Մեխանիկական երաժշտական գործիքներ
Մեխանիկական երաժշտական գործիքներ, տեխնիկական հարմարանքներով գործիքներ՝ երաժշտական երկն առանց կատարող երաժշտի վերարտադրելու համար։ Հնչյունների աղբյուր են փողերը (մեխանիկական երգեհոն, շարմանկա և այլն), լարերը (կսմիթային՝ մեխանիկական սպինետ, լարային՝ մեխանիկական ջութակ, հարվածային՝ մեխանիկական դաշնամուր և այլն)։ Մեխանիկական երաժշտական գործիքներում հազվադեպ են մեմբրանոֆոնները։ Երաժշտական երկի ամրագրումն ու վերարտադրումը կատարվում են գլանի, մետաղե սկավառակի և թղթե ծակոտաքարտի, ծակոտաժապավենի օգնությամբ[1][2], որոնք շարժման մեջ են դրվում հիդրավլիկ, պնևմատիկ, մեխանիկական, էլեկտրական և այլ միջոցներով։ Մեխանիկական գործիքով երաժշտություն նվագելու համար, ընդհանուր առմամբ, հատուկ երաժշտական գիտելիքներ չեն պահանջվում[2]։
Մեխանիկական սպինետը և թմբուկները վերափոխել է Լեոնարդո դա Վինչին 15-րդ դարի վերջին, իսկ դրանց հիմնական տեսակները կատարելագործվել են 18-րդ դարում և 20-րդ դարի սկզբին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեխանիկական երաժշտական գործիքների նախատիպերը այն գործիքներն են, որոնք հնչել են քամու (զանգակներ և այլն) և ջրի շարժման հետևանքով առաջացած էներգիայի (անտիկ հիդրավլոս) օգտագործմամբ։
Արևմտյան Եվրոպայում առաջին մեխանիկական երաժշտական գործիքները հայտնվել են 9-13-րդ դարերում. դրանք եղել են երգեհոնի նվագի ավտոմատ վերարտադրման գործիքներ և աշտարակի ժամացույցը խփող սարքը[3]։ 14-15-րդ դարերում հայտնի են դարձել զանգերը միացնող և դրանց վրա մեղեդիներ կատարող մեխանիզմները, իսկ 15-րդ դարի վերջին նման սարքերի մշակմամբ ստեղծվել է կարիլոնը։ Այս գործիքի տարբերակիչ առանձնահատկությունն է դարձել զանգի ավտոմատ համակարգի համադրությունը, որը կապված է աշտարակային ժամացույցի հետ, և մեխանիզմը, որը թույլ է տալիս ստեղնաշարի միջոցով նվագել կարիլոն[4]։
16-րդ դարում Աուգսբուրգի վարպետ Սամուել Բիդերմանի ջանքերի շնորհիվ մեխանիկական սպինետները տարածվել են ամբողջ Եվրոպայում։ Այս գործիքի մեխանիզմի հիմնական տարրը փայտե լիսեռն էր՝ դրա մեջ մխրճված անգլխիկ գամերով, որը շարժման մեջ էր դրվում ատամնավոր հաղորդակի և բռնակի միջոցով[5]։ Նման գլանաձև մեխանիզմներ օգտագործվել են երաժշտական ավտոմատների մեծ մասում մինչև 18-րդ դարի կեսերը, երբ գլանաձև լիսեռների հետ միասին տարածվել են անգլխիկ գամերով սկավառակները[1].
Մինչև 18-րդ դարի վերջը մեխանիկական գործիքները տարածված են եղել առավելապես Եվրոպական ազնվականության շրջանում. այդ ժամանակ երաժշտական ավտոմատները հաճախ կառուցված էին թռչունների, կենդանիների և երաժիշտների տեսքով[1][6]։ 18-րդ դարում մեխանիկական գործիքների համար պիեսներ ստեղծել են Յոզեֆ Հայդնը և Գեորգ Հենդելը, որոնք գրել են երաժշտական ժամացույցների համար, և Կառլ Ֆիլիպ Էմանուել Բախը, որը ստեղծագործել է մեխանիկական երգեհոնի և ցիտրայի համար[7]։
19-րդ դարի սկզբից զանգվածային տարածում է ստացել երաժշտական արկղիկը, որը 18-րդ դարի վերջին հայտնագործվել էր Շվեյցարիայում[6][8]։ Նոր մեխանիկական գործիքի արտադրության կենտրոններ են դարձել Ժնևը և Սենտ Կրուան (Շվեյցարիա)[9], որտեղից երաժշտական արղիկներն արտահանվել են Անգլիա և Ֆրանսիա[6]։ 19-րդ դարի մեկ այլ նորամուծություն էր մեխանիկական դաշնամուրը։ 1846 թվականին առաջին նման գործիքը սարքել է փարիզցի վարպետ Ալեքսանդր Դեբենը. սարքը, որը կոչվում էր «անտիֆոնել», մեխանիկական գործիք էր, որը կարող էր կցվել դաշնամուրի կամ ֆիսհարմոնիայի ստեղնաշարին[10]։
Այդ գործիքների համար երկեր են գրել Յ. Հայդնը, Վ. Ա. Մոցարտը, Լ. վան Բեթհովենը, Ի. Ֆ. Ստրավինսկին և ուրիշներ։
Մեխանիկական երաժշտական գործիքները գործածությունից դուրս են եկել 1930-ական թվականներին՝ պայմանավորված ձայնագրման զարգացմամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Механические музыкальные инструменты // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ 2,0 2,1 Bowers, 1974, էջ 947
- ↑ Зимин, 1968, էջ 148
- ↑ Гусева А. Н. Искусство карильона: исторические истоки // Старинная музыка. — 2012. — № 1—2. — С. 23—24. — 23—27 с. — ISSN 1999-6810.
- ↑ Зимин, 1968, էջ 148—149
- ↑ 6,0 6,1 6,2 Bowers, 1974, էջ 10
- ↑ Ord-Hume, 1983, էջ 189
- ↑ «Music box». Encyclopædia Britannica (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Bowers, 1974, էջ 19
- ↑ Зимин, 1968, էջ 153—154
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зимин П. Н. История фортепиано и его предшественников. — М.: Музыка, 1968. — 215 с.
- Bowers Q. D. Encyclopedia of Automatic Musical Instruments. — New York: Vestal Press, 1974. — 1008 p. — ISBN 9780911572087
- Ord-Hume A. W. J. G. Musical Box: A History and Collector's Guide. — G. Allen & Unwin, 1980. — 409 p. — ISBN 004789007X
- Ord-Hume A. W. J. G. Ornamentation in Mechanical Music :
[անգլ.] // Early Music. — Oxford University Press, 1983. — Vol. 11, № 2 (April). — P. 185—193. — .
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |