Jump to content

Նախիջևանի աղի հանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախիջևանի աղի հանք (նաև՝ Նախիջևանի աղահանքեր[1], Սուստի աղահանքեր[1]), աղի հանք Նախիջևան քաղաքից 14 կմ (այլ աղբյուրներով՝ 8-10 կմ[1] կամ 10-11 կմ[2]) հյուսիս–արևմուտք[2], Դուզդաղ լեռնազանգվածում[1]։ Նախիջևանի աղի հանքը ԽՍՀՄ տարածքի հնագույն աղահանքերից մեկն է, որն օգտագործվում է քարեդարից մինչև օրս[1]։ Հանքավայրի լեռը՝ Աղասարը, ծովի մակարդակից բարձր է 1172 մ։ Աղային նստվածքը անցնում է 60 մ-ից[3]։ Պարունակում է բարձր որակի կերակրի աղ և ներկայումս շահագործվում է[1]։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախիջևանի աղի հանքից հայտնաբերվել են նորքարեդարյան դարաշրջանի աշխատանքային գործիքներ։ Այդ գործիքները 1844 թվականին հայտնաբերել է լեռնային ինժեներ Ֆրիդրիխ Կոշկուլը, իսկ այնուհետև 1879 թվականին Իվան Պոլյակովը հայտնաբերել է քարեդարին վերաբերվող զանազան մեծությունների մուրճեր, որոնք օգտագործվել են աղաքար կտրելու համար[3]։ Որոշակի ձևեր ու մշակվածություններ ունեցող և տարբեր քարերից կտրված այդ մուրճերը փայտե կամ ոսկրե պոչեր ամրացնելու համար ունեն ակոսաձև փոսիկներ ու գոտիներ։ Դեռևս նորքարեդարյան շրջանից մինչև այժմ շահագործվող Նախիջևանի աղի հանքից 1976 թվականի ամռանը, հայտնաբերվեց հին հանքի սրահներից մեկը, որն իր ձևով նման է ժամանակակից ֆուտբոլային դաշտերին։ Ավելի քան 12000 տոննա աղ արդյունահանած այդ սրահից հայտնաբերվել են նաև քարե մուրճեր ու կացիններ, եղջերուի եղջյուրներից պատրաստված աշխատանքային գործիքներ, թախտեր, օջախներ և այլ իրերի մնացորդներ[2][3][4]։ Սրահի պատերին կան փորագրություններ, որոնք ունեն գիտական մեծ նշանակություն[3]։ Ենթադրվում է, որ դրանք հին հանքագործների հաշվումներն են[3]։ Աղահանքի ուսումնասիրությունից հետևում է, որ աղաքարը արդյունահանվել է ինչպես բաց, այնպես էլ փակ եղանակներով[3]։ Նման ծավալը բնիկներին թույլ է տվել ոչ միայն ապահովել սեփական պահանջները, այլև աղը արտահանել այլ երկրներ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 953 — 992 էջ։
  2. 2,0 2,1 2,2 «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակները», Արգամ Այվազյան, Երևան, 1987, էջ 8.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Նախիջևան․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ», Արգամ Այվազյան, Երևան, «Հուշարձան», 1995, էջ .
  4. «Կոմունիստ» թերթ (հայերեն), Բաքու, 24 դեկտեմբերի, 1976.