Մասնակից:Son Melkumyan/Զաբել թագուհու վերադարձը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Son Melkumyan/Զաբել թագուհու վերադարձը
Ծանոթագրություններ

«Զաբել թագուհու վերադարձը», նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավ: Նկարվել է 1909 թվականին, այժմ պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում մշտական ցուցադրությամբ[1]: Կտավը ներկայացնում է Կիլիկիայի հայկական թագավորության մեջ նշանակալի դեր խաղացած Զաբել թագուհու կերպարը: Սուրենյանցի՝ պատմական թեմատիկայով ստեղծված բարձրարվեստ կտավներից մեկն է:

Ուշագրավ է, որ նկարը հայտնի էր նաև «Զաբել թագուհու թագադրությունը» անվան տակ, սակայն նկարում կատարվող գործողությունը բոլորովին այլ դեպքերի մասին է պատմում: Նկարում առկա են թագավորական գահանշանների հիմնական էլեմենտները, նշանակում է Զաբելն արդեն թագուհի է: Այդ հաստատում են նաև պատմիչները, որոնց վկայությամբ Զաբելին թագադրել են 1219 թվականին, այսինքն երբ նա դեռևս մանուկ էր[2]:

Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի կենտրոնական կերպարը Կիլիկիայի հայկական թագավորության թագուհի Զաբելն է: Լևոն 2-րդի դուստրն է, նա հոր կամքով կարգվում է գահաժառանգ, և քանզի մանկահասակ էր, նրա խնամակալ է դառնում Կոստանդին Գունդստաբլը։ Լևոև 2-րդի մահից հետո Կիլիկիայի իշխանները 1222 թվականին Զաբելին կնության են տալիս Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպին՝ վերջինիս հանձնելով հայկական գահը[3]։ Շուտով Ֆիլիպն աչքի է ընկնում հակահայ հայացքներով, ի վերջո հայ ֆեոդալների կողմից նա բանտարկվում է ու արտաքսվում երկրից: Զաբել թագուհին, անսահման վշտի մեջ թողնում է աշխարհիկ կյանքն ու գնում է Սելևկիա, ուր որոշում է դառնալ վանքի մայրապետ: Կոստանդին Գունդստաբլն ու հայ իշխանները հորդորում են Զաբելին ամուսնանալ Կոստանդինի որդու՝ Հեթումի հետ և խնդրում վերադառնալ Սիս: Հակառակ իր կամքի Զաբելն ընդունում է իշխանների առաջարկը: Այս վերադարձն էլ պատկերված է Սուրենյանցի կտավում[2]:

Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ: Նրա նախաձեռնությամբ Սիս մայրաքաղաքում 1241 թվականին կառուցվել է հիվանդանոց[4]: Զաբելը հմուտ է եղել ուսման և գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238 թվականին հովանավորել է Անդուլ մենաստանի վերակառուցումը, Սսում կառուցել Կաթողիկե և Ս. Մարինե եկեղեցիները: Պահպանվել են Զաբելի և Հեթում 1-ինի պատկերներով դրամներ[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զաբել թագուհու վերադարձը» ստեղծագործությունն իր հորիվածքային որոշ տարրերով, կերպարների դասավորությամբ, հորիզոնական դեպի դիտողն ուղղված և ճարտարապետությամբ սահմանափակված հորինվածքով, թերևս, հիշեցնում է Ջոտտոյի «Սուրբ Ֆրանցիսկը Սուլթանի առջև» որմնանկարը: Սուրենյանցի նկարում անկյունագծերի հատումներն աջ կողմում կազմում են նաժիշտի գլխի գագաթը, ձախում՝ Զաբելի ձեռքը, նրա գլխավերևն ու հագուստի ստորին մասը[5]:

Զաբելի սլացիկ հասակը, կիսաթեք գլուխը, կրծքին դրած ձեռքը, կիսախուփ աչքերը անհուսալիություն և անզորություն են արտահայտում: Սպասուհիները ծնկի են եկել, խոնարհվել իրենց թագուհու առջև: Որպես բռնության խորհրդանիշ, դռների մոտ կանգնած են սպառազեն երկու զինվորներ: Սառը, միապաղաղ հատակը, միօրինակ կամարները և կանաչ վարագույրով ծածկված մռայլ հեռուն լրացնում են Զաբելի կերպարը, որոնց միջոցով նա դառնում է ավելի արտահայտիչ, զուսպ և ինքնամփոփ[2]:

Կոմպոզիցիայի կառուցման ժամանակ նկարիչն առաջնորդվում է ուղղահայաց և զուգահեռ գծերի սկզբունքով: Այդ հարցում օգնության են գալիս նաև նույն ձևով դրված գունային գծերը: Դա հատուկ երաժշտականություն է հաղորդում նկարին և միաժամանակ փոքր չափի աշխատանքը դարձնում մեծակտավ ստեղծագործություն[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սուրենյանց Վարդգես Հակոբի. {{cite book}}: Text "Զաբել թագուհու վերադարձը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ղազարյան, Մանյա (1960). Վարդգես Սուրենյանց/Մենագրություն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 «Զաբել թագուհի». www.historyofarmenia-am.armin.am. Վերցված է 2022-06-28-ին. {{cite web}}: Text "historyofarmenia.am.am" ignored (օգնություն)
  4. «Զաբելը՝ Կիլիկիայի հայոց թագուհի» (PDF). Հ.Օ.Մ./1910. 2015.
  5. Զոհրաբյան, Շուշանիկ (2014). Վարդգես Սուրենյանցի նկարների կոմպոզիցիոն-տարածաչափական առանձնահատկությունները (PDF). Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]