Մտագրոհ
Մտքերի տարափ կամ մտագրոհ (անգլ.՝ brainstorming), խմբային (թիմային) աշխատանքի պարզագույն, բայց շատ արդյունավետ մեթոդ է։ Մեթոդի այս տեսակն անվանում են «մտքերի տարափ», քանի որ հաճախ խրախուսվում են պարզապես ուսումնասիրվող նյութին այս կամ այն կերպ առնչվող բառեր թվարկելն ու գաղափարներ արտահայտելը։ Մեթոդը ստեղծվել է գովազդային պատասխանատու Ալեքս Ֆ. Օբսորնի կողմից 1939 թվականին, երբ նա սկսեց մշակել խնդիրների լուծման ստեղծագործական մեթոդներ։ Նա նկարագրում է այս մեթոդը 1948 թվականին «Քո ստեղծագործական ուժը» վերնագրով գրքում (գլուխ 33` «Ինչպես կազմակերպել գաղափարներ ստեղծելու թիմ»)[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մտքերի տարափ կամ մտագրոհ» մեթոդի կիրառման ժամանակ խմբի անդամների առջև խնդիր է դրվում. նրանցից յուրաքանչյուրն արտահայտում է սեփական տեսակետը` առանց որևէ մեկնաբանության կամ գնահատական տալու փորձի։ Բոլոր մտքերն ու գաղափարները գրանցվում են մաքուր թղթի կամ գրատախտակի վրա։ Պատկերավոր գնահատելու համար երբեմն ասվում է, որ մտագրոհի մեթոդը կիրառելիս բոլոր մտքերն ու գաղափարներն ընդունելի են, <<սխալ>> չկա։
Կանոններ մտագրոհի մեթոդով աշխատելու համար
[խմբագրել | խմբագրել կոդը]1. Ցանկացած քննադատության բացակայություն
Մտքերի ազատ հոսք կարող է լինել միայն այն ժամանակ, երբ բացակայում է քննադատության վտանգը։ Որպես քննադատություն են հասկացվում և բացահայտ բացասական գնահատականը, և քմծիծաղը, ինչպես նաև կողմնապահությունը։ Չարժե ցույց տալ, որ միտքը որևէ արժեք չունի, անտեսել որևէ մեկի ներդրումը կամ արտահայտել անգամ ոչ խոսքային քննադատական վերաբերմունք (հոնքերը կիտել, ուսերը բարձրացնել և այլն)։
2. Գաղափարների խրախուսում
Շեշտը պետք է դնել արտահայտվող մտքերի քանակի, այլ ոչ թե որակի վրա։ Պետք է խրախուսել շատ և բազմատեսակ մտքեր արտահայտելը։
3. Մասնակիցների հավասարություն
Յուրաքանչյուր մասնակից պետք է զգա, որ իր կողմից ասված միտքն արժանի է ուշադրության։ Սա մտքեր արտահայտելու շահագրգռվածության պայման է։ Տարափը հերթականության կամ չափ սահմանել չի ենթադրում։ Սակայն պետք է հետևել, որ մտքեր արտահայտելու հարցում որևէ գերակայություն չստեղծվի։ Կարելի է ինչ-որ հերթականության մեխանիզմ մտածել։ Եթե խմբի անդամներից որևէ մեկն ինչ-ինչ պատճառով չի կարող մտքերը կամ առաջարկությունները հստակ ձևակերպել, արտահայտել, պետք է հնարավորություն տալ, որ նա պարզապես խոսի այդ մասին, ընդունել նրա ասածն առանց մեկնաբանությունների և շարունակել գործընթացը։ Պատահում է` այնպիսի պահ է գալիս, որ մասնակիցներից ոչ մեկի մոտ նոր միտք չի ծագում, նման դեպքերում ուսուցիչը կարող է խթանել` խմբային քննակրկումներ թույլատրելով կամ լրացուցիչ հանձնարարություններ տալով։
4. Զուգորդումների (ասոցիացիաների) ազատություն
Առավելագույն քանակի մտքեր ստանալու համար պետք չէ սահմանափակումներ դնել, որովհետև հաճախ այն միտքը, որը ոչ տեղին կամ ոչ գործնական է թվում, կարող է նպաստել մեկ ուրիշի մոտ հետաքրքիր մտքի առաջացմանը։
5. Բոլոր մտքերի գրառում
Գրառումը ոչ միայն կարևոր արտահայտությունների գրանցումն է, այլև դրանցից ազատվելով` նոր մտքերի առաջացմանը նպաստելը։ Այդ պատճառով պետք է բոլորի մտքերը գրանցել գրատախտակին կամ թղթի վրա։ Վերաձևակերպման վրա ծախսված ժամանակը կարող է խանգարել, արգելակել մտքերի տարափը կամ դանդաղացնել այն։
Ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմելով խմբին մտագրոհի կանոնների մասին` սովորողներին ընդհանուր գծերով ներկայացվում է աշխատանքի ընթացքը։ Թեման, խնդիրը կարելի է ձևակերպել բանավոր, հրահանգի ձևով կամ որպես վերնագիր գրելով գրատախտակին։ Անհրաժեշտ է ընդգծել, որ մտագրոհից հետո բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց տեսակետները ցանկացած մտքի վերաբերյալ։ Քննարկումների ժամանակը գալու է ավելի ուշ, այժմ միայն մտքեր են արտահայտվում։ Կարևոր է նաև ժամանակային սահմանափակումների հարցը։ Լավ կլինի խմբին նախօրոք ասել, որ մտագրոհի համար նախատեսված է, ենթադրենք 8-10 րոպե։ Կարևոր է վերջին փուլի քննարկմանը, դասակարգմանը կամ լրացումներին ժամանակ տրամադրելը։ Երբ մտքեր արտահայտելու համար տրամադրված ժամանակն ավարտվի, կարելի է հնարավորություն տալ այլընտրանքային տարբերակներ մտածելուն կամ լրացուցիչ ցուցակ կազմելուն։ Պակաս կարևոր չէ ընթացքում արտահայտված մտքերի գրանցումը, այնուհետև դրանց հավաքագրումն` ի տես բոլորի[2]։ Խմբային աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր խումբ ինքն է ընտրում գրառման ձևը, ասենք.
- պարզապես թվարկմամբ գրանցել,
- թղթի տարբեր անկյուններում առանց վերլուծության խմբավորել գրանցումները,
- կենտրոնում գրել խնդիրը, թեման, ապա, դրա շուրջը շրջանաձև գրառելով «հավաքել» արտահայտված մտքերը և այլն։
Երբ մեթոդը կիրառվում է մեծ խմբի` ամբողջ դասարանի մասնակցությամբ, գրանցումները գրատախտակին կամ թղթի վրա կարող է կատարել ուսուցիչը կամ աշակերտներից մեկը (մի քանիսը)։ Եթե դասարանը բաժանված է համագործակցային խմբերի, անհրաժեշտ է խմբերից յուրաքանչյուրին հիշեցնել, որ թիմակիցներից մեկին հանձնարարվում է գրանցել բոլոր մտքերը, իսկ աշխատանքն ավարտելուց հետո մեկ այլ մասնակցից պարտավորվում է գրառումները ներկայացնել ամբողջ դասարանին։ Խմբերի գրառումները պարզապես ընթերցվում են բոլորի համար, և գրանցումներով թղթերը փակցվում են լսարանում մինչև դրանց վերլուծությանն անցնելը։
Մեթոդի առավելությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խթանում է ստեղծագործական մտածողությունը։
- Հստակ մշակված կանոնների գոյությունը մտագրոհը դարձնում է արդյունավետ և որպես մեթոդ հեշտ է յուրացվում սովորողների կողմից։
- Միտքը միտք է ծնում։
- Խմբովի կազմվում է գաղափարներ, առաջարկների ավելի լայն ցանկ, քան այն կաներ մեկ մարդը։
- Խմբային աշխատանքների այս տարբերակում փոքր է հավանականությունը, որ որևէ արդյունավետ միտք կանտեսվի։
- Պարզ մեթոդ է, հեշտ է հասկանալ և հեշտ է կիրառել։ Այն չի պահանջում բարդ սարքավորումներ և երկարատև ուսուցում, իսկ նրա արդյունքները կարելի է հեշտությամբ գնահատել։
Մեթոդի սահմանափակումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասնակիցների մեծ խմբի ներգրավվածության դեպքում ոչ բոլորը հնարավորություն կունենան իրենց ցանկացած մտքերն արտահայտելու և մի քանի անգամ խոսելու։
- Մտագրոհը գործուն է այն դեպքում, երբ խումբն ասելիք ունի և պատրաստ է այն ներդնել ընդհանուր ծրագրում կամ նպատակի շուրջ։ Եթե խումբն ասելիք չունի, ապա ժամանակը կանցնի լռության մեջ։
- Մտագրոհը գործընթաց է, որը միշտ անավարտ է և ոչ ամբողջական։ Սա ընդամենը մեկ քայլ է պրոբլեմի լուծման ճանապարհին։ Մտքերի գեներացիան, առաջարկված լուծումներն ու գաղափարները կարող են շատ գոհացնող լինել, բայց իրական առավելությունները երևում են, երբ դրանք վերլուծվում, մշակվում և կիրառվում են գործնականում։
Մեթոդի կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մտագրոհի մեթոդը արդյունավետ է գործածել ցանկացած առարկայի դասի խթանման փուլում, ինչպես նաև`
- որոշումներ կայացնելու,
- կոնկրետ խնդիր լուծելու,
- ստեղծագործական մտածողությունը խթանելու,
- երևակայությունը զարգացնելու,
- լսելու հմտություններ ձևավորելու,
- համագործակցային թիմ ձևավորելու,
- համարձակություն, ինքնավստահություն ներշնչելու համար։
Դասապրոցեսում մտագրոհի մեթոդը կիրառվում է մտքերի, գաղափարների, տեսակետների ազատ և անսահմանափակ արտահայտման համար։ Այս մեթոդի շնորհիվ վեր են հանվում աշակերտների նախնական գիտելիքները, այն, ինչ նրանք գիտեն կամ ենթադրում են, որ գիտեն տվյալ թեմայի, նյութի վերաբերըալ։ Դասի վերջում (կշռադատման փուլում), երբ արդեն աշակերտները ծանոթացել կամ յուրացրել են թեման, նյութը, անպայման անդրադարձ է կատարվում մտագրոհի արդյունքներին` ճշգրտելով, ուղղելով, լրացնելով, ամբողջացնելով նախնական մտքերի ու գաղափարների ցանկը։ Միայն այս դեպքում է, որ աշակերտի իմացական կառույցներում տեղաշարժ է կատարվում։ Ինֆորմացիան ներառվում է որպես նոր գիտելիք։
Անհատական մտագրոհը դա մտքերի տարափի օգտագործումն է միայնակ իրավիճակներում։ Այն սովորաբար ներառում է այնպիսի տեխնիկաներ, ինչպիսիք են` ազատ շարադրանքը, բանավոր խոսքը, բառապաշարի հարստացումը և մտքի քարտեզագրումը։ Անհատական մտագրոհը օգտակար մեթոդ է ստեղծագործական շարադրանքի ժամանակ և ավելի արդյունավետ է, քան ավանդական խմբային մտագրոհը[3][4]։ Մի շարք հետազոտություններ հերքում են Օբսորնի այն պնդումը, որ խմբային մտագրոհը կարող է ավելի շատ գաղափարներ ծնել, քան անհատական մտագրոհը[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուսուցման ժամանակակից մեթոդներ, հնարներ, վարժություններ, ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք. Վանաձոր 2008թ
- Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ
- Стариков П. А. Пиковые переживания и технологии творчества: учебное пособие. — Красноярск: филиал НОУ ВПО «Санкт-Петербургский институт внешнеэкономических связей, экономики и права» в г. Красноярске, 2011. — 92 с. — ISBN 978-5-904314-42-2 публицистика
- Jonah Lehrer The brainstorming myth // The New Yorker, 01.30.2012.
- Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lehrer, Jonah. "GROUPTHINK". NewYorker. Retrieved October 2013.
- ↑ "What is Mind Mapping? (and How to Get Started Immediately)" Արխիվացված 2017-06-26 Wayback Machine. Litemind.com. 2007-08-07. Retrieved 2012-11-24.
- ↑ Furnham, A., & Yazdanpanahi, T. (1995). Personality differences and group versus individual brainstorming. Personality and Individual Differences, 19, 73-80.
- ↑ 4,0 4,1 Michael Diehl; Stroebe (1991). "Productivity Loss in Idea-Generating Groups: Tracking Down the Blocking Effect". Journal of Personality and Social Psychology. 61 (3): 392–403.doi:[1] Արխիվացված 2021-05-12 Wayback Machine.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մտագրոհ» հոդվածին։ |
|