Նակի սումո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լացող երեխաների մենամարտ (2013)

Նակի սումո կամ Լացող երեխաների մենամարտ (ճապ.՝ 泣き相撲, բառացիորեն՝ լացողների սումո), ճապոնական ավանդական փառատոն, որն ամեն տարի անցկացվում է երկրի տարբեր քաղաքների տաճարներում։ Փառատոնի ընթացքում մինչև մեկ տարեկան երեխաները հանձնվում են սումոյի երկու ըմբիշներին, որոնք ծամածռում են դեմքերը և տարօրինակ ձայներ արձակում՝ փորձելով լացացնել երեխային։ «Մենամարտում» հաղթում է այն երեխան, ով առաջինը կամ մյուսից ավելի բարձր է լացել[1]։ Նակի սումոյի ամենահայտնի միջոցառումը Տոկիոյի Սենսո-ձի տաճարում անցկացվողն է[2]։

Պատմություն և ընթացակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթող երեխային օդում բարձրացրել է սումոյի ըմբիշը Տոկիոյի Ասակուսա քաղաքի Սենսո-ձի տաճարում

Նակի սումոյի փառատոնը Ճապոնիայում անցկացվում է շուրջ 400 տարի։ Ըստ ճապոնական հավատալիքների՝ նորածնի լացը վախեցնում է չար ոգիներին, և որքան բարձր է լացը, այնքան աստվածներն ավելի մեծ ուժով են օժտել երեխային, և նա այնքան առողջ կլինի[3]։ Փառատոնն անցկացվում է ամեն տարի գարնանային «Ոսկե շաբաթվա» ընթացքում[4]։ Փառատոնը համընկնում է Ճապոնիայի ազգային տոնի՝ Երեխաների օրվա հետ[2][5]։

Մենամարտի ընթացքում սումոյի երկու սիրողական ըմբիշներ, որոնք ավանդական գոտիներով են, կանգնում են դեմ դիմաց և երեխաներին պահում են իրենց առջևում։ Մրցավարի դերում հանդես եկող քրմի հրահանգով ըմբիշները սկսում են դեմքերը ծամածռել և տարօրինակ ձայներ արձակել՝ ստիպելով երեխաներին լաց լինել։ Եթե երեխան չի արձագանքում սումոիստի գործողություններին, ապա սատանայի դիմակով մրցավարը նույնպես կարող է վախեցնել երեխային։ Մրցաշարն անցկացվում է երեխաների ծնողների համաձայնությամբ[6]։

Փառատոնն անվճար է և բաց հանրության համար. այնուամենայնիվ, որոշ սրբավայրեր և տաճարներ պահանջում են, որ ծնողները հայտ ներկայացնեն կամ վճարեն մասնակցության համար։ Որոշ վայրեր այնքան հայտնի են, որ երեխաները ընտրվում են վիճակահանությամբ, և ծնողները ճանապարհորդում են Ճապոնիայով՝ մասնակցելու տեղ գտնելու համար[7]։ Թեև մասնակիցների մեծ մասը ճապոնացիներ են, որոշ օտարերկրացիներ ևս մեկնում են Ճապոնիա՝ փառատոնին մասնակցելու համար։ CNN-ը հարցազրույց է վերցրել ճապոնա-ամերիկյան մի զույգից, որը ժամանել էր Նյու Յորքից՝ 2010 թվականին Ասակուսայի փառատոնին մասնակցելու նպատակով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «You big crybaby: Japan's Nakizumo festival». CNN. 2010. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  2. 2,0 2,1 «Sumo wrestlers bring babies to tears at Japan's Nakizumo festival». The Telegraph. 2014. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  3. «Наки сумо — «борьба плачущих младенцев»». Euronews. 2014. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  4. «Japan celebrates the annual crying baby competition». Tokyo Times. 2013. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  5. «The crying game: Baby sumo version». Japan Daily Press. 2012. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  6. «Marks, set...SCREAM: Sumo wrestlers try to make babies cry in bizarre contest that crowns terrified winner the healthiest». Daily Mail. 2014. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  7. Berthelsen, Mads (2012 թ․ մայիսի 4). «Babies set to tear up the ring». The Japan Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  8. Kovago, Simone (2010 թ․ մայիսի 6). «You big crybaby: Japan's Nakizumo festival». CNN Travel (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]