Միջազգային խնամակալություն
Միջազգային խնամակալություն, ինքնակառավարում չունեցող որոշ տարածքների կառավարման միջազգային համակարգ, ձևավորվել է 1939-1945 թվականներին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Միջազգային խնամակալության համակարգը տարածվում էր խնամակալության մասին համաձայնագրերով նրա մեջ ընդգրկվող տերիտորիաների, այդ թվում՝ Ազգերի լիգայի մանդատային տերիտորիաների, հիտլերյան կոալիցիայի պետություններից անջատված տերիտորիաների, ինչպես և այն տերիտորիաների վրա, որոնք համակարգի մեջ են մտցվել դրանց կառավարման համար պատասխանատու պետությունների կամավոր համաձայնությամբ։ Խնամակալական իշխանությունն իրականացվում է ՄԱԿ-ի անունից և նրա ղեկավարությամբ։ Ստրատեգիական համարվող տերիտորիաների խնամակալության բոլոր ֆունկցիաներն իրականացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, մյուս տերիտորիաների վերաբերյալ՝ Գլխավոր ասամբլեան, որին օգնում է այդ նպատակով ստեղծված հատուկ մարմինը՝ ՄԱԿ-ի խնամակալական խորհուրդը։ Մինչև 1950 թվականը Միջազգային խնամակալության համակարգի մեջ էին մտնում Տանգանիկան, Բրիտանական Կամերունն ու Բրիտանական Տոգոն (խնամակալը՝ Մեծ Բրիտանիա), Ֆրանսիական Կամերունն ու Տոգոն (Ֆրանսիա), Ռուանդա-Ուրունդին (Բելգիա), Նոր Գվինեան (Ավստրալիա), Արևմտյան Սամոան (Նոր Զելանդիա), Մարշալյան, Մարիանյան և Կարոլինյան կղզիները (ԱՄՆ), Նաուրու կղզին (Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա), Սոմալին (Իտալիա)։ Միջազգային խնամակալության մասին ՄԱԿ-ի կանոնադրությունը շարունակ խախտվել է, կառավարվող տերիտորիաները դիտվել են որպես կառավարող պետությունների անբաժանելի մասը, այդ տերիտորիաներում ստեղծվել են ռազմ, բազաներ ևն։ Միջազգային խնամակալությամբ կառավարվող երկրները մանդատային տերիտորիաներից էապես չէին տարբերվում։ Նրանց մեծ մասի բնակիչները զուրկ էին քաղ․ իրավունքներից։ Ազգային-ազատագրական շարժման ծավալման հետևանքով խնամարկյալ տերիտորիաների մեծ մասը ստացել է անկախություն։ Սոցիալիստական երկրները հետևողականորեն պայքարում էին գաղութատիրության բոլոր ձևերի վերացման համար։ Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն տալու մասին ՄԱԿ-ի ընդունած դեկլարացիայից (1960) հետո միջազգային խնամակալության համակարգը փաստորեն կորցրել էր նշանակությունը։ 1980 թվականի դրությամբ պահպանվում էր ինքնակառավարում չունեցող և խնամարկյալ 23 տարածք՝ 6, 2 միլիոն ընդհանուր բնակչությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարման ներքո՝ 7, Մեծ Բրիտանիայի՝ 13, Ավստրալիայի՝ 1, Նոր Զելանդիայի՝ 1, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության՝ 1։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 576)։ |