Նախաքննություն
Նախաքննություն, քրեական դատավարության փուլ, որը հաջորդում է գործի հարուցմանը և ավարտվում է մեղադրական եզրակացությամբ գործը դատախազին ուղարկելու կամ կարճելու պահին։
Նախաքննությունը կատարվում է գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները բազմակողմանիորեն պարզելու նպատակով։ Վերապահված է դատախազության, ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների քննիչներին։ Նախաքննության ընթացքում հավաքվում և ստացվում են ապացույցներ, բավարար հիմքերի առկայության դեպքում մեղադրանք է առաջադրվում կասկածյալին, ընտրվում է խափանման միջոց, միջոցներ են ձեռնարկվում քաղաքացիական հայցն ու գույքի բռնագրավումն ապահովելու վերաբերյալ։ Նախաքննություն կատարող անձը պարտավորվում է հավասարապես ձեռք բերել ինչպես մեղքն ապացուցող, այնպես էլ հերքող փաստարկները։ Քրեական գործը մեղադրյալին ծանոթացման ներկայացնելու, իսկ անչափահասների, ինչպես նաև դատավարության լեզվին չտիրապետողների գործերով անձին մեղադրանք առաջադրելու պահից նախաքննությանը մասնակից է դարձվում պաշտպանը։ Եթե քննության արդյունքներով բացառվում է անձի մասնակցությունը հանցագործության կատարմանը, նախաքննությունը ավարտվում է գործի կարճմամբ։ Այդպիսի որոշում է կայացվում նաև անձին կոլեկտիվի դաստիարակությանը, գործը ընկերական դատարանին կամ անչափահասների գործերով հանձնաժողովին հանձնելու դեպքում։ Նախաքննության արդյունքները ստուգվում են դատաքննության ընթացքում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 159)։ |