Jump to content

Մարդը, որը ծիծաղում էր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդը, որը ծիծաղում էր
ՀեղինակՋերոմ Դեյվիդ Սելինջեր
Տեսակհոդված
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն

«Մարդը, որը ծիծաղում էր» (անգլ.՝ The Laughing Man), Ջ. Դ. Սելինջերըի կարճ պատմվածքը։ Այն առաջին անգամ հրապարակվել է The New Yorker ամսագրում 1949 թվականի մարտի 19-ին, ինչպես նաև ընդգրկվել է Սելինջերի «Ինը պատմվածք» (Nine Stories) պատմվածքների ժողովածուում[1]։ Պատմվածքը պատմություն է պատմվածքի ներսում և թեմատիկորեն վերաբերում է նարատիվի (պատումի) և պատմողի հարաբերությանը, ինչպես նաև երիտասարդության ավարտին։ Պատմվածքը ներշնչված է Վիկտոր Հյուգոյի 1869 թվականին հրատարակված «Մարդը, որ ծիծաղում է» (L'homme qui rit) վեպից։

Անանուն պատմողը վերհիշում է իր փորձառությունները, երբ ինը տարեկան էր և Նյու Յորքում 1928 թվականին անդամակցում էր Կոմանչների ակումբին։ Ակումբի ղեկավարը, որը հայտնի է որպես «Առաջնորդ», Նյու Յորքի համալսարանի իրավունքի բաժնի ուսանող է, որը, թեև չի աչքի ընկնում ֆիզիկական գեղեցկությամբ, պատմողի համար գեղեցիկ է թվում։ Նա մեծ հարգանք է վայելում իր խմբի անդամների շրջանում իր մարզական ուժի և պատմելու ունակության համար։

Ամեն օր, երբ խումբն ավարտում է իր գործունեությունը, Առաջնորդը հավաքում է տղաներին՝ ներկայացնելու շարունակվող պատմության հաջորդ մասը, որը վերաբերում է համանուն «Ծիծաղող մարդուն»: Պատմության մեջ, որը ներկայացվում է որպես սերիալ արկածային վեպ, Առաջնորդի պատմությունը նկարագրում է «Ծիծաղող մարդուն» որպես միսիոներների երեխա, որը Չինաստանում բանդիտների կողմից առևանգվել է։ Նրանք խեղել են նրա դեմքը՝ սեղմելով այն սեղմակով, և նա ստիպված է լինում դիմակ կրել, բայց փոխհատուցվում է՝ լինելով խորապես աթլետիկ, ինչպես նաև՝ մեծ հմայք և կենդանիների հետ խոսելու ունակություն ունեցող մարդ:

Պատմողը ամփոփում է Առաջնորդի պատմած արկածների ավելի ու ավելի ֆանտաստիկ դրվագները՝ ներկայացնելով նրան որպես կոմիքսների հերոս, որը «հանցագործություններ է գործում Չինաստան-Փարիզ սահմանին» և ծաղրում իր գլխավոր թշնամուն՝ Մարսել Դյուֆարջին, որը միջազգային հայտնի դետեկտիվ է և խելացի «թոքախտավոր»:

Ժամանակի ընթացքում Առաջնորդը մտերմանում է երիտասարդ կնոջ՝ Մերի Հադսոնի հետ, որն Ուելսլի քոլեջի ուսանողուհի է և նկարագրվում է որպես շատ գեղեցիկ և մարզական ունակություններով օժտված։

Երբ Առաջնորդի հարաբերությունները Մերիի հետ վերելքներ և անկումներ են ապրում, նույնը տեղի է ունենում նաև «Ծիծաղող մարդու» բախտի հետ։ Մի օր Առաջնորդը ներկայացնում է մի դրվագ, որտեղ «Ծիծաղող մարդը» հայտնվում է իր գլխավոր թշնամու ձեռքին՝ կապված ծառին և մահվան վտանգի տակ։ Այնուհետև Առաջնորդը ավարտում է դրվագը ամենավտանգավոր պահին՝ անորոշության մեջ թողնելով տղաներին։ Դրանից հետո Առաջնորդը տղաներին տանում է բեյսբոլի դաշտ, որտեղ հայտնվում է Մերի Հադսոնը։ Առաջնորդը և Մերին զրուցում են տղաների լսողությունից դուրս, այնուհետև վերադառնում միասին, բայց հուզված։ Առաջնորդը բռնում է Մերիի թևը, բայց նա փախչում է, և պատմողը նրան այլևս չի տեսնում։

Վերադառնալով ավտոբուս՝ Առաջնորդը վատ տրամադրության մեջ է և պատմում է պատմության վերջին մասը։ Նա արհամարհական ձևով սպանում է հիմնական թշնամիներին և «Ծիծաղող մարդու» ճակատագրական ընկերոջը, ապա սպանում է նաև «Ծիծաղող մարդուն», ինչը մեծ ցավ է պատճառում Կոմանչներին։

Էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելինջերը հակված չէր իր ստեղծագործությունների էկրանավորմանը։ Այնուամենայնիվ, նա հանձնարարել էր իր գրական գործակալության՝ Harold Ober Associates-ի ժամանցային արտոնագրերի բաժնին իր պատմությունը ուղարկել պրոդյուսերներին՝ հնարավոր ֆիլմային գործարքի համար: Այս քայլը պայմանավորված էր ֆինանսական անհրաժեշտությամբ, բայց հետաքրքրված կողմերը միայն ցանկություն էին հայտնել էկրանավորել նրա «Փրկիչը տարեկանի արտում» վեպը[2]։

2002 թվականին իսպանացի ռեժիսոր Խ․ Ա․ Բայոնան թողարկեց «El Hombre Esponja» կարճամետրաժ ֆիլմը՝ Սելինջերի «Մարդը, որը ծիծաղում էր» պատմվածքը նշելով որպես ոգեշնչման աղբյուր։ Ֆիլմում «Առաջնորդը» (պատմությունը տեղի է ունենում 1980-ական թվականների Իսպանիայում) պատմում է սուպերհերոս «Սպունգ մարդու» (“Sponge-Man”) մասին, որը երբեք չի արտասվում, քանի որ իր ուժերի շնորհիվ իր մարմնում պահում է վերջին արցունքը։ Նրա թշնամին է «Սոխուհին» (Oniongirl), իսկ գլխավոր հերոսին ևս սպանում են կնոջ՝ Սոկորո Սորիանոյի հետ զրույցից հետո: Երեխաներն այս ֆիլմում նույնպես Կոմանչներ են[3]:

Հղումներ այլ մեդիաներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ghost in the Shell: Stand Alone Complex» անիմե սերիալի առաջին սեզոնում «Մարդը, որը ծիծաղում էր» գործը հիմնական սյուժետային գիծ է, որը ներառում է հղումներ Ջ․ Դ․ Սելինջերի պատմվածքներին[4]:

Ուիթ Սթիլմանի «The Last Days of Disco» (1998) ֆիլմում Ալիս անունով կերպարից հարցնում են, թե ինչ գիրք կցանկանար հրատարակել: Նա պատասխանում է՝ Ջ․ Դ․ Սելինջերի պատմվածքների նոր գիրք, ավելի շատ «Մարդը, որը ծիծաղում էր» կամ «Ծպեղները բարձր, ատաղձագործներ» գրքերի նման[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. J. D. Salinger. Nine Stories. Little, Brown & Co. 1991
  2. Lathbury, Roger (February 20, 2011). «Kenneth Slawenski's biography of J.D. Salinger». The Washington Post. Վերցված է 2012-09-21-ին.
  3. El Hombre Esponja(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  4. «Shout Out / Ghost in the Shell: Stand Alone Complex». Վերցված է 2020-05-15-ին.
  5. «The Last Days of Disco». Chloë Sevigny Online (ամերիկյան անգլերեն). 2015-06-07. Վերցված է 2022-07-13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]