Մշակութա-պատմական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մշակութա-պատմական դպրոց, ուղղություն արվեստագիտության, առավելապես գրականագիտության մեջ։ Առաջացել է 19-րդ դարի կեսին, մշակել է գրականության և արվեստի պատմա-ծագումնաբանական ուսումնասիրման սկզբունքը։ Այդ սկզբունքը, որ 18-րդ դարի վերջին առաջ է քաշել Յո. Հերդերը և մասամբ ընկալվել որպես կենսագրական մեթոդ, առավել լրիվ հիմնավորված է Հ. Տենի (Ֆրանսիա) աշխատություններում։ Նա գեղարվեստական ստեղծագործությունը դիտել է որպես ժողովրդի հասարակական հոգեբանության արտահայտություն՝ նրա զարգացման որոշակի փուլում։ «Արվեստները հայտնվում և անհետանում են մտքի ու բարքերի բնագավառի որոշակի հոսանքների հետ միաժամանակ, որոնց հետ նրանք կապված են» (Հ. Տեն, Գեղարվեստի փիլիսոփայությունը, Ե.-Մ., 1936, էջ 12)։ Իսկ այդ հոսանքների առանձնահատկությունները կախված են երեք հիմնական պայմանից, «ռասայից», «միջավայրից» և պատմական «պահից»։

Ազգագրության մեջ. հակաէվոլյուցիոն ուղղություն բուրժական գիտության մեջ, որի հիմքում ընկած է, այսպես կոչված, «մշակութային շրջանակների տեսությունը»։ Այդ տեսության մեթոդաբանական սկզբունքները շարադրել է գերմանացի ազգագրագետ Ֆ. Գրեբները «Ազգաբանության մեթոդ» (1911) գրքում։ Դրանց հիմքում ընկած է նեոկանտական Հ. Ռիկերտի իդեալիստական կոնցեպցիան, ըստ որի պատմությունը ընդհանրական բնույթի օրինաչափություններ չունի, պատմական երևույթներն անհատական են և չեն կրկնվում, մշակույթի յուրաքանչյուր երևույթ առաջանում է մեկ անգամ, մի տեղում։ Տարբեր ժողովուրդների մոտ մշակույթի առկայությունը բացատրվում է սկզբնակենտրոնից տարածված լինելով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 9 CC-BY-SA-icon-80x15.png