Միստերիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միստերիաներ, որոշ աստվածությունների (գլխավորապես մեռնող և հառնող բնությունը մարմնավորող) պաշտամունքին ձոնված գաղտնի ծիսակատարություններ ու արարողություններ անտիկ աշխարհում։ Հին Հունաստանում առավել հայտնի միստերիաներից են եղել Ելևսինյանը (պտղաբերության դիցուհի Դեմետրեի և նրա դուստր Պերսեփոնեի պատվին), Բաքոսյանը (Դիոնիսոսի պատվին), Որփեոսյանը (Որփեոսի պատվին) և Սամոթրակյանը (Կաբիրաների պատվին)։ Միստերիաները կատարվել են գերազանցապես գիշերները՝ ջահերի ներքո և, սովորաբար, ուղեկցվել են ողբահանդեսներով, խրախճանքներով, երաժշտությամբ, երգերով ու պարերով։ Միստերիաների մասնակիցներին միստիգոգոսը խստորեն պարտավորեցրել է չհրապարակել աստվածների գաղտնի անունները և միստերիաների ժամանակ կատարվող սրբազան ծեսերն ու արարողությունները (մաքրագործումներ, աղոթքներ, օրհնանքներ, անեծքներ, հաղորդում, զոհաբերումներ և այլն)։ Այդ ծեսերն ու արարողությունները մատուցվել են սրբազան ասքերի ու առասպելների դրամատիկական ներկայացումների ձևով, որոնցում զգալի տեղ է տրվել խորհրդապաշտական մտքերի մեկնաբանմանը։ Օրինակ, Բաքոսյան միստերիաների մասնակիցները պատկերել են Դիոնիսոսի տանջանքը, մահը և հարությունը և այլն։ Այդ ներկայացումների ազդեցությամբ են սկզբնավորվել հին հունական ողբերգությունները։ Հին Հռոմում միստերիաները(հատկապես Բաքոսի, Կիբելայի, Իզիդայի, Միհրի) մեծ տարածում են գտել Հանրապետության վերջին շրջանում։ Անտիկ միստերիաներից են ծագել քրիստոնեական եկեղեցու որոշ խորհրդածեսերը (մեղքերի թողություն, մկրտություն և այլն) և միջնադարյան կրոնական դրամաները (տես՝ Միսաերիա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 610