջուղի արևմտյան կողմի լեռնագագաթը։ Բարձրությունը՝ 3906 մ։ Նրա լանջերից է սկիզբ առնում Մեսրոպավան գետակը։ Նավասարի մերձակա Կռնակոչ (կամ Կռվանկոչ), Ղազարի սար, Սարի Սուրբ Նշան, Ալանգեազ, Գալիս եմ, Գալիս եմ, Ծակ քար լեռները դեռևս հեթանոսական շրջանում եղել են պաշտամունքի վայր։ Դրանց հետ կապված հնամենի մի շարք ավանդություններ, որոնք առ այսօր էլ պատմվում են այդ վայրերի բնակչության շրջանում, վկայում են, որ Կապուտջուղի բարձունքները դեռևս հնադարում եղել են մարդկային բնակատեղիներ և կապված էին հայկական իրականության հետ։ Ավանդության համաձայն, Նավասարի ստորոտում անհիշելի ժամանակներից հիմնված Գողթնի Մեսրոպավան (Մասրեվան) գյուղում մինչև քրիստոնեական վանքի կառուցումը Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ շուրջ 17 տարի բնակվել է Կռնակոչի բնական անձավներից մեկում, որն էլ մինչև այսօր անվանվում է Մեսրոպ Մաշտոցի անձավ։ Նավասարը հետաքրքիր հուշարձան է նաև սարն ի վեր մեծ ու փոքր քարակարկառների ու ժայռերի վրա և Խաչի աղբյուրի ու Գժի աղբյուրի մերձակայքում քանդակված ժայռապատկերներով՝ քարայծ, եղջերու, արջ, կինճ, օձ, կարիճ և այլն, որոնք համապատասխանում են Կապուտջուղի կենդանական կազմին։ Էական տեղ են գրավում նաև որսի տեսարաններ, մարդկանց, սայլերի, թակարդների, օղապարանների, նետ ու աղեղի, երկրաչափական զանազան նշանների տիեզերական և այլ պատկերացումներին վերաբերող պատկերները։ Նավասարի ժայռապատկերները ժամանակագրական առումով, քանդակման եղանակով և մի շարք այլ հատկանիշներով հար և նման են ոչ հեռու գտնվող Ջերմաջուր, Ուխտասար, ինչպես և Որոտան, Արփա գետերի ակունքների մերձակա լեռնապարերի, Գեղամա լեռների, Արագածի, զուգահեռաբար՝ Հարավային Կովկասի, Սիբիրի ու այլ վայրերի ժայռապատկերներին, որոնք թվագրվում են մ.թ.ա. 5—2-րդ հազարամյակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 189