Միսիոներները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միսիոներները Հայաստանում։ Քարոզիչները (առաջինը՝ կաթոլիկները) սկսել են մուտք գործել Կիլիկյան Հայաստան ու Մեծ Հայք 13-րդ դ. վերջին և 14-րդ դ. սկզբին։ Կաթոլիկ տարբեր միաբանություններ ժամանակի ընթացքում Կիլիկիայի, Հայաստանի առևտրաարհեստավորական կարևոր կենտրոններում, Իրանի և Կովկասի հայաշատ վայրերում հիմնել են լատինական (կաթոլիկ) համայնքներ։

Ավետարանականությունը (բողոքականություն) հայերի միջավայրում տարածվել է 19-րդ դ. սկզբից։ Դրա նախաձեռնողը և հովանավորողը Մեծ Բրիտանիան էր։ Հայաստանում աստիճանաբար գործել են ամերիկյան, գերմանական, նորվեգիական միսիոներները։ Եվրոպական և ամերիկյան քարոզիչների գործունեության հետևանքով բազմաթիվ հայեր դարձել են կաթոլիկներ, բողոքականներ։ Քարոզիչներն իրենց գաղափարները տարածելու համար հիմնել են դպրոցներ (Կոստանդնուպոլսում, Խարբերդում, Ադաբազարում, Այնթապում, Ադանայում, Մարաշում, Բաղեշում, Վանում, Պարտիզակում, Ուրֆայում), որբանոցներ, դրամական օգնություն ցույց տվել կարիքավոր հայ ընտանիքներին, ստեղծել բարեգործական հիմնադրամներ և այլն։

Մեծ տերությունները միսիոներների գործունեությունը և ներկայությունն օգտագործել են քաղաքական նպատակներով՝ ինչպես օսմանյան կառավարության վրա ճնշում գործադրելու, այնպես էլ Արևելքում իրենց ազդեցությունը տարածելու համար։ Չնայած դրան, բազմաթիվ միսիոներներ փորձել են աջակցել հայկական հարցի արդարացի լուծմանը, բողոքել մեծ տերությունների (որոնք հայկական հարցը շահարկում էին հօգուտ իրենց քաղաքական նպատակների) երկդիմի քաղաքականության դեմ, մարդասիրական կարևոր գործ կատարել Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում հայկական կոտորածների (1894-1896 թթ.) և հայերի ցեղասպանության ժամանակ։ Միսիոներները կոչ էին անում եվրոպական պետություններին՝ օգնել դժբախտության մեջ գտնվող հայ ժողովրդին, շատերը, վտանգելով կյանքը, փնտրել և որբանոցներում են տեղավորել որբ ու անապաստան երեխաներին, ցեղասպանությունից փրկել բազմաթիվ հայերի։ Իրենց հայասեր գործունեությամբ աչքի են ընկել Մ. Յակոբսենը, Կ. Եփփեն, Կ. Փիթըրսոնը, Ա. Յոհանսոնը, Ջ. Հորդը և ուրիշներ։

Հայաստանում գործած միսիոներների (Յոհաննես Լեփսիուս, Լ. Աբբոթ, է. Ռոբինսոն, է. Բլիս և ուրիշներ) հաղորդագրությունները, տեղեկությունները թուրքական կառավարող շրջանների հայաջինջ քաղաքականության, ծրագրերի վերաբերյալ կարևոր վավերագրեր են հայերի ցեղասպանության լուսաբանման համար և ի չիք են դարձնում ցեղասպանությունը ժխտող թուրքերի սին փաստարկները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրմանյան Մ., Հայոց եկեղեցին և իր պատմութիւնը..., ԿՊ, 1911 թ.։
  • Քասունի Ե., Լուսաչափդ պատմութիւն հայ ավետարանական շարժման 1846-1946 թթ., Բեյրութ, 1947 թ.։
  • Ալպոյաճյան Ա, Պատմութիւն Եվդոկիոյ Հայոց, Կահիրե, 1952։
  • Նույնի, Պատմութիւն Մալաթիոյ Հայոց, Բեյրութ, 1961 թ.։
  • Նազիկյան Գ., Արևմտահայ մանկավարժական միտքն ու դպրոցը, ե., 1969 թ.։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։