Միջմոլորակային հարսանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջմոլորակային հարսանիք
իտալ.՝ Un matrimonio interplanetario և անգլ.՝ A Marriage in the Moon[1]
Երկիր Իտալիա
 Իտալիայի թագավորություն
Ժանրհամր կինո և գիտական ֆանտաստիկա
Թվական1910
ՌեժիսորԷնրիկո Նովելլի
Սցենարի հեղինակԷնրիկո Նովելլի
ԿինոընկերությունLatium Film
Տևողությունմոտ 13 րոպե

«Միջմոլորակային հարսանիք» (իտալ.՝ Un matrimonio interplanetario), առաջին իտալական գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը թողարկվել է 1910 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղագետ Ալդովինոն հզոր աստղադիտակով հետևում է Մարսին։ Նա տեսնում է տարօրինակ բնապատկերներ, անսովոր կլորավուն տներով քաղաքներ։ Նա մոտեցնում է տներից մեկի պատկերը և տեսնում Յալա անունով մարսեցի աստղագետին, որն էլ իր հերթին իրեն է նայում իր աստղադիտակով։ Երիտասարդներն անմիջապես սիրահարվում են միմյանց։ Ալդովինոն վազում է հեռագրատուն և հաղորդագրություն ուղարկում Մարս՝ Յալայի հորը՝ խնդրելով թույլ տալ ամուսնանալ նրա դստեր հետ։ Հայրը համաձայնում է (պատասխան հեռագիր ուղարկելով Ալդովինոյին), բայց պայմանով, որ հարսանիքը տեղի ունենա ուղիղ մեկ տարի անց՝ Լուսնի վրա, որտեղ երկրային աստղագետը պետք է ինքնուրույն ժամանի։ Ալդովինոն նախագծում է հսկայական սնամեջ գունդ, որի մեջ տեղադրում է իրեն և իր ընկերոջը, որից հետո գունդը հսկայական թնդանոթի օգնությամբ կրակում են դեպի Լուսին։ Նույն ժամանակ Յալան և նրա հայրը նստում են եռանկյունաձև դռնով տարօրինակ տեսք ունեցող երկարավուն պարկուճ, որն արագություն է հավաքում թեք ռելսերի վրա, որից հետո այն օդ է բարձրանում։ Երկու թռչող սարքերն էլ միաժամանակ վայրէջք են կատարում Լուսնի վրա իրարից քիչ հեռու։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը գրող, նկարազարդող և օպերատոր Էնրիկո Նովելլին է, որը հայտնի է նաև Յամբո կեղծանունով։ Նկարահանման գործընթացի այլ մասնակիցների և դերակատարների մասին տեղեկություններ չեն պահպանվել[2]։

Ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը համարվում է իտալական առաջին գիտաֆանտաստիկ ֆիլմը։ Հետազոտողները ենթադրում են, որ հնարավոր է՝ ֆիլմի սյուժեն ոգեշնչված է նույն Նովելլիի 1908 թվականին հրատարակած «Լուսնային գաղութ» վեպից (իտալ.՝ La colonia lunare), որն արդեն պարունակում էր պատմություն Երկրի բնական արբանյակի վրա հարսանիքի մասին։ Միևնույն ժամանակ, ի տարբերություն վեպի, որտեղ հեղինակը փորձել է հավաստիություն հաղորդել ֆանտաստիկ բաղադրիչին, «Միջմոլորակային հարսանիքին» բնութագրում է ակնհայտ պարոդիականությունը։ Սրանով ֆիլմը նույնպես տարբերվում է Ժյուլ Վեռնի գրքերից (մասնավորապես, «Երկրից դեպի Լուսին», 1865) և Ժորժ Մելիեսի «Ճանապարհորդություն դեպի Լուսին» ֆիլմից (1902), որոնց ակնարկները ֆիլմում բավականին հստակ երևում են։ Հեղինակը չի ձգտել հետաքրքրություն առաջացնել հանդիսականների շրջանում. ֆիլմի սյուժեն մոտավորապես հասկանալի է արդեն վերնագրից։ Փոխարենը նա մեծ ուշադրություն է դարձրել հատուկ էֆեկտներին, որոնք տեխնիկապես մատչելի էին այն ժամանակներում. տեսողական մասի զգալի մասը կատարվել է 20-րդ դարի սկզբի համար բավականին նոր տեխնիկայով՝ մուլտիպլիկացիայով։ Հետազոտողների կարծիքով՝ ֆիլմն իտալական ֆանտաստիկայի հազվագյուտ օրինակ է. այդ կինոժանրն ընդհանրապես այնքան էլ բնորոշ չէ այդ երկրին։ Ֆիլմում շատ բան վերադառնում է իտալական ավանդական կատակերգությանը, մասնավորապես՝ կոմեդիա դել'արտեին, ինչը նրան տարբերում է այդ դարաշրջանի բավականին լուրջ ֆանտաստիկ ֆիլմերից (առաջին հերթին՝ ֆրանսիական, որոնցից հետագայում զարգացել է նաև ամերիկյան կինոֆանտաստիկան)։ Նշվում է նաև տեսողական բաղադրիչի մոտ լինելը ֆուտուրիզմին[2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.imdb.com/title/tt0336827/
  2. 2,0 2,1 Paolo Bertetti Uomini meccanici e matrimoni interplanetari(իտալ.) // Anarres. — Inverno 2013/2014. — № 2.
  3. Raffaella Baccolini The Uncomfortable Relationship Between Science Fiction and Italy: Fim, Humor, and Gender // The Liverpool Companion to World Science Fiction Film / Edited by Sonja Fritzsche. — Liverpool: Liverpool University Press, 2014. — P. 173. — 277 p. — ISBN 978-1-78138-038-3
  4. Michael Syrimis New Studies on Futurist Cinema // International Yearbook of Futurist Studies: Volume 9 / Edited by Günter Berghaus, Oleh S. Ilnytzkyj, Gabriella Elina Imposti, Christina Lodder. — Berlin, Boston: De Gruyter, 2019. — P. 416—417. — 592 p. — ISBN 978-3-11-064471-5