Մասնակից:Son Melkumyan/Ավազարկռակադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Son Melkumyan/Ավազարկռակադա

Ռակադա (արաբ․՝ رقّادة‎‎), 9-րդ դարում ղեկավարած Աղլաբիների դինաստիայի երկրորդ մայրաքաղաքը, գտնվում է Թունիսի Կայրուան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք։ Այժմ Ռակադայի տեղում գտնվում է Իսլամական արվեստի ազգային թանգարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

876 թվականին Աղլաբիների պետության 9-րդ էմիր Իբրահիմ II իբն Ահմադը անհրաժեշտ գտավ իր նստավայրը տեղափոխել Ալ-Աբասիյա քաղաքից, նոր քաղաքն ընդգրկում էր մի շարք պալատներ և մզկիթ։ Աղլաբիները հիմնադրեցին նաև տեքստիլի և թղթի գործարաններ՝ աջակցելու համար Բեյթ ալ-Հիքմա իսլամական համալսարանին։ Այդ ժամանակ, Ռակադան դարձավ ավելի մեծ քաղաք, քան Կայրուանը[1]։ 909 թվականին Ֆաթիմյան դինաստիայի հիմնադիր Աբդուլլահ ալ-Մահդի Բիլլահը, ով տեղափոխվել էր Կայրուան, հաստատվեց Ռակադայում։ Նա ընտրեց այլ մայրաքաղաք և կառուցեց Մահդիա քաղաքը, 909-ին հռչակեց իրեն իմամ[2]։

969 թվականի հուլիսի 7-ին Ֆաթիմյան 4-րդ խալիֆ Ալ-Մուիզ Լիդինիլլահի զորքերը մտնում են Ֆուստատ։ Խալիֆը հիմնադրում է նոր քաղաք Կահիրեն, որը դառնում է նոր մայրաքաղաք։ Կահիրեի կառուցումից հետո Ռակադան ավերվում է[3]։ 1960 թվականից հետո, Ռակադայում կառուցվում է նախագահական պալատ, որի ավերակները այժմ էլ տեսանելի են, հենց այդ պալատի տեղում էլ 1986 թվականից գործում է Ռակադայի Իսլամական արվեստի ազգային թանգարանը[4]։ Վաղ 1960-ականներին իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են խեցեղենի նմուշներ, բեկորներ, տանիքի մետաղական սալիկներ՝ զարդարված ծաղկային և բուսական տերևներով[5]։

Հնագիտական պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռակադայի պատմական պալատների ավերակները պեղվել են միայն մասնակիորեն[6]։ Միայն 25 ավերակներ հայտնաբերվել են 9 քառ․ կիլոմետրի վրա, ինչը փաստում է, որ քաղաքը աճել է բավական արագ տեմպերով[7]։ Այդ հատվածում հայտնաբերվել են փորագրված դեկորատիվ սալիկներ, որոնք ժամանակագրորեն համապատասխանում են Իրաքյան Սամարրա քաղաքի փորագրական նմուշների հետ։

Ռակադայի հնագույն պալատի ավերակները

Հնագիտական ուսումնասիրության է ենթարկվել միայն մեկ կառույց։ Այն կառուցված է եղել աղյուսից և անցել է շինարարության և ընդլայնման մի քանի էտապներ։ Սկզբնապես պալատը ունեցել է քառակուսի հատակագիծ՝ 55x55 մետր չափերով, որն արտաքնապես ամրացվել է կլոր աշտարակներով։ Նմանատիպ աշտարակներով պատերը բնորոշ էին հռոմեական ճարտարապետության մեջ տարածված կաստրում ոճին, օրինակներ կան նաև իսլամական ճարտարապետության մեջ[7]։ Պալատն ուներ կենտրոնական հավասարանկյուն բակ, որը շրջապատված էր մի շարք կառույցներով, այդ թվում ընդունելության սրահը։ Հատակագծի ուսումնասիրության հիման վրա պատմական աղբյուրները այս պալատը դասում են Կասր աշ-Շան (թարգմանաբար՝ Բակի պալատ) ոճի պալատների շարքին[7]։ Մուտքը բացված էր հարավային մասից, իրենից ներկայացնում էր կոր հատակագծով միջանցք, ինչը դարձել էր տարածված երևույթ Աբբասյանների ժամանակ, մուտքը տանում էր միանգամից դեպի բակ։ Բակի կենտրոնում տեղադրված էր մեծ կոնտեյներ, որտեղ հավաքում էին անձրևաջուրը հետագա օգտագործման համար։ Ընդունելության սրահը՝ հարավային հատվածում ուներ քառակուսի հատակագիծ և բաժանված էր երեք նավի։ Ոչ մեծ աբսիդը՝ սրահի հետևի մասում, հավանաբար ցույց էր տալիս էմիրի գահի տեղը[7]։ Բազիլիկ սրահների նմանատիպ հատակագիծը դարձել էր կառուցման մշտական ոճ արևմտյան իսլամական աշխարհի պալատական ճարտարապետության մեջ[8]։ Շինարարության ավելի ուշ շրջանում, պալատի տարածքն ընդլայնվեց՝ հասնելով 105x105 չափերի։ Ավելացված հատվածը լցվեց բնակելի կառույցներով։

Հյուսիսարևելյան հատվածում գտնվել է մեծ քառանկյուն լողավազան։ Հավանաբար այն օգտագործվել է ջրի պաշարների հավաքման և ոռոգման նպատակներով։ Պատմական աղբյուրներում նկարագրվող 9 պալատներից մեկը եղել է Կասր ալ-Բահրը, որ թարգմանաբար նշանակում է Ծովի պալատ, ինչը ցույց է տալիս, որ այն ունեցել է ջրի մեծ պաշարներով լողավազաններ[8]։ Այս պալատը դեռևս չի հայտնաբերվել, սակայն վերոհիշյալ քառանկյուն լողավազանին կից ավերակները կարող են իդենտիֆիկացվել որպես այս պալատի առանձին հատվածներ։ Մյուս պալատը Կասր ալ-Ֆաթհն է, թարգմանաբար՝ Հաղթանակի պալատ, եղել է էմիր Իբրահիմ 2-րդի նստավայրը, սակայն այն ևս չի գտնվել։

Իսլամական արվեստի ազգային թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեցեղենի նմուշներ

Թանգարանը մասնագիտացած է միջնադարյան իսլամական արվեստի մեջ և ներառում է ցուցանմուշներ Կայրուանից, Ռակադայից և Ֆաթիմյանների կառուցած Ալ-Մանսուրիյա քաղաքից[4]։ Մուտքը դեպի Կայրուանի Մեծ մզկիթ իրենից ներկայացնում է միհրաբի նմուշ, հաջորդ սրահում հավաքված է խեցեղենի հավաքածու, որը թվագրվում է 9-10-րդ դարերով[9]։ Մյուս սենյակը ներառում է տարբեր ժամանակաշրջանների մետաղադրամների հավաքածու, որը բնորոշում է Աղլաբիների պետության տնտեսության պատմությունը ավելի քան 6 հարյուրամյակի ընթացքում։ Ամենալայն հավաքածուն ընդգրկում է Ղուրանի կալիգրաֆիան, ձեռագրերի և էջերի հավաքածու, որը սկզբնապես պատկանել է Կայրուանի Մեծ մզկիթի գրադարանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Le musée national d'art islamique de Raqqâda». kairouan.org. Վերցված է 2023-05-16-ին.
  2. Islam, l'avenir de la tradition : entre révolution et occidentalisation. Essai, éd. Le Rocher. Paris. 2008. էջ 195. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Janine et Dominique Sourdel (2004). Dictionnaire historique de l'islam. Paris: French & European Pubns. էջ 702.
  4. 4,0 4,1 Gaultier-Kurhan, Caroline (2001). «Le patrimoine culturel africain» (ֆրանսերեն). Maisonneuve et Larose. Վերցված է 2023-05-16-ին.
  5. Éric Delpont (2000). Les Andalousies de Damas à Cordoue : exposition présentée à l'Institut du monde arabe du 28 novembre 2000 au 15 avril 2001, éd. Paris. էջ 194.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Bloom, Jonathan M. (2020-06-30). «Architecture of the Islamic West: North Africa and the Iberian Peninsula, 700-1800» (անգլերեն). Yale University Press. Վերցված է 2023-05-16-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Arnold, Felix (2017). «Islamic Palace Architecture in the Western Mediterranean: A History» (անգլերեն). Oxford University Press. Վերցված է 2023-05-16-ին.
  8. 8,0 8,1 Arnold, Felix (2017). «Islamic Palace Architecture in the Western Mediterranean: A History» (անգլերեն). Oxford University Press. Վերցված է 2023-05-16-ին.
  9. «Discover Islamic Art - Virtual Museum». islamicart.museumwnf.org. Վերցված է 2023-05-16-ին.