Միքայել Արամյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 9-ին Երևանում, սակայն ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա[1]։ Սովորել և 2009 թվականին ավարտել է Մոսկվայի Միգել Սերվանտեսի անվան թիվ 1252 իսպաներեն թեքումով դպրոցում։ 12 տարեկանում նկարահանվել է «Լրտեսական խաղեր։ Անօրինականը» քրեական թրիլերում[2], ինչից հետո էլ որոշել է ընտրել դերասանի ուղին։ 2014 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը, որից հետո սկսել է աշխատել Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի հայկական թատրոնում[1][3]։
Միքայել Արամյանն ամուսնացած չէ։ Որոշ ԶԼՄ-ներում տեղեկատվություն կար Միքայելի և «Աստիճաններ դեպի երկինք» սերիալի նրա խաղընկերուհի Վերա Ժիտնիցկայայի սիրավեպի մասին։ Բայց նրանք դա հերքել են[4]։ 2016 թվականի մայիսին հայտնի է դարձել դերասանի և ուկրաինացի երգչուհի Ալինա Գրոսուի հարաբերությունների մասին։ Նրանք ծանոթացել էին մեկ ամիս առաջ՝ Ալինայի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, որտեղ Միքայելը կատարում էր գլխավոր դերը[2][5]։