Նախիջևան (Վանանդ)
Այս եզրն ունի նաև այլ կիրառումներ՝ տես Նախիջևան (այլ կիրառումներ)
Նախիջևան (կամ Նախչավան), գյուղ պատմական Այրարատ նահանգի Վանանդ գավառում։ Ռուսական կայսրության իշխանության տարիներին գտնվել է Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում էր գավառի արևելյան կողմում, Տեկոր գետի միջին հոսնաքի աջ կողմում, Կաղզվան քաղաքից 30 կմ հյուսիս֊արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն շրջանում (մինչև 9-րդ դարի սկիզբը) մտել է Կամսարականների տիրույթների մեջ (Արշարունիք)։ Առաջին անգամ հիշում է Մովսես Խորենացին՝ որպես ավան։ Եկեղեցու ներսում, դռան մոտ պահպանվել էր Հովհաննես-Սմբատ (1020-1043) Բագրատունի թագավորի 1035 թվականի արձանագրությունը։ Կար նաև Ս․ Խաչ և Նորամանուկ անուններով մատուռ-ուխտատեղիներ, որոնցից մեկում ամփոփված է իշխան Արտավազ Կամսարականի գերեզմանը (VIII դար)[1]։
1915 թվականին ուներ 272 տուն՝ 2177 շունչ հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Նախիջևանում գտնվում էին Սուրբ Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին, Սուրբ Խաչ և Նորամանուկ անունով միմյանց կից զույգ մատուռ-ուխտատեղիները, որոնցից մեկում Արտավազդ Կամսարականի տապանն էր՝ արձանագրությամբ (8-րդ դար)։ Գյուղում պահվում էր բոլորագիր, մագաղաթի վրա ընդօրինակված Աստվածաշունչ (անթվական)։
Բնակիչները բռնի տեղահանուել են 1920 թվականին և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում՝ Թալինի շրջանի Արեգ գյուղում։
Հայտնի ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարսի մարզի Նախիջևան գյուղից են Արևելյան Հայաստանի Փիրմալաք գյուղ (այսօր՝ Արեգ) գաղթել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի նախնիները[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Սովետական հանրագիտարան, հ.8, Երևան, 1982 թ., էջ 161 (հոդվածը գրել է Ա.Ադամեանը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 951
- ↑ Թաթուլ Կրպեյանը հաղթողների շարքից է(չաշխատող հղում)