Միկրոնեզացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միկրոնեզացիներ, ազգակից ժողովուրդների խումբ (Կարոլինյան կղզիների լորուկացիները և պոնապեանցիները, Մարիանյան կղզիների չամարրոները, մարշալցիները, նաուրուացիները և այլն), Միկրոնեզիայի հիմնական բնակչությունը։ Թիվը՝ մոտ 450 հազար։ Բացի դրանից, մոտ 4 հազար միկրոնեզացիներ բնակվում են Մելանեզիայում։ Միկրոնեզացիների մարդաբանական տիպը ձևավորվել է մելանեզացիների, պոլինեզացիների և ինդոնեզացիների միասերումից։ Խոսում են մալայա-պոլինեզուական խմբին պատկանող լեզուներով։ Միկրոնեզացիների մոտ քրիստոնեությունը (առավելապես՝ բողոքականությունը) զուգակցվում է հնագույն տեղական հավատալիքների հետ։ Հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ և մրգատու ծառեր (գլխավորապես՝ կոկոսյան արմավենի) աճեցնելով։ Հողագործությունը թույլ է զարգացած։ Մինչ գաղութատիրությունը (XVI—XVII դդ․) հողը տնօրինում էր տոհմային վերնախավը։ Որոշ կղզիներում ձևավորվել էին դասակարգային հարաբերություններ։ Զգալի զարգացման էր հասել առևտրական փոխանակությունը (իբրև դրամ ծառայել են խեցիներն ու քարե սկավառակները)։ Գաղութարարների տիրապետության հետևանքով խիստ կրճատվեց միկրոնեզացիների թիվը։ Մարիանյան կղզիներում, դեռևս XVII դ․ միկրոնեզացիները գրեթե գլխովին ոչնչացվեցին կամ խառնվեցին եկվորներին։ Միկրոնեզացիները մղում են ազգային-ազատագրական պայքար։ 1968 թվականին Նաուրու կղզին դարձավ անկախ պետություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 545