Միջին սիբիրական սարահարթ (ռուս.՝ Среднесибирское плоскогорье), Հյուսիսային Ասիայի կենտրոնական մասում, Արևելյան Սիբիրում։ Եզրավորվում է Արևելյան Սայանների, Մերձբայկալի և Հյուսիսային Անդրբայկալի լեռներով, Հյուսիս-Սիբիրական դաշտավայրով, Արևմտա-Սիբիրական և Կենտրոնական Յակուտական հարթավայրերով։ Տարածությունը մոտ 3, 5 միլիոն Կմ2 է։ Գտնվում է Սիբիրական պլատֆորմի սահմաններում։ Տափարակ ընդարձակ միջագետք է՝ 500-700 մ միջին և 1701 մ (Պուտորանա սարավանդ)՝ առավելագույն բարձրությամբ։ Առավել բարձրադիր մասերը (Պուտորանայի, Վիլյույի սարավանդներ, Ենիսեյի բլրաշար և այլն) գտնվում են հյուսիս-արևմուտքում։ Կան նիկելի, պղնձի, երկաթի, ոսկու, ալմաստի, քարածխի, գրաֆիտի, քարաղի, բնական գազի հանքավայրեր։ Կլիման խիստ ցամաքային է։ Ձմեռը ցուրտ է, երկարատև։ Հունվարի միջին ջերմաստիճանը —20 °C-ից —44 °C է, հուլիսինը՝ 12—20 °C։ Տարեկան տեղումները արևելքում 200-350 մմ են, արևմուտքում՝ 400—500 մմ, Պուտորանա սարավանդում՝ 700—800 մմ։ Գետերը մեծ մասամբ ջրառատ, արագընթաց և սահանքավոր են։ Խոշոր գետերն են Ստորին Տունգուսկան, Պոդկամեննայա Տունգուսկան, Անգարան, Լենան՝ Վիլյույի հետ, խատանգան, Անաբարը։ Մեծ տարածում ունի բազմամյա սառածությունը։ Գերակշռում է տայգան՝ թույլ պոդզոլացած և ճմապոդզոլացած հողերով ու խեժափիճու անտառներով։ Հյուսիսում տարածված է լեռնային տունդրան։ Հարավում կան սոճու անտառներ և անտառատափաստանների «կղզիներ»։ Բնորոշ կենդանիներից են լեմինգը, բևեռաղվեսը, սպիտակ նապաստակը, հյուսիսային եղջերուն, որմզդեղնը, գորշ արջը և այլն։ Կան շատ թռչուններ, գետերը հարուստ են ձկներով։ Արդյունագործական նշանակություն ունեն սկյուռը, սամույրը, մշկամուկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 590)։